Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒԲԵՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
ՌՈՒԲԵՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

ՌՈՒԲԵՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԷԱպրիլի 7: Առավոտ: Թալիշի մարտական դիրքում զինվորները սպասում են զինամթերքի հերթական խմբաքանակին: Շարքային Ռուբեն Առաքելյանը քայլում է դեպի մեքենան, սակայն… Հակառակորդի դիպուկահարը թիրախավորում է նրան. զինվորը ողնաշարի ծանր վիրավորում է ստանում:

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Օրեր շարունակ բժիշկները պայքարում են Ռուբենին կյանք վերադարձնելու համար: Տասն օր անց նա վերջապես գիտակցության է գալիս: Ռուբեն Առաքելյանը 2015 թվականի հուլիսի 13-ին էր զորակոչվել:  Ուժեղ զինվոր էր: Բազում հաղթանակներ էր գրանցել հունա-հռոմեական ըմբշամարտում: Հիմա էլ նա պետք է պայքարեր հանուն կյանքի: Եվ այդ պայքարում նա մենակ չէր. հարյուրավոր մարդիկ այցելում էին վիրավոր զինվորին, ոգեւորում նրան: Նրանցից մեկն էլ ես էի: Ռուբենի մի քիչ ամաչկոտ, բարի ժպիտը մեխվեց հիշողությանս մեջ:

Երբ հարազատների ու բարերարների աջակցությամբ նրան տեղափոխեցին Գերմանիայի Բոն քաղաք, որտեղ նա պետք է վերականգնողական շրջան անցներ, նոր վիրահատություններ հաղթահարեր, ես միշտ աղոթում էի նրա ապաքինման համար:  Ութ ամիս շարունակ հետևում էի նրա ու  նրա ընկերների սոցիալական էջերին, գրառումներին. «Ռուբենը ժպտում է», «Ռուբենը շարժում է ձեռքը»,  «Բժիշկները քայլ առ քայլ ամրագրում են դրական տեղաշարժ»:  Այդ  գրառումներից,  նկարներից այնքան էի սրտապնդվում: Տասնութամյա հրաշք պատանին  ապրելու, հաղթելու իր ձգտումով, իր ամաչկոտ ժպիտով շարունակում էր զարմացնել ինձ: Երբեմն էլ նկատում էի, թե ինչպես է սոցիալա`կան կայքերում քաջալերում, ոգևորում ընկերներին:

ՌՈՒԲԵՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է…Այսօր արդեն Ռուբենը կարողանում է շարժել ձախ ձեռքը, վստահեցնում է` անպայման քայլելու է: Նամակներիս պատասխանում է հայատառ.

-Ուզած-չուզած՝ ձախլիկ եմ… Թե աջ ձեռքս աշխատի, ո՞նց եմ օգտագործելու, չեմ էլ պատկերացնում,-կատակում է:

Սիրած մասնագիտություն չի ունեցել, բայց հիմա բանակային գործն է սրտով:  Եթե սովորելու լինի, ուրեմն անպայման զինվորական պիտի դառնա.

-Այս ամենից հետո սիրտս կպել է զինվորական գործին,- ժպիտ է ուղարկում:-Թող մի քիչ լավանամ… Դեռ չլուծված հարցեր ունեմ թշնամու հետ, վրեժ ունեմ…

Ասում է` կարոտում է Հայաստանը, եւ այդ կարոտը ավելի է ուժեղացնում ապաքինվելու ցանկությունը:

Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ