Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հունիսի 30-ին մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգման ու ԶԾԱ ապահովման պահանջներն արդի փուլում» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպել էր զինվորական ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման (ԶԾ և ԶԾԱԱ) վարչությունը։

Կոնֆերանսին մասնակցում էին ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ զորամիավորումների շտաբների պետերի ԶԾ գծով տեղակալները, ինչպես նաեւ առանձին զորամասերի հրամանատարներ եւ տեղակալներ։

Կոնֆերանսը բացեց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը։

«Զորքերի ծառայության կազմակերպման որոշ խնդիրներ ՀՀ պաշտպանական բարեփոխումների համատեքստում» թեմայով ելույթ ունեցավ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ գնդապետ Հայկ Կարապետյանը։ Ներկայացնելով ԶՈՒ պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում զորքերի ծառայության խնդիրները` գնդապետ Հ. Կարապետյանն ասաց.

-Բարեփոխումներով նախատեսվում է ԶՈՒ մարտունակության ու մարտական պատրաստության բարձրացում, ինչը հնարավոր չէ առանց զինծառայողների բարձր կարգապահության։ Մեր առաքելությունն է ապահովել զորամասերի, կայազորների մարտական պատրաստականության, ներքին կարգուկանոնի, զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը, ամրապնդել կարգապահությունը։

Ըստ նրա` առաջադրված խնդիրների լուծման գործում կարեւոր են համազորային կանոնադրությունների, օրենսդրական ակտերի փոխհամաձայնեցվածությունը, համակարգվածությունը եւ դրանց համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, օրենքների կիրառման մեխանիզմների հստակեցումը։ Զորամասերի հրամանատարները ԶԾ կազմակերպման գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար պետք է ապահովեն հետևյալ հիմնական նախապայմանները, որոնք նշեց գնդապետ Հ. Կարապետյանը.

-Հասնել այն բանին, որ ենթակաները լիովին ընկալեն ուսուցման գործընթացի եւ առօրյա գործունեության կազմակերպման կանոնադրական պահանջները։

-Ապահովել զորքերի ծառայության առանձին խնդիրների փոխկապակցվածությունը եւ անձնակազմի գործունեության արդյունավետությունը։

-Ձեւավորել գործնական փոխհարաբերություններ ենթակաների հետ, երիտասարդ սպաներին օգնել մասնագիտական գիտելիքների խորացման ու կազմակերպչական ունակությունների զարգացման հարցում։

-Մշտապես կատարելագործել զինվորական ծառայության անվտանգության ապահովման եւ կարգապահության վիճակի գնահատման մեթոդական պատրաստվածությունը։

Ներկայացնելով զինվորական ծառայության անվտանգությունը` որպես զորքերի ծառայության նոր բաղադրիչ, վարչության պետն ասաց.

-Ռազմական գործը միշտ էլ եղել է առավելագույն ռիսկի բնագավառ եւ, ցավոք, չի կարող լինել բացարձակ անվտանգ։ Ուստի պետական իշխանության մարմինները եւ հատկապես պաշտպանության նախարարությունը նպատակային աշխատանք է տանում զինվորական անձնակազմերի եւ զինծառայության պայմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման գաղափարական եւ իրավական հիմքերը սահմանելու նպատակով ՊՆ իրավաբանական, պաշտպանական քաղաքականության, ԳՇ ռազմավարական պլանավորման, ԶՈՒ ԱՀՏԱ, ԳՇ զորքերի ծառայության վարչությունների եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեց եւ 2010թ. գործողության դրվեց «ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման հայեցակարգը», որը բաղկացած է ընդհանուր դրույթներից եւ ներառում է «Զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքները», «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությունները», «ՀՀ ԶՈՒ-ում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի կիրառումը» գլուխներից եւ «Եզրափակիչ դրույթներից»։ Հայեցակարգի նպատակը ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության ապահովման աշխատանքների կազմակերպման ժամանակակից մոտեցումների մշակումն է, որը կհամապատասխանի ԶՈՒ բարեփոխումների արդի փուլի պահանջներին։

Կոնֆերանսի ընթացքում մանրամասն ներկայացվեցին վարչության անելիքները` անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նշվեց նաեւ, որ 2011թ. արտակարգ դեպքերի նվազեցման նպատակով եւս շահագրգիռ վարչությունների համատեղ ջանքերով կազմվել եւ ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատվելուց հետո վարչություններ, զորամիավորումներ եւ ՌՈՒՀ-եր է ուղարկվել «ՀՀ զինված ուժերի 2011թ. զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների պլանը»։

Գնդապետ Հայկ Կարապետյանն անդրադարձավ պահակային ու կայազորային ծառայությունների կազմակերպման խնդիրներին, զինվորականների տարաբնույթ գործողությունների (զորավարժություններ, վարժանքներ) ընթացքում տեղի բնակչության առողջության ու ունեցվածքի, շրջակա միջավայրի պահպանությանը, խաղաղ ժամանակ բնական եւ տեխնածին բնույթի աղետների հետեւանքների վերացման աշխատանքներում զորքերի ներգրավմանը։

-Եթե 2010թ. մեր այցերը զորամասեր հիմնականում եղել են ստուգողական բնույթի, ապա այս տարվա անցած ժամանակաշրջանում զորամասեր ենք գնացել օգնություն ցուցաբերելու համար։ Ամառային-աշնանային ուսումնական փուլում մեր այցերը զորամասեր հիմնականում հանկարծակի ստուգման բնույթ են ունենալու։

♦♦♦

«Զինվորական ծառայության անվտանգության բարոյահոգեբանական ապահովումը` որպես ԶՈՒ դեպք-պատահարների նվազեցման գրավական» թեմայով ելույթ ունեցավ ԱՀՏԱ վարչության բաժնի պետ փոխգնդապետ Արտյոմ Միքայելյանը։

Կենտրոնական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Միքայել Միքայլեյանի զեկույցի թեման էր` «Զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովումը` որպես ԶՈՒ դեպք-պատահարների նվազեցման գրավական»։ Նա անդրադարձավ նաեւ սահմանափակումներով ծառայության զորակոչվածներին, ներկայացրեց այն հոգեվիճակները, որոնց հետեւանքով մարդիկ դիմում են ինքնախեղման, ապա եւ՝ դրանց հնարավոր կանխարգելման մեթոդները։

♦♦♦

«Զորքերի ծառայության ճիշտ կազմակերպումը` որպես դեպք-պատահարների նվազեցման գրավական» թեմայով ելույթ ունեցավ զորքերի ծառայության գծով 2011թ. ձմեռային-գարնանային ուսումնական փուլի արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի հրամանատար փոխգնդապետ Ալեքսանդր Ցականյանը։ Նա մասնավորապես նշեց, որ հաջողությունը զորամիավորման վարչակազմի եւ զորքերի ծառայության վարչության հետ տարված համատեղ աշխատանքի արդյունք է։ Զորամասում մեծ ուշադրություն է դարձվում ներքին, կայազորային եւ պահակային ծառայությունների ուսուցմանն ու կազմակերպմանը։ ԶԾ կազմակերպումը եւ ղեկավարումը բոլոր կարգի հրամանատարների գործունեության կարեւոր բաղադրիչներից է։ Զորամասում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական պարապմունքներ, հրահանգավորումներ, բարձր հիմքերի վրա են դրված հրամանատար-ենթակա հարաբերությունները։ Զորամասի հրամանատարությունը ձգտում է օգնել եւ հնարավոր լավագույն լուծումը տալ զորամաս եկող երիտասարդ սպաների սոցիալ-տնտեսական հարցերին։

♦♦♦

«Միավորում-զորամիավորում օղակներում ԶԾԱ հայեցակարգի դրույթների իրականացման մեխանիզմը՝ ազգային բանակի օրինակով։ ԶԾԱ ձեռքբերումները» թեմայով ելույթ ունեցավ գնդապետ Սերգեյ Մամունցը, իսկ հարակից զեկույցով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զորքերի ծառայության աշխատանքները ներկայացրեց ինստիտուտի պետի ԶԾ գծով տեղակալ գնդապետ Ա. Մզիկյանը։

Ելույթների շուրջ ծավալվեցին քննարկումներ։

Կոնֆերանսի արդյունքներն ամփոփեց գնդապետ Հայկ Կարապետյանը։ Նա նշեց, որ 2011թ. ձմեռային-գարնանային ուսումնական փուլի արդյունքներն ամենաբարձրն են վերջին հինգ տարիների ընթացքում։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ