Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՈՒՄԿրակահերթ, տուժածներ, վնասներ. սահմանամերձ-սահմանապահ գյուղերի մասին ամենից հաճախ այս բառերով ենք խոսում: Եվ այս խոսքաշարում կարծես «չենք նկատում» Չինարիում հեծանիվով սլացող աղջկան, ֆիզկուլտուրայի դասաժամին  ֆուտբոլ խաղացող պատանիներին, «ճտի աչք» կոչվող գարնանային ծաղիկներից փունջ հավաքած ոսկեվանցի տղային, կոմպոտ պատրաստող տանտիկնոջը, ինչ-որ մեկի` մեղվաբուծությամբ զբաղվող հայրիկին, ծառի քողի տակ պատսպարված կատվին… Կյանքը սահմանում նաեւ այսպիսին է:

 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն ու PAN Photo գործակալությունը նպատակադրվել են ցույց տալու անտեսանելին: Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բաղանիս, Ոսկեվան ու Կոթի համայնքների դպրոցականների համար կազմակերպվել է լուսանկարչական դասընթաց: Փոքրիկ լուսանկարիչները օրեր շարունակ սովորել են ճիշտ պատկերել գյուղական կյանքի առանձնահատկությունները, բնության իրենց սիրելի անկյունները, մտերիմներին: Լուսանկարել են նաեւ PAN Photo-ի թղթակիցները: Բոլոր աշխատանքները համադրվել ու ներկայացվել են դեկտեմբերի 23-ից 24-ը Երևանում կազմակերպված «Կյանքը սահմանում» խորագիրը կրող ցուցադրությանը:

Ասպրամը մատնացույց է անում իր դասընկերուհու` Իրինայի քրոջ դիմանկարը: Նա պատշգամբից նայում է գյուղին. «Իրինայենց տունը հրետակոծությունից վնասվել ու այդպես էլ չի վերանորոգվել: Ամենացավալին` զոհվել է Իրինայի տատիկը»,-պատմում է Մովսես գյուղի փոքրիկ լուսանկարիչը:

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՈՒՄPAN Photo-ի թղթակից Արեգ Բալայանի լուսանկարներում տեսնում ենք Մովսես գյուղում ջրի խնդիրը լուծելու համար «նորագույն տեխնոլոգիաներով» ստեղծված հիդրոկայանը: 89-ամյա Արաքսյա տատին ենք տեսնում, որ շատ է սիրում հյուրեր ընդունել, բայց սուրճ առաջարկել` ոչ: Հյուրերին հյուրասիրել փորձող աղջկա վրա էլ բարկանում է. «Ա՛յ աղջիկ, էդ ժոլուբի ջուրն ի՞նչ ա` տալիս ես երեխեքին: Արաղ տուր…»: Արաքսյա տատի որդին` Սամվելը, Մովսես գյուղի առաջին զոհն էր ազատագրական պայքարում: Ադրբեջանցիները առեւանգել էին նրան  դիրքերից, երկու օր անց հետ բերել… պարկի մեջ…:

Չինարիի մասին ֆոտոշարքում առանձնանում են Թագուհի Հովակիմյանի` մանկապարտեզի մասին պատմող լուսանկարները. հարմարավետ ննջասենյակ, վառ ու նկարազարդ պատերով ճաշասենյակ եւ Սուրբ Հարության տոնը նշող փոքրիկներ: Եթե այստեղ պատերազմի հետքն անգամ չկա, ապա ամեն ինչ այլ է Արեգ Բալայանի լուսանկարներում. «Չինարիում մի պարզ ճշմարտություն հասկացա. երբ պատուհանդ նայում է թշնամուն, ավելի լավ է այն քարով ծածկես: Մանկապարտեզը պատուհան չունի, փոխարենն ունի ապաստարան: Այստեղ երեխաները ժամերով կողք կողքի նստում են նկուղում ու սպասում: Մտքներով չի անցնում միմյանց հետ վիճել, կռվել. լուռ նստած սպասում են, ու դա բավական է հաղթելու համար: Տեղացիների նախասիրություններն էլ են յուրահատուկ. որպես հիշատակ պահում են տան մեջ ընկած, բայց չպայթած արկերը»,-իր նկարներն այսպես է մակագրել փորձառու լուսանկարիչը:

Բաղանիսի փոքրիկ բնակիչներն էլ վավերացրել են, թե ինչպես է արթնանում գյուղը, թե ինչպես է 1989 թ. կառուցված գրադարանը ավերակի վերածվում, ինչպես է  աճ տալիս հազվադեպ ծառատեսակը` մոխրատանձին, ինչպես է 65-ամյա Հայկ պապը իր հավատարիմ իշուկի հետ կանգ առել հանգստանալու:

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՈՒՄԱրեգ Բալայանը գնացել է ծխախոտի արտադրամաս, որտեղ թարմ ծխախոտ են ստանում, մաքրում, չորանոցներում չորացնում եւ ուղարկում գործարան. «Երեւի հենց սա նկատի ունեն պաշտոնյաները, երբ ասում են` զարգացնել սահմանամերձ համայնքները, ցուցաբերել գործարար մոտեցում: Ամեն դեպքում, ստացված օրինակ է»,-եզրակացնում է PAN Photo-ի լուսանկարիչը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը ստացված է համարում իրենց նախաձեռնությունը. «Երեք տարի է` մենք անդրադառնում ենք սահմանամերձ 11 գյուղերի խնդիրներին: Արդյոք խմելու ջուր ունե՞ն, տրանսպորտը լա՞վ է աշխատում, գյուղում աշխատանք կա՞: Եթե ուզում ենք պահել այդ յուրահատուկ ու ինքնատիպ սահմանապահ գյուղերը, ապա այս հարցադրումները կարեւոր են: Նախաձեռնության շրջանակներում մենք համագործակցել ենք ՊՆ-ի, ԱԻՆ-ի, ՄԱԿ-ի կառույցների հետ»:

Լուսանկարները կցուցադրվեն ՀՀ սահմանամերձ գյուղերում, ապա նաև Թբիլիսիում:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ