Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ Է
ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ Է

ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ ԷՓոխգնդապետ Արշալույս Չոբանյանը ծնունդով Ջավախք աշխարհից է: Բժշկական ուսումնարանում էր սովորում, երբ զորակոչվեց  բանակ: Ջոկի հրամանատար էր: Ծառայության ընթացքում դրսեւորեց զինվորականին հատուկ հմտություններ, կարողություններ: Բրիգադի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը նկատեց երիտասարդի ունակությունները, խորհուրդ տվեց  ուսումը շարունակել ռազմական բուհում:

Ավարտեց Վ. Սարգսյանի  անվան ռազմական ինստիտուտը, ապա  ՌԴ բարձրագույն սպայական դասընթացները, ու արդեն քանի տարի է՝ կյանքը «զինվորական ռելսերի» վրա է, իսկ սպայական ուսադիրների փայլուն աստղերի  հետեւում տքնանք կա, պատասխանատվության ծանր բեռ, նվիրում…

Արշալույսը իրենց գերդաստանի առաջին զինվորականն է: Դասակի հրամանատարից  հասել է հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնին: Ներկայումս ծառայում է Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասում:

 

-Պարոն Չոբանյան, բանակի հզորացման համար  անչափ կարեւոր է զինված ուժերի համալրումը ժամանակակից ռազմական տեխնիկայով, սակայն պակաս վճռորոշ չէ նաեւ մարդկային գործոնը՝ զինվորի պատրաստվածությունը, նրա բարոյահոգեբանական  վիճակը, հավատը սեփական ուժերի եւ հաղթանակի նկատմամբ: Ասում են՝ հայ զինվորը ոգու զինվոր է:

-Համամիտ եմ: Բոլոր ժամանակներում էլ մարտում հաջողության հասնելու համար էական դեր է խաղացել ոչ թե ժամանակակից տեխնիկան, այլ՝ մարդը՝ զինվորը, ու հենց նրա անհատական որակներով է պայմանավորված մարտական խնդիրների հաջող եւ արդյունավետ կատարումը:

ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ Է-Անհատական որակները հղկվում, ձեւավորվում են նաեւ բանակում:

-Բանակ են գալիս տարբեր խառնվածքի ու մտածողության, տարբեր բարքերով  երիտասարդներ, եւ անհրաժեշտ է նրանց ճիշտ ուղղորդել: Ընդհանրապես, անձնակազմի հետ տարվող աշխատանքներում  շեշտը  պետք է դրվի առաջին հերթին  անձի դրական հատկանիշների՝ վարքագծի օրինակելի կողմերի վրա՝ ջանալով ամեն կերպ խորացնել, զարգացնել դրանք և փոխարենը ճնշել բացասական գծերն ու վատ հակումները:  Սպան պետք է ուղղորդի զինվորի գիտակցական, զգացական աշխարհը, նպատակային ազդեցություն  գործի մտածելակերպի վրա: Ուրեմն նա պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ, խոսքի մշակույթ, մանկավարժական ունակություններ: Սպայի ճիշտ վերաբերմունքը՝ ջերմ խոսքը, ուշադրությունը, վստահությունը, արդարամիտ մոտեցումը, թեւ է տալիս զինվորին, բազմապատկում նրա ուժը: Գնահատված, արժեւորված զինվորը գիտակցված եւ նվիրված է ծառայում:

-Ուսուցանելով եւ դաստիարակելով զինվորներին՝ սպաները նրանց  նախապատրաստում են որպես հասարակության լիիրավ անդամներ, իրենց գործուն ազդեցությունն ունենում վաղվա քաղաքացու հոգեկերտվածքի, մտածողության վրա: Այսինքն՝ անժխտելի  է բանակի կրթող եւ դաստիարակող գործառույթը:

ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ Է-Մարտական պատրաստության պարապմունքներից բացի, մշտապես աշխատանք է տարվում նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, կարգապահությունն ամրապնդելու, գաղափարադաստիարակչական, հոգեւոր-մշակութային պահանջմունքները բավարարելու ուղղությամբ: Թեմատիկ միջոցառումները, հայրենասիրական թեմայով զրույցները, նաեւ այցելությունները թանգարաններ, հուշահամալիրներ ինքնանպատակ չեն՝ հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից, քո պատմության կարեւոր էջերի իմացությունից: Վերջերս ուխտ կատարեցինք Մշկավանք,   զինվորները հիացան ճարտարապետական հնաբույր կոթողով, մաքրեցին, բարեկարգեցին տարածքը:

-Զորամասում ամուր է նաեւ բանակ-հասարակություն կապը:

-Դպրոցների, բուհերի, հասարակական կառույցների ներկայացուցիչները հաճախ են այցելում զորամաս, համերգային խմբեր են գալիս: Մենք էլ անմասն չենք մնում.  զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խումբը համերգային կատարումներով ոչ միայն  բովանդակալից է դարձնում զինվորական առօրյան, այլ նաեւ հաճելիորեն զարմացնում է մեզ այցելած հյուրերին:

ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ ԷՄեր  զինվորներն էլ  հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, անցած տարի,  օրինակ, սերժանտներից մեկը՝ Գոռ Մելքումյանը, առաջարկեց զորամասի ինքնագործունեության  խմբով այցելել ծերանոցներ, մանկատներ, ինստիտուտներ: Տասը օր  զինվորները «շրջագայեցին»: Այսինքն՝ հայ զինվորն ամբողջովին կտրված չէ հասարակությունից:

Սահմանամերձ Բերդավանի երեխաները իրենց ուժերով վավերագրական ֆիլմ էին նկարել՝ «Մի կտոր խաղաղություն» վերնագրով: Խաղաղությանը ձոնված ֆիլմը դիտելիս բոլորս էլ հուզվել էինք:

-Մեր հայրենիքի մի կտոր խաղաղությունն էլ ձեր զորամասի զինվորներն են պաշտպանում:

-Սահմանին կանգնած զինվորի նվիրումը անսահման է: Մեր զինվորը ոչ միայն  պաշտպանում ու պահպանում է, այլեւ պարտադրում է խաղաղություն….

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ