Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ
ՄԵՐ ՓՈՍՏԻՑ. ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼՄեր տանը հայհոյանք առհասարակ չի հնչել: Այն որպես վատ երեւույթ մեր կենցաղից դուրս է եղել: Այդպես են ինձ դաստիարակել, այդպես էլ ես եմ որդուս դաստիարակել:

Քո բերանից չպետք է հայհոյանք լսվի: Հայհոյանքը կամքով ու էությամբ թույլ մարդու բան է` ահա իմ հորդոր-պատվիրանը որդուս: Տղաս մեծացավ, հասակ առավ, շուտով բանակ կգնա: Հավատացեք, մինչեւ օրս նրա բերանից ոչ մեկը հայհոյանք չի լսել: Մտածում եմ՝ գնաց բանակ, ի՞նչ պիտի անի: Որդիս հայհոյանք չտվող, իսկ դիմացինը` հայհոյասեր: Խորապես համոզված եմ, որ ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ բանակում ամեն ինչ կարգապահությունից է գալիս: Եթե սպան խստապահանջ, հետեւողական, կարգապահ լինի, այդպիսին կլինեն նաեւ նրա ենթակաները: Չեղավ այդպիսին, հետեւանքները ծանր կլինեն:

Օրերս ծանոթներիցս մեկը պատմեց, որ ընկերոջ հետ գնացել է զորամաս՝ իր զարմիկին տեսության:

-Անցագրային կետից քիչ հեռու կանգնած սպասում էինք, որ մեր զինվորը գա: Հանկարծ բղավոցի ձայներ հասան ականջիս: Երբ մի քանի քայլ առաջ գնացի, նկատեցի զայրացած, փրփրած մի սպայի: Նրանից մի քանի քայլ հեռու շփոթահար հայացքով մի զինվոր էր կանգնած: Հասկացա, որ հսկիչ-անցագրային կետի  հերթապահ զինվորն է, որը երեւի թերացել է հերթապահության ժամանակ: Այլապես ինչու պետք է արժանանար սպայի հայհոյախառն կշտամբանքին: Մենք հեռացանք այդտեղից, որպեսզի  կշտամբված զինվորը մեր ներկայությունից իրեն վատ չզգար: Կարճ ժամանակ անց վերադարձանք, իմ եւ սպայի հայացքները մի պահ իրար առան: Նա հայացքը փախցրեց եւ արագ քայլերով հեռացավ: Տեսնես՝ ի՞նչ արարք էր թույլ տվել հսկիչ-անցագրային կետի զինվորը, որ սպայի կողմից նման կշտամբանքի արժանացավ: Հետո իմացանք, որ առանց սպային տեղյակ պահելու, նա ընկերոջս զինվոր զարմիկին տեղեկացրել էր մեր այցի մասին, ինչի համար էլ հերթապահության պատասխանատուն «բարկացել» էր:

Ծնողը երեխային բանակ է ուղարկում, զինվոր է տալիս երկրին, եւ այդ զինվորին այս կամ այն սխալի համար վիրավորելն ուղղակի անթույլատրելի է: Հայհոյանքը զինված ուժերում պետք է բացառել մեկընդմիշտ: Հայ սպայի բերանից չպետք է հայհոյանք լսվի: Այն պատիվ չի բերում ո՛չ հայ սպային, ո՛չ զինվորին: Գուցե ոմանց համար սա գիտակցելը դժվար է, բայց հիշելը կարեւոր է:

 

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ