Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ
ԻՐԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ

ԻՐԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՄերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի համար լրջագույն վտանգ է դառնում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Պատժամիջոցներն ստիպեցին Իրանին մոբիլիզացնել ոչ միայն առկա ներուժը, այլ նաև տարածաշրջանի շիա ազգաբնակչությանը, ինչով Թեհրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի բոլոր հակամարտությունների մասնակից կողմը:

Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ի տարբերություն սուննիների, շիաներն ավելի համախմբված են ու նպատակասլաց: Ներկայումս նրանց ազդեցության տակ են Իրաքի և Սիրիայի կառավարությունները, «Հեզբոլլա» ռազմական խմբավորումը, ինչպես նաև Եմենի ապստամբները:

Սուննիների թիկունքին կանգնած են Սաուդյան Արաբիան, որի զինված ուժերը համեմատաբար թույլ են և պատրաստ չեն ցամաքային լուրջ գործողությունների, անկայուն Հորդանանը, տնտեսական ճգնաժամում գտնվող Եգիպտոսը, Եմենի նախկին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի կողմնակից զինված ստորաբաժանումները: Եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշի «հեռանալ» Մերձավոր Արևելքից, ապա Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում մեծամասնություն կազմող շիաները կկարողանան ձեռքի տակ վերցնել ամբողջ տարածաշրջանը:

Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դիրքերի թուլացումը կարող է փոխել նաև ասիական գործընկերների տրամադրվածությունը Վաշինգտոնի նկատմամբ և արտաքին քաղաքականության ուղեգիծը: Միևնույն ժամանակ Սպիտակ տանը ձեռնտու չէ նաև բացահայտ պայքար սկսել Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության մեծացման դեմ, քանի որ դա կարող է նոր լրջագույն խնդիրների հանգեցնել:

Օրինակ՝ Իրաքում Միացյալ Նահանգները փորձում էին նվազեցնել շիա կառավարության կախվածությունը Իրանից՝ տրամադրելով ահռելի ֆինանսական միջոցներ, զինելով և վարժելով իրաքյան բանակն ու ոստիկանությունը: Թեև ամերիկացիները ավելի լայն իրավունքներ էին պահանջում սուննիների համար, վերջիններիս մեծ մասը սատարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, իսկ շիաներն ստեղծեցին Իրանի կողմից հովանավորվող ինքնապաշտպանական զինված ստորաբաժանումներ: Բաղդադի կառավարությանը ոչինչ չէր մնում անելու, քան ավելի մերձենալու Թեհրանի հետ՝ ավելի հեռու պահելով սուննիներին իշխանական համակարգից:

Իրավիճակն է՛լ ավելի բարդ է Սիրիայում, որտեղ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունենալու հնարավորություն ստացավ եւ իր քայլերի մեծ մասը համաձայնեցնում է Իրանի հետ: Ավելին՝ ռուսական օդուժը հնարավորություն ստացավ հարվածներ հասցնելու ահաբեկիչներին իրանական տարածքից: Թեհրանը ոչ միայն ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին, այլև զինված ստորաբաժանումներ է ուղարկում հակակառավարական ուժերի դեմ կռվելու:

Եմենում շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունները ևս արդյունավետ չեն: Ահռելի թվով զոհերի մասին Արևմտքում նախընտրում են չխոսել, բայց, պարզ է, որ Սաուդյան Արաբիան ուժասպառ է եղել և առավելապես օդուժ է կիրառում, ռմբակոծում բնակավայրերը: Պատերազմը կարող է ավարտվել միայն Եմենը երկու մասի բաժանելով, և այդ դեպքում Իրանը Արաբական թերակղզու հարավում հենակետ ունենալու հնարավորություն կստանա:

Լիբանանում իշխում է ռազմական գործողությունների մասնակցության մեծ փորձ ունեցող «Հեզբոլլահ» խմբավորումը: Իրանի աջակցության շնորհիվ խմբավորումը լուրջ դերակատարություն ունի Սիրիայում, ինչը սպառնալիք է Իսրայելի համար: Անցած շաբաթ Իսրայելի զինուժը հարվածներ հասցրեց Դամասկոսի մոտ կենտրոնացած «Հեզբոլլահի» հենակետերին, ինչը Թել Ավիվի  և Մոսկվայի միջև որոշակի լարվածություն առաջացրեց:

Դեռ 2003 թվականին ԱՄՆ նախագահի վարչակազմը Իրանը ներառեց «սև առանցքի» ցուցակում, խոսվում էր նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հեռացումից հետո Թեհրանը որոշ զիջումների շնորհիվ կարողացավ կանխել  իր դեմ ռազմական գործողությունները: Այժմ Իրանում ուշադիր հետևում են Միացյալ Նահանգների քաղաքական ուղեգծին՝ Մերձավոր Արևեքում իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար:

Այսպիսով, Միացյալ Նահանգները կա՛մ կզիջեն Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը Ռուսաստանին, Իրանին կամ Չինաստանին, կա՛մ ստիպված կլինեն նոր իրավիճակ ստեղծել նյութական և մարդկային մեծ միջոցների հաշվին: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար աշխույժ արտաքին քաղաքականությունն առաջնահերթություն չէ, ուստի Սպիտակ տունը կարող է գնալ պակաս ծախսատար ուղիով:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ. լեյտենանտ