Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀ Է ԼԻՆՈՒՄ՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՋՆԵԼ ԴԻՐՔԵՐԻՑ...
ՊԱՀ Է ԼԻՆՈՒՄ՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՋՆԵԼ ԴԻՐՔԵՐԻՑ…

ՊԱՀ Է ԼԻՆՈՒՄ՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՋՆԵԼ ԴԻՐՔԵՐԻՑ... Մարտական հերթապահություն կատարող զինվորների հետ հանդիպելու անհագ ցանկությունն ինձ կրկին սահման է տանում: Շտապում եմ օր առաջ լինել անսահման արիությամբ ու հերոսությամբ հայրենիքի սահմանները գծած, ժամանակի և տարածության բոլոր արգելքները հաղթահարած զինվորների մոտ՝ կանգնելու նրանց կողքին՝ մարտական դիրքերում: Եվ ինձ ուղեկցող փոխգնդապետը, նկատելով անհանգստությունս, հարցրեց.

– Երևի վաղուց չես եղել այս կողմերում:

– Վերջին անգամ՝ ապրիլ ամսին,- պատասխանեցի:

Վարորդին հորդորելով դիտարկվող հատվածներում մեքենան հնարավորինս արագ վարել՝ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Աղաբեկյանը հընթացս ներկայացրեց իրադրությունը սահմանի այն հատվածում, որի պահպանությունը վստահված է իրենց զորամասին:

-Օր չկա, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը չխախտի ամենատարբեր զինատեսակներից արձակած կրակոցներով: Սակայն հակառակորդի նման սադրիչ վարքագիծը սաստում են մեր առաջապահ ստորաբաժանումները եւ վստահորեն իրականացնում են մարտական հերթապահությունը:

ՊԱՀ Է ԼԻՆՈՒՄ՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՋՆԵԼ ԴԻՐՔԵՐԻՑ... Հերթական խոր ջրափոսը հաղթահարելուց հետո մեքենան ելավ լանջն ի վեր և կանգ առավ գետնատնակի դիմաց: Անմիջապես ընդառաջ եկած ավագ սերժանտը փոխգնդապետին զեկուցեց, որ հակառակորդի կողմից ոչ մի ոտնձգություն չի եղել: Իրավիճակը անփոփոխ է:

Դիրքի ավագ, պայմանագրային սերժանտ Գոռ Աղաբեկյանի ուղեկցությամբ շարժվում ենք առաջնագիծ: Հողաթմբերով պաշտպանված, մարդահասակ խրամատով քայլում ենք առաջ: Կատարված ամրաշինական և ինժեներական հսկայածավալ աշխատանքները, դիտարկման համար կառուցված խրամուղիներն ու  խրամաբջիջները, հակառակորդի հրետանու կրակից պաշտպանվելու համար կառուցված խրամաճեղքերը առաջնագծում ծառայությունը դարձրել են է՛լ ավելի ապահով: Մեր և հակառակորդի դիրքերի միջև հեռավորությունը սահմանի այս հատվածում 300-ից 350 մետր է, ինչը  մեր դիրքապահներին ավելի զգուշավոր ու զգոն է դարձրել: Առաջին դիտակետում մարտական հերթապահություն կատարող ավագ դիտորդ, կրտսեր սերժանտ Սերգեյ Մարգարյանը ծնունդով Օձունից է: Ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետը, ընդունվել մագիստրատուրա, որից հետո զորակոչվել է բանակ: Բժիշկ-դիրքապահը ծառայության մեկ տարվա ընթացքում աչքի է ընկել բարձր կարգապահությամբ ու մասնագիտական պատրաստվածությամբ՝ իրեն գերազանց դրսևորելով նաև առաջնագծում մարտական հերթապահություն կատարելիս: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Աղաբեկյանը խոստացավ զորամասի հրամանատարի մոտ միջնորդել դիրքապահ  սերժանտին՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրելու համար:

-Բանակ գալուց առաջ ծառայության մասին ունեցած պատկերացումներս իրականությանը մոտ էին: Գիտեի, որ շատ դժվարություններ եմ ունենալու,- ինձ հետ անկեղծանում է Սերգեյը: -Սակայն բանակային կյանքում երկու բան կա, որ ամենից շատ է ոգևորում ու գոտեպնդում  զինվորին. առաջինը՝ հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սերը, և երկրորդ՝ բանակային ընկերությունը: Ծառայությանս տասնմեկ ամիսների ընթացքում արդեն ձեռք եմ բերել հզոր ընկերներ, բայց մտքովս չէր անցնի, որ նրանցից մեկը հենց իմ դասակի, հիմա արդեն վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Իսոյանը կլինի: Մենք հասակակիցներ ենք: Ինքը՝ հրամանատար, ես՝ զինվոր, և մեր ընկերությունը ամենևին էլ չի խանգարում ծառայությանը: Ինչպես ասում են՝ ընկերությունը` ընկերություն, բայց ծառայությունը մնում է ծառայություն:  Նա հայ սպայի ազնիվ ու քաջ տեսակ է, վայելում է թե՛ զինվորների և թե՛ հրամանատարների հարգանքը: Ամենադժվար պահին զինվորի կողքին է: Սպայի այս տեսակն էլ է զինվորին դրդում ծառայելու անմնացորդ ու նվիրումով:

ՊԱՀ Է ԼԻՆՈՒՄ՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՋՆԵԼ ԴԻՐՔԵՐԻՑ... Ծառայությունն այստեղ այնպես չէ, ինչպես խորհրդային տարիներին, երբ թևավոր խոսք էր դարձել՝ «զինվորը քնած է, իսկ ծառայությունը գնում է» արտահայտությունը: Առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորի յուրաքանչյուր օրը հերոսություն է, որը բառերով անգամ դժվար է նկարագրել: Մի քանի ժամ նրանց կողքին լինելն էլ բավական է՝ համոզվելու, որ այս խոսքերը բացարձակ ճշմարտություն են:

Մարտական հերթափոխի մյուս դիտորդը շարքային Հրանտ Մանուկյանն է, որը մեր այցի պահին դիտարկում էր կատարում: Իրադրությունը զեկուցելուց հետո աչալուրջ դիտորդը կրկին հեռադիտակը մոտեցրեց աչքերին`  դիտաճեղքից շարունակելով զննել հանդիպակաց բլրազանգվածը:

– Յուրաքանչյուր հինգ, տասը րոպեն մեկ դիտարկում ենք,- մի պահ հայացքը մեր կողմը շրջելով՝ ասաց նա:

Փորձառու դիտորդը աչքը չէր կտրում հակառակորդի դիրքերից:

– Հը, ինչ-որ բա՞ն ես նկատել,- հետաքրքրվեց դիրքի ավագը:

– Երկու զինվոր երևացին, հետո անցան գետնի տակ,- ժպտալով պատասխանեց շարքային Մանուկյանը:

Դիմացս՝ ձյան ճերմակով ծածկված բլրի վրա, սև օձի նման գալարաձև ձգվում էր թշնամու խրամատը` բծերի նմանվող իր սևագլուխ խրամաբջիջներով:

– Թշնամու դիրքերն են: Մեր դիրքերն ավելի իշխող են: Բոլոր բարձունքները մեր ձեռքում են, և մենք հակառակորդին վերևից ենք հսկում:

– Հակառակորդն ավելի շատ ե՞րբ է ակտիվանում, -հետաքրքրվում եմ:

– Գիշերային ժամերին: Հիմա ակտիվացել են հատկապես դիպուկահարները: Գիշերները հաճախ է հակառակորդը խաբուսիկ հնարքներով` լացող երեխայի, կենդանիների ձայներով փորձում շեղել մեր ուշադրությունը, սակայն ապարդյուն: Մենք մարտական հերթապահությունը կատարում ենք վերին աստիճանի զգոն և ուշադիր: Մեր աչքից, մեր լսողությունից ոչինչ չի վրիպում, պարոն մայոր, վստահեցրեց դիտորդ, շարքային Մանուկյանը, որի հերթափոխի ավարտին մնացել է երկու օր:

-Կիջնեմ դիրքերից, կհանգստանամ երկու շաբաթ և նորից կբարձրանամ դիրքեր: Ինչքան էլ դժվար է, բայց պահ է լինում՝ չեմ էլ ուզում գնալ այստեղից,- անկեղծանում է քաջ դիրքապահը:

-Ես նույնպես ուզում եմ մնալ ձեզ մոտ, լինել ձեր կողքին, գոնե մի բանով թեթևացնել ձեր հոգսը,- անկեղծանում եմ:

Երբ ավարտել էի աշխատանքս ու մեր հերոսներին մնաս բարով ասելով իջել էի դիրքերից, միտքս եկավ ականավոր պետական-ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հետևյալ միտքը, որ ոչ միայն հրաշալի բնութագրում է սահմանում դժվարին ու հերոսական ծառայություն կատարող զինվորին, այլ նաեւ կարծես հենց նրա համար է ասված. «Այսօր բոլոր առումներով ունենք իր նախնիներին գերազանցելու ձգտում ունեցող զինվոր, իր զենքի ու բազկի ուժին ապավինող զինվոր»:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` հեղինակի