Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԹՇՆԱՄՈՒՆ...
ՀԱՂԹԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԹՇՆԱՄՈՒՆ…

ՀԱՂԹԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԹՇՆԱՄՈՒՆ...Ավագ դպրոցում Ազգ-բանակ կոնցեպտի իրագործման հնարավորությունների և մեթոդների մասին ենք զրուցել Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ

 

-Տիկին Հարությունյան, Վիգեն Սարգսյանի Ազգ-բանակ կոնցեպտի իրացման շրջանակը շատ մեծ է, ընդգրկում է պետական-հասարակական կյանքի բոլոր շերտերն ու ոլորտները, Դուք հստակեցրե՞լ եք անելիքների Ձեր բաժինը: Ես ուզում եմ անկեղծորեն պատասխանեք. Ազգ-բանակ գաղափարախոսությունը, որը այս ժամանակահատվածի համար առաջարկել է պաշտպանության նախարարը, Ձեզ հուշե՞լ է որևէ նորամուծություն Ձեր աշխատանքում, արե՞լ է որևէ ուղղորդում…

-Համոզված ասեմ, որ Ազգ-բանակ կոնցեպտի իրացման ամենամեծ ու ամենակարևոր ոլորտը դպրոցն է, որովհետև խոսքը բարձրացող սերնդի մտածողության, արժեքային համակարգի, բարոյական չափորոշիչների մասին է, իսկ այդ ամենը սկզբնավորվում-ձևավորվում է դպրոցում` մարդու դաստիարակության ամենաընկալունակ ու արդյունավետ տարիքում: Ես հետևել եմ Վիգեն Սարգսյանի ելույթներին ու նկատել եմ խոսքից, զգայացունց բառերից գործի անցնելու հորդորը: Բարձրանում է շատ պրագմատիկ, ազատ, հավակնոտ ու ակտիվ սերունդ, որը սիրում է հայրենիքը գործնական սիրով ու չի գնա պաթետիկ, դատարկ լոզունգների հետևից: Այսինքն` եթե մենք ուզում ենք ձևավորել երկիր կառուցող, հող պաշտպանող սերունդ, պիտի գործնական քայլեր անենք:

-Անկեղծ ասած՝ ես այնքան էլ չեմ վստահում պիտի-ով սկսվող նախադասություններին և ուզում եմ՝ մեր զրույցը լինի հնարավորիս առարկայական: Որո՞նք են Ձեր դպրոցում արված գործնական քայլերը:

-Մեր դպրոցն ունի 4 հատ ռազմագիտության դասարան` ռազմարվեստի պատմության, տեսական պարապմունքների, արտակարգ իրավիճակների և գործնական պարապմունքների համար: Այս տեղեկությունից հետո ասածս օդի մեջ չի հնչի, եթե ավելացնեմ, որ մեր դպրոցում «Ռազմագիտություն» առարկան դասվում է ամենակարևոր առարկաների շարքին, և մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում առարկայի դասավանդման որակին: Տարին երկու անգամ իրականացնում ենք ռազմամարզական մրցույթ: Ոչ մի ուրիշ առարկայից տարին երկու անգամ մրցույթ չի կազմակերպվում: Ռազմամարզական մրցույթին մասնակցում է նաև ուսուցիչների թիմը. դրանով մենք շեշտում ենք, որ բոլորս պիտի պատրաստ լինենք հայրենիքի պաշտպանության գործին, և ուսուցիչներն էլ աշակերտների հետ ստուգում ու կատարելագործում են իրենց ռազմական հմտությունները, որպեսզի առիթի դեպքում զենքը ձեռքին պաշտպանեն հայրենիքը:

-Ուսուցիչնե՞րն են հաղթում, թե՞ աշակերտները…

-Ավելի հաճախ ուսուցիչներն են հաղթում. մենք շատ լավ ենք պատրաստվում մրցույթին. ամոթ կլինի, որ աշակերտներից հետ մնանք մեր ռազմական գիտելիքներով ու ֆիզիկական պատրաստվածությամբ:

-Ձեր դպրոցում շրջելիս բազմաթիվ բովանդակալի պաստառներ տեսա, բայց այս մեկը հատկապես գրավեց ուշադրությունս. «Երկիրը, որտեղ ես ապրում եմ Հայաստանն է: Լեզուն, որով խոսում եմ, հայերենն է: Ես քրիստոնյա եմ: Երդվում եմ հավատարիմ լինել հավատքիս, հայրենիքիս, լեզվիս: Հերոսների թափած արյան Կարմիրին, Հայոց երկնի խաղաղ Կապույտին, ցորեն հացի Ծիրանագույնին: Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ»:

Ի՞նչ երդում է սա, ո՞ւմ երդումն է:

-Ինչպես գիտեք, մեր դպրոցը ավագ դպրոց է, և տասներորդցիները մեր կրթօջախ ոտք են դնում առաջին անգամ: Սա նրանց երդման տեքստն է: Մենք կարծում ենք, որ ինչպես տղան երդումով սկսում է զինվորական ծառայությունը, այնպես էլ մանկությունից (երբ քո վարքի համար պատասխանատվություն են կրում ավագները) հասուն տարիքի անցնելիս (երբ արդեն ինքդ կարող ես գիտակցաբար վերահսկել արարքներդ) մարդը պետք է սահմանի իր ապրելու հավատամքը: Հավատք, հայրենիք, լեզու` սրանք մարդու էության միջուկն են: Ես միշտ հիացել եմ, թե ինչ գեղեցիկ խորհուրդ ունեն մեր դրոշի գույները: Դրանք մի ամբողջ գաղափարախոսություն են: Կարմիրը այն գինն է, որը վճարել ենք սերնդեսերունդ անկախ հայրենիք ունենալու արժանապատվության համար: Կարմիրը նաև խիզախության, ուժի գույնն է: Կապույտը խաղաղության ու հայրենիքի գույնն է: Իսկ ցորեն հացի ծիրանագույնը կառուցելու, շենացնելու, արդար աշխատանքի խորհուրդն ունի: Սա է երդման ասելիքը, փիլիսոփայությունը: Սա այն գաղափարական հիմքն է, որի վրա մենք կառուցում ենք ավագ դպրոցի բարոյախոսությունը:

– Զորամասերի օրինակով՝ նաև դրոշ ունեք…

-Այո՛:Երեխան պիտի մանկուց սովորի դրոշի` հավաքական պատվի գաղափարին: Տարիներ առաջ մեր աշակերտներին հազիվ էինք համոզում, որ միջոցառումների ժամանակ բարձրացնեն եռագույնը, չէին ուզում, խուսափում էին, հիմա դրոշը խլում են իրար ձեռքից, դրոշը բարձրացնելը պատիվ են համարում: Սա ձեռքբերում է, սա նոր որակ է բարձրացող սերնդի մտածելակերպի ու հոգեբանության մեջ: Մեր դպրոցի դրոշի վրա գրված է` գիր, հայրենիք, հավատք…Իսկ դպրոցի ճակատին զետեղված խոշորատառ գրությունը հրամայում է՝ եղիր պատրաստ հայրենիքի պաշտպանության գործին: Ինչը մեկ անգամ ևս ամրագրում է, որ հայրենիքի պաշտպանությունը դպրոցի, ուսուցիչների, երկրի թիվ մեկ խնդիրն է:

– Տիկին Հարությունյան, այն, ինչ Դուք արել եք, այն, ինչ Դուք պատմում եք, շատ լավ է: Բայց շատ ավելի հեշտ կլիներ հայրենասեր, երկիրն ու ժողովրդին սեփական կյանքի գնով պաշտպանելու պատրաստ սերունդ դաստիարակելը, եթե չլինեին հակասությունները քարոզվող գաղափարների և իրականության բացասական երևույթների միջև: Հատկապես ի՞նչն է խանգարում Ձեզ, Ձեր դպրոցի ուսուցիչներին սերմանելու այն արժեքներն ու գաղափարները, որոնք առաջարկում է Ազգ-բանակ կոնցեպտը:

-Մեր աշակերտները երբեմն հարցնում են՝ եթե հայրենիքի պաշտպանությունը երկրի թիվ մեկ խնդիրն է, ինչու մեծահարուստների որդիները մեծ թիվ չեն կազմում առաջնագծում… Կամ ասում են՝ ինչո՞ւ պիտի ես կյանքս վտանգեմ սահմանին, իսկ մեկ ուրիշը վայելի մայրաքաղաքային բոլոր շքեղությունները: Բայց և՛ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ քառօրյա կռվի օրերին, երբ վտանգված էր հայրենիքը, նման հարցեր չէին ծնվում: Այն ժամանակ էլ մարդկանց մի մասը երկրի ներսում իր սեփական բիզնեսով էր զբաղված, բայց խիզախ ու պատվախնդիր հայորդիները հերոսաբար կռվում էին՝ փակելով թշնամու ճանապարհը: Ազգ- բանակ կոնցեպտը «ասում է»՝ պատերազմը սահմաններից տեղափոխվել է թիկունք, հիմա հակառակորդին հաղթելու համար այս պատերազմում ևս պիտի հաղթենք: Ու էլի լինելու են գլուխ պահողներ: Բայց մենք պիտի «Սահմանի բարոյականությունը» լեռներից իջեցնենք թիկունք, զինվորագրվենք պետության կառուցման համազգային տքնանքին, առանց նժարելու, թե ով ինչքան տվեց հայրենիքի ամրության ու փրկության գործին: Ապրիլյան պատերազմի օրերին մեր աշակերտները իրենց նախաձեռնությամբ ծանրոցներ էին պատրաստում զինվորների համար, հանգանակություն էին անում: Չէին ասում` բա ինչո՞ւ այսինչը չի տալիս կամ չի անում…

-Ձեր կարծիքով՝ աշակերտները իրավունք չունե՞ն արդարություն ու հավասարություն պահանջելու:

– Ոչ ոք չի ասում՝ պիտի թերությունների հանդեպ աչք փակենք, չպայքարենք, համակերպվենք, բայց հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները չպետք է նվազեցնեն մեր նվիրումը հայրենիքի կառուցման, կամ սահմանների պաշտպանության գործին: Սա է խնդիրը: Կան հույժ կարևոր, մեր ազգի համար բախտորոշ նշանակություն ունեցող գաղափարներ, որոնք անսակարկելի են….Մեր ներքին ամրությունը պայմանավորված է միասնականությամբ ու փոխադարձ պատասխանատվությամբ:Հասարակության կոնսոլիդացումը (համախմբումը) պիտի սկսել դպրոցից, դպրոցում ձևավորված ավանդույթները հետզհետե ներմուծելով հասարակություն: …Ուզում եմ Ձեզ պատմել մեր դպրոցում ձևավորված դրամահավաքության ուրույն ավանդույթի մասին: Օրինակ, եթե դասարանով էքսկուրսիա ենք գնում, ծնողկոմիտեի անդամներից մեկը փող է հավաքում, (ասենք` 2000 դրամ), փողը հավաքողից բացի ոչ ոք չի իմանում, ով է վճարել, ով՝ ոչ, իսկ միջոցառմանը մասնակցում են բոլորը՝ և՛ վճարողները, և՛ չվճարողները: Սեփական նախաձեռնությամբ՝ սոցիալապես ապահովված ծնողները վճարում են ավելի շատ: Իսկ հավաքված գումարից հավասարաչափ օգտվում են բոլորը: Այս անհատույց, անշահախնդիր նվիրումը մեզ կապում է իրար, ձևավորում սիրո, գթասրտության ջերմ մթնոլորտ:

-Ու աղքատները մի փոքր ավելի քիչ են ատում հարուստներին, եթե անգամ համոզված են, որ նրանք արդար ճանապարհով չեն հարստացել…

– Արմատխիլ անել ամենը, ինչը խանգարում է մեր երկրի ուժին ու մարտունակությանը՝ այս գաղափարը պիտի սերմանել յուրաքանչյուր հայի հոգում: Դպրոցը հասարակության մինի մոդելն է, ավագ դպրոցում հավաքվում են տարբեր ընտանիքներից եկած, տարբեր դաստիարակություն ստացած երեխաներ` ամեն մեկը դպրոց է բերում իր ընտանիքի բարոյախոսությունը:

Եթե չկարողանանք նրանց մեկ միասնական արժեհամակարգի կրող դարձնել, ուրեմն անարդյունք ենք աշխատել, իզուր են եղել բոլոր ջանքերը: Դա շատ կարևոր է, որովհետև, կրկնում եմ, դպրոցից է սկսվում Հայաստանի վաղվա հասարակության կոնսոլիդացումը ու գաղափարական միասնությունը:

-Մի քանի շաբաթ առաջ ես հարցազրույց արեցի աշխարհահռչակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ: Նրա կարծիքով՝ ոչ թե քաղաքական գործիչն ու իշխանավորը, այլ ուսուցիչն է կանխելու արտագաղթը Հայաստանում:

-Տնօրենի ժամին ես ամենատարբեր թեմաներով զրուցում եմ իմ երեխաների հետ, ու արտագաղթը ամենահաճախ շոշափվող խնդիրներից մեկն է, որը մեր աշակերտներին է հուզում:

-Արտագաղթը քարոզով չես կանխի:

-Ես առհասարակ չեմ քարոզում: Տարիներ առաջ մի հոդված կարդացի «Մանկավարժ» պարբերականում «Մաթեմատիկայի դասին արժեքային համակարգի ձևավորումը» վերնագրով: Եթե նույնիսկ մաթեմատիկայի դասավանդման ընթացքում կարող ես արժեքային համակարգ ձևավորել, ապա գրականություն, լեզու, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաների դասավանդման ընթացքում կարող ես լիովին ձևավորել մարդու մտածելակերպն ու ներքին աշխարհը: Իսկ տնօրենի ժամին ես պարզապես «հպանցիկ» պատմում եմ իմ ծանոթների օրինակը, թե ինչպես նրանք չեն հարմարվել արտերկրի բարքերին ու վերադարձել են հայրենիք: Հրավիրում եմ արտերկրում ապրած իմ այն աշակերտներին, որոնք ստիպել են ծնողներին վերադառնալու Հայաստան, ու վերջիններս խոսում են իրենց տեսածի ու զգացածի մասին: Նրանք ասում են, որ Հայաստանից լավ տեղ չկա աշխարհում:

-Լավ ասացիք` հպանցիկ, մարդը չպետք է հասկանա, որ իրեն դաստիարակում են, հենց հասկացավ, ներքին ընդդիմություն է առաջանում:

-Հայտնի խոսք կա` ուսուցչի քանդածը Տերն ինքը չի կարող սարքել: Այսինքն` ուսուցիչը պետք է լինի երկրի ամենակարևոր մարդկանցից մեկը, ամենահարգվածը` ցայտուն ազգային նկարագրով ու քաղաքացիական ակտիվությամբ: Պետք է բարձրացնել մանկավարժական բուհերի կրթության որակը, զուգահեռաբար գտնելով ուսուցչի աշխատանքը գայթակղիչ դարձնելու ուղիներ:

Մեր կրթած սերունդը ապրիլյան պատերազմում կյանքի գնով հերոսաբար պաշտպանեց հայրենիքի սահմանները: Բիսմարկի հայտնի խոսքը, թե՝ գերմանացի ուսուցիչը հաղթեց պատերազմը, միշտ էլ արդիական է: Ու մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրելու բարձրացող սերնդի նկարագրի ու կերպարի համար: Ի դեպ, փառահեղ սերունդ է գալիս: Ես 47 տարի դասավանդել եմ դպրոցում` այս սերունդը բոլորից լավն է` ազատ է, հավակնոտ, պատվախնդիր, խիզախ: Ուսուցչի գործը հիմա շատ է դժվարացել: 21-րդ դարի դպրոցականին դաստիարակելու, առաջնորդելու ու ուղղորդելու համար պիտի շատ խելացի ու շրջահայաց լինես: Այնպես որ, դպրոցի կատարելագործումը պետք է սկսել ուսուցչից: Եթե ուժեղ, ազգային, ոգեղեն դպրոց չունենանք, ոչինչ չենք ունենա:

-Տիկին Հարությունյան, հուսանք, որ կկարողանանք, Ձեր բառերով ասած, «սահմանի բարոյականությունը» առաջնագծից իջեցնել թիկունք:

-Ու հաղթել սեփական արատները այնպես, ինչպես թշնամուն ենք հաղթել:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ