Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԽՐԱՄԱՏԻ ՍՊԱՆ»
«ԽՐԱՄԱՏԻ ՍՊԱՆ»

«ԽՐԱՄԱՏԻ ՍՊԱՆ»Մայոր Արթուր Մկրտչյանին խնդիր է առաջադրվում` կազմակերպել գումարտակի պաշտպանությունը: Պայմանական հակառակորդը հարձակվել է երեք գումարտակի ուժերով, փորձում է բնագծեր գրավել: Մայորը գնահատում է իրադրությունը, վերադասավորում ուժերը: Քարտեզի վրա չափումներ է կատարում: Կարմիր գույնով նշում է հակագրոհի ուղղությունները: Նա համառորեն կռիվ է տալիս թշնամու դեմ ու ջղայնանում, որքան էլ առաջադրանքը ուսումնական է, ինքն էլ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի մարտական կառավարման կենտրոնում: Սպաներից մեկն ինձ ասում է. «Միայն քարտեզի վրա չէ, որ ճնշում է թշնամուն: Տասը տարի բանակում է, տասը տարին էլ՝ սահմանում. խրամատի սպա է…: «Մարտական ծառայության» մեդալակիր է: 2016 թ. հունվարի 28-ին հանրապետության նախագահն անձամբ է հանձնել պարգեւը: Արթուրի` մարտական հերթապահություն իրականացնող գումարտակը ճանաչվել է լավագույնը զինված ուժերում»: Եվ ես հասկանում եմ` գտել եմ հենց այն զինվորականին, որի մասին գրելու եմ: Արթուր Մկրտչյանը մասնակցում է հրամանատարաշտաբային դասընթացներին: Մի քանի ամսից կստանձնի նոր պաշտոն:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

-Դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ,-գրիչը ցած դրեց եւ իր մասին սկսեց պատմել մայորը,-կարող էի ընտրել ցանկացած մասնագիտություն. դառնալ բժիշկ, ինժեներ կամ տնտեսագետ: Բայց իմ ներսում պինդ նստած էր զինվորականը. ես լավ մոտոհրաձիգ եմ դառնալու, լավ սպա: 2002 թվականի ամառն էր: Օրն էլ եմ հիշում` օգոստոսի 1-ը: Եկել էի համալսարան` առաջին անգամ համազգեստ ստանալու: Պահեստի մոտ հերթ էր: Տղաները դուրս էին գալիս հագած-կապած՝ գլխարկները կտրիճաբար փոքր-ինչ թեք դրած: Դեմքներին ժպիտ ու գոհունակություն կար: Այնպիսի տպավորություն էր՝ ասես պահեստում երջանկություն էին բաժանում: Երբ հերթը ինձ հասավ, ես էլ իմ բոյին ու քաշին համապատասխան համազգեստ ընտրեցի: Բոլորի նման ես էլ չէի կարողանում զսպել ուրախությունս. ինձ ուժեղ էի զգում: Կարելի է ասել` այդ օրվանից հագիցս գրեթե չեմ հանում: Համազգեստը կենտրոնացնում է ուշադրությունս ուժեղ կողմերիս վրա, չեզոքացնում կողմնակի ազդեցությունները: Դու այլեւս չես ուզում, չես կարող ինչ-որ բան կիսատ-պռատ անել:

Մայոր Մկրտչյանն իր ընտրության մասին այնպես անկեղծորեն է պատմում, որ ես համոզվում եմ` նա գտել է իր ներքին ազատությունը, համազգեստի մեջ ինքն իրեն հարմարավետ է զգում: Նա այն սպան է, որի մասին երազում էր:

 

ԶԻՆՎՈՐԻՑ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵԼ

-2006 թվականին ավարտեցի համալսարանը,-շարունակեց նա,- ստանձնեցի ՊԲ հյուսիսային սահմանին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի դասակի հրամանատարությունը: Զինվորները գրեթե իմ տարեկիցներն էին. մեկը երկու տարով էր փոքր, մյուսը՝ մի քանի ամսով մեծ: Բոլորն էլ` ինձնից «ստաժավոր»: Իմ մեջ էլ ձգտում կար, եռանդ: «Ժամացույցի գործը ժամը անսխալ ցույց տալն է, քոնը` անխափան ծառայություն կազմակերպելը»,- ինքս ինձ ոգեւորում էի, խրատում: Բայց երբ առաջին անգամ ոտք դրեցի խրամատ, շուրջս ամեն բան օտար ու խորթ թվաց: Մութն ընկնելուն պես անորոշությանն ավելացավ ականջ ծակող լռությունը: Կարծես ինչ-որ մեկը անջատել էր կյանքի «կոճակը»: Շատ ճնշող էր: Աչքիս բան չէր գալիս` ո՛չ հակառակորդ, ո՛չ էլ նրան հաղթելու վճռականություն… Դիրքի ավագ Արթուր Գալստյանը թե չլիներ, ի՞նչ պիտի անեի: Ես զինվորներիցս այնքան բան եմ սովորել, ամենակարեւորը` դժվարությունները հաղթահարելու համբերություն: Դասակի հրամանատար-զինվոր հարաբերություններում դու ամեն օր քիչ-քիչ «նվաճում» ես զինվորիդ` քո գիտելիքով, բացառությունները բացառելու, հավասարության, արդարության սկզբունքը պահելու քո կարողությամբ: Ամեն օր էլ անպայման ինչ-որ բան ես սովորում նրանից… Խրամատային ճշմարտություն է` սպան ու զինվորը պետք է լրացնեն իրար:

Մայոր Մկրտչյանի խոսքում բանալի-բառեր կան, որոնք կարծես սահմանում են զինվորականի հաջողությունը: Եվ միայն նրան է հայտնի, թե այդ բառերը գուշակելու համար որքան ջանք, ժամանակ ու նյարդեր են պահանջվել:

 

ԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ ՉԵՂԱՔ…

-Ես` վաշտի հրամանատար.  թվում էր՝ իմ ու զինվորի միջեւ տարածությունը  ուր-որ է կմեծանա: Այդպես չեղավ,-անշտապ ներկայացնում է մայորը:-Մի օր գումարտակի հրամանատարը ինժեներական խնդիր առաջադրեց` երկու օրում 120 մետր խրամատ փորել: Չափազանց անիրատեսական էր: Փորձեցի հակաճառել: Ասացի` երկու օրում գլուխ չենք հանի: Հրամանատարն անդրդվելի էր: Վերցրինք բահերն ու քլունգները եւ գնացինք խրամատ փորելու: Ես ինձ պարտավոր զգացի զինվորի հետ հավասար գործ անել: Եթե ես չփորեմ, ո՞նց կարող եմ պահանջել, եթե ես զինվորի պես չհոգնեմ, փոշու ու ցեխի մեջ չթաթախվեմ, ո՞նց կարող եմ գնահատել նրան: Քլունգով խփում էի հողին: Զինվորներս նայում էին ինձ ու երեք անգամ ավելի եռանդով հարվածում: Մի գիշերվա մեջ խրամատ բացեցինք: Աչքերս էլ բացվեցին` հրամանատարն ու զինվորը միակշիռ ուժեր են, պետք է հավասարը հավասարի լինել նրան, ում հետ մարտի ես գնալու: Վաշտ-մարտկոց օղակի հրամանատարը չպետք է մոռանա, որ իրականում ինքն էլ է զինվոր: Երեւի պիտի տասը տարի խրամատում ապրես, որ հասկանաս՝ ամենածանր ու պատասխանատու պաշտոնն է: Վաշտի հրամանատարի ուսերին են թե՛ մարտավարական պարապմունքները, թե՛ անձնակազմի պատրաստությունը, իսկ ամեն մի «աննշան վրիպակ» ընկալվում է որպես քո աշխատանքի թերացում: Եթե այդ օղակում ղեկավարումը ճիշտ է, ուրեմն գումարտակ, գունդ եւ ավելի բարձր մակարդակներում ծառայությունը սահուն է: Վաշտն է բանակի առանցքը:

Նա պատմում է, ես էլ մտածում եմ. «Այս սպան գիտի` ինչ ասել է ընկերականություն: Նա հաստատ կբռնի զինվորի ձեռքը դժվար պահին եւ կուղեկցի, կհուսադրի: Չէ, Արթուրը իսկապես առաջնորդ-հրամանատար է: Նա հիմքից գիտի բանակը»:

 

ԱՐՄԱՏԱՎՈՐՎԵԼ, ԻՆՉՊԵՍ ԲՈՒՅՍԸ

-Չինաստանում վերապատրաստման էի: Մասնակցեցի հարձակողական մարտավարությամբ զորավարժության: Զորքը տեղից շարժվեց, երբ խոցված էին հակառակորդի ՀՕՊ համակարգերը: Հաղթում է նա, ով օդում գերակայություն է նվաճում՝ ահա մեծ բանակների փիլիսոփայությունը,-ասում է մայոր Մկրտչյանը, ու թվում  է` դեմքին մտահոգություն է հայտնվում:-Իսկ մենք պետք է ամրանանք հողում, ինչպես բույսն է արմատավորվում: «Խրամատում ի՞նչը այնպես չէ: Ո՞ր կրակակետն է պետք ամրացնել: Հարկավոր է մեկ անգամ էլ ստուգել պաշտպանիչ-մոլորեցնող կառույցները»` այս մտքերը հանգիստ չէին տալիս, երբ նշանակվեցի գումարտակի հրամանատար: Ապրիլյան կռիվների օրերին համոզվեցի, որ իմ բծախնդրությունը քմահաճույք չէր:

…Մենք հանձնել էինք հերթափոխն ու իջել զորամաս, երբ հակառակորդն սկսեց հրետակոծել ու արկակոծել մշտական տեղակայման վայրը: Դեռ չէինք հասկանում` ինչ է կատարվում: Կապի միջոցներով լսում էի` տղաները զոհվել են, այսինչ դիրքը չկա: Դժվար է սթափ մնալ, երբ շուրջդ պատերազմ է: Բայց ձայնս չընկճվեց: Այդ օրը այնքան խոսեցի, ինչքան չէի խոսել ամբողջ կյանքում: Գումարտակը պատսպարեցի թաքստոցներում: Հեշտ չէր. ամեն քառակուսի մետրի վրա արկ էր պայթում: Հետո արդեն դուրս եկանք մարտական կիրառման շրջան եւ զբաղեցրինք մեր խրամատը` մեր պաշտպանական դիրքը: Սպասում էինք հակառակորդի երկրորդ հարձակմանը: Եվ մենք հավատում էինք, որ այդ խրամատում ոչ թե մեռնելու, այլ ապրելու համար ենք:

Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ