Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»
«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»

«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»2014-2016թթ. մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության ժամանակ վիրավորված՝ առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին Ամանորից առաջ իր աջակցությունն ու զորակցությունն է ցուցաբերում «Նվիրում» բարեգործական հիմնադրամը: Անցած ութ ամիսների ընթացքում հիմնադրամի ջանքերով հանգանակված շուրջ 4 միլիոն դրամը կտրամադրվի առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 16 զինծառայողների:

«Նվիրում» հիմնադրամն ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նպատակը մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին և նրանց հարազատներին աջակցելն ու սատարելն է: Հիմնադրամի կարգախոսն է՝ «Նվիրում՝ նվիրյալներին»: Առաջին աջակցությունը հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տրամադրելը հենց այդ սոցիալական խմբի առավել խոցելի լինելու հանգամանքով է պայմանավորված:

Առաջին իսկ այցերը եղան ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և «Արթմեդ» բժշկական կենտրոն, որտեղ ապաքինվում են քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած և ներկայումս վերականգնողական բուժում ստացող զինծառայողները:

Դեկտեմբերի 21-ին բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը այցելեցին վերականգնողական բուժում ստացող զինծառայողներ Ռոլանդ Սահակյանին ու Ավետիս Զարգարյանին: Շարքային Ռոլանդ Սահակյանը երկու ամսվա ծառայող էր, երբ ապրիլի 4-ին՝ մարտի ժամանակ, կրծքավանդակի եւ որովայնի հրազենային-բեկորային վիրավորում ստացավ: Նա դեռ չի կարողանում քայլել, տեղաշարժվում է միայն անվասայլակի օգնությամբ, բայց լավատես է.

-Ես անպայման կառողջանամ, ոտքի կկանգնեմ, որից հետո կփորձեմ ընդունվել համալսարան, ավարտելուց հետո էլ լավ աշխատանք գտնել: Այս վիճակում չէի ուզենա ուսում ստանալ: Լրիվ կվերականգնվեմ, նոր,-վստահաբար ասում է Ռոլանդը:

«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»Ռոլանդ Սահակյանի բուժման հեռանկարները մասնագետները միանշանակ չեն գնահատում: Ոտքերի զգայնությունը վերականգնելու համար ամեն օր աշխատում է ֆիզիոթերապևտը, սակայն Ռոլանդը արտասահմանյան մասնագետների լուրջ զննման ու աջակցության կարիք ունի:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Ռոլանդին խորհուրդ տվեց ուսման համար դիմել հենց հիմա, քանի որ հնարավոր է՝ ուսումնառության ժամանակ, նոր մթնոլորտում ապաքինումն ավելի արագ ընթանա: Նա շեշտեց, որ Հայաստանում ստեղծված են համապատասխան պայմաններ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, և պետք չէ ժամանակ կորցնել:

Հայրենիքում զինծառայություն անցնելու համար Ավետիս Զարգարյանը 2014 թվականի աշնանը Ռուսաստանից եկել էր Հայաստան: Ողնաշարի պարանոցային հատվածի հրազենային վնասվածք էր ստացել ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հատուկ գործողությունների ժամանակ: Նույն մարտում զոհվել էր նրա վաշտի հրամանատար, լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը:

Ավետիսը նույնպես կարիք ունի արտասահմանում լրացուցիչ հետազոտության և ինտենսիվ վերականգնողական բուժման: Այդ նպատակով «Վիրավոր մարտիկ» բարեգործական հիմնադրամը Ավետիսի համար հանգանակել է 30 հազար դոլար գումար, սակայն ինքնաթիռով տեղափոխման խնդիրը դեռ լուծված չէ: Բժիշկների գնահատմամբ՝ Ավետիսին ոտքի կանգնեցնելու հույսերը մեծ են: Նա էլ Ռոլանդի նման լավատես է, թեև որոշակի մտավախություն ունի ապագայի հանդեպ: Բժիշկները կարևորում են տղաների դրական տրամադրվածությունը բուժման արդյունավետ ընթացքի համար և ամեն կերպ ձգտում են պահպանել այն:

Կարին Տոնոյանը բուժվող զինվորներին նվիրեց իր թոռնիկի պատրաստած քաղցրավենիք տոնածառները՝ նշելով, որ կյանքը դեռ առջևում է, պետք է պայքարել, հոգով ամուր լինել և հավատալ:

«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»-Մեր տղաները միայնակ չեն, հասարակությունը, անհատները նրանց կողքին են: Հուսահատություն, դժգոհություն կարող է լինել, և դա բնական է, բայց պետք է հասկանան, որ հայրենիքը հենց իրենք են, եւ մենք ունենք նրանց կարիքը,-հանդիպումն ամփոփեց Աշոտ Մելքոնյանը:

«Արթմեդ» բժշկական կենտրոնում Անդրեյ Վարդումյանի ապաքինումը արագ և արդյունավետ է ընթանում: Ողնաշարի հրազենային վիրավորում ստացած Անդրեյը աջ ոտքը դեռ չի զգում, առկա են որովայնի որոշակի խնդիրներ, բայց նա արդեն օժանդակ պրոթեզի եւ ձեռնափայտի միջոցով իր առաջին քայլերն է կատարում:

-Տարկետում էի վերցրել բանակ գնալու համար: Լավանալուց հետո ուզում եմ շարունակել ուսումս, աշխատանք գտնել, ընտանիք կազմել սիրածս աղջկա հետ,-ժպտում է Անդրեյը եւ գոհունակությամբ նշում, որ ընկերներն ու զինակիցները չեն մոռանում իրեն, պարբերաբար այցելում են:

Կողքի սենյակում էլ պայմանագրային զինծառայող, սերժանտ Դավիթ Համբարձումովն է: Նրա վիճակը կայուն է, բայց մյուսների պես արտասահմանում լրացուցիչ բուժման կարիք ունի:

-Հիշում եմ, որ իմ դիմաց տանկ էր: Տղաները հետո խփեցին թշնամու տանկը եւ ուրախ եկան վերակենդանացման բաժանմունք՝ ինձ ոգևորելու,-պատմում է Դավիթը:- Մեծ դուստրս այս տարի առաջին դասարան գնաց, փոքրն էլ սեպտեմբերին է ծնվել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ ընտանիքի կողքին են:

«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»Տղաներին այցի էին եկել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը:

Հանդիպումների ավարտին «Նվիրում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը գոհունակությամբ նկատեց, որ բուժվող բոլոր զինվորների մոտ լավատեսություն կա, ինչն արդեն շատ կարևոր է ապագան կառուցելու, դժվարությունները հաղթահարելու համար:

-Ամանորից առաջ մենք եկել ենք բուժում ստացող մեր զինվորների մոտ՝ ոչ միայն ֆինանսական աջակցություն ցույց տալու, այլ նաև իմանալու, թե ուրիշ ինչով կարող ենք օգտակար լինել, ինչ խնդիրներ լուծել: Օրինակ՝ Ռոլանդի և Ավետիսի դեպքում՝ պետք է հոգալ նրանց բուժումը արտասահմանյան կենտրոններում շարունակելու մասին, -ասաց Գեղամ Հարությունյանը: -Մեր նպատակն է աջակցել մեր զինվորներին ու նրանց ընտանիքներին: Հաշմանդամություն ունեցող մեր զինծառայողները առավելապես մարդկային ջերմության, վերաբերմունքի, հոգատարության կարիք ունեն: Այս հանգանակությունն էլ կատարվել է ընկերների, մտերիմների միջոցով: Ճիշտ է, գումարը մեծ չէ, բայց մի ազնիվ ու կարեւոր քայլ է, որ մենք կարող ենք և պարտավոր ենք անել:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ. լեյտենանտ