Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԼԱԴԱՂԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԱԼԱԴԱՂԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

ԱԼԱԴԱՂԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ1915 թ. հուլիսի վերջին Դրոն իր գլխավորած 2-րդ կամավորական զորախմբով տասնյակ հազարավոր գաղթականության հետ հասնում է Իգդիր, որտեղ բարձրացնում է կամավորական զորախմբերով Տարոն և Սասուն արշավելու հարցը: Իգդիրում Հայոց Ազգային Բյուրոյի ներկայացուցիչների ու կամավորական զորախմբերի հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունենում խորհրդակցություն,  որի մասնակիցները քննարկում են ռազմաճակատում տիրող իրավիճակը, ինչպես նաև Տարոնին ու Սասունին օգնության հասնելու հարցը:

Խորհրդակցության մասնակից Սիմոն Վրացյանի վկայությամբ` «Դրոն նորից պնդում է իր առաջարկի վրայ` դնելով իր թեկնածութիւնը, բայց այս անգամ Անդրանիկի առարկությունները ավելի հիմնավոր էին և ցույց տված դժվարությունները` ավելի ակնյայտ»:

Իրոք, իրավիճակը ռազմաճակատում Սասուն արշավելու համար այլևս նախկինը չէր:

Սասունի լեռներում ապաստանած տարոնահայությանը օգնության հասնելու վերաբերյալ որոշակի դրական որոշում չկայացվեց, բայց այդ հարցում նրա վճռականությունն ու տրամադրվածությունը անսասան էին: Եվ միայն շաբաթներ անց նրա համառ պահանջներից հետո բարձրաստիճան հրամանատարությունը վերջապես համաձայնում է, որ Դրոն հայ կամավորական զինախմբերից կազմած զորամասով արշավի Տարոն և Սասուն:

Այդ ժամանակ ռազմաճակատում գտնվող և  իրադարձություններին քաջատեղյակ Կարո Սասունու հավաստմամբ, Դրոն ռուսական բանակի հրամանատարությանն է ներկայացնում Տարոն և Սասուն արշավելու  համարձակ մի ծրագիր, որը հավանության է արժանացնում գեներալ Օգանովսկին:

Դրոյի ծրագիրը թեպետ շատ հետաքրքիր էր և համարձակ, բայց այդ օրերի համար անիրականանալի: Մանազկերտից մինչև Քան (Սասունի լեռնաշղթա) ձգվող 120 կմ երկարություն ունեցող տարածքում ամուր նստած էին թուրքական կանոնավոր բանակի բազմաթիվ զորամասեր, որոնց շարքերը 200-300 մարտիկներից բաղկացած հեծելախմբով ճեղքելն ու հաջողությամբ Սասուն հասնելը գրեթե անիրագործելի խնդիր էր: Բացի դրանից, Ալատաղի և Զիլանի քրդերը, քաջալերվելով Բերկրիի կիրճում հայ գաղթականության կոտորածից և կողոպուտից, սկսել էին հարձակումներ ձեռնարկել ոչ միայն դեպի Բերկրի և Աբաղայ, այլև դեպի Ալաշկերտի դաշտն ու Մանազկերտ տանող ճանապարհները:

Քրդական հրոսակախմբերի գործողությունների հետևանքով ռազմաճակատում ստեղծված  իրավիճակը ստիպում է Դրոյի մտահղացած ծրագիրը: Նախ՝ անհրաժեշտ էր վնասազերծել քրդերի հարձակումները, ապահովել թիկունքի անվտանգությունը, ապա նոր միայն ձեռնամուխ լինել Տարոն և Սասուն արշավելուն:

Ռուսական 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օգանովսկին  Դրոյին հանձնարարում է մեկ այլ պատասխանատու առաջադրանք, որն ընդունված է անվանել «Ալադաղի արշավանք»:

Քանի որ Ալադաղի շրջանի քրդական զինյալ հեծելախմբերը արագ տեղաշարժերով բազմիցս հարձակումներ էին գործում ռուսական թիկունքային զորամասերի,  գումակների և հաղորդակցության ուղիների վրա, Ալադաղի տարածքը քրդական հրոսակախմբերից մաքրելը շատ կարևոր էր նաև ռուսական հրամանատարության համար: Ռուսական 4-րդ կորպուսի հրամանատարությունը Դրոյի տնօրինությանն է հանձնում կազակական երկու հեծյալ հարյուրյակ:

Կամավորական մյուս զորախմբերը մի փոքր դադար առնելու նպատակով տեղափոխվում են թիկունք: Այդ ընթացքում նրանք պետք է համալրեին իրենց մարտաշարքերը, վերախմբավորեին ուժերը, հանգստանային, կազդուրվեին և պատրաստվեին նոր գոտեմարտերի:

Սեպտեմբերի 6-ին 2-րդ կամավորականը հասնում է Դիադին և միանալով ռոտմիստր Կորոլկովի (ազգությամբ ռուս Կորոլկովը, հետագայում գնդապետ, ռուսական բանակի հեռանալուց հետո մնում է հայկական զորքերի կազմում և կռիվների մեծ մասում մարտնչում է Դրոյի ընկերակցությամբ – Հ.Գ.) գլխավորած երկու հեծյալ հարյուրյակներին, պատրաստվում է հաջորդ օրն իսկ դիմելու վճռական գործողությունների: Դրոյի մտահղացմամբ՝ պատժիչ զորախմբի գործողությունների հանկարծակիությունն ու անսպասելիությունը հուսալիորեն ապահովելու և թշնամուն անակնկալի բերելու նպատակով զորախումբը բաժանվում է երկու զորասյուների, որոնք պետք է գործեին փոխհամաձայնեցված և հնարավորինս գաղտնի: Զորասյուներից յուրաքանչյուրին հատկացվում է հայ կամավորների և ռուս զինվորների մեկական հեծյալ հարյուրյակ: Զորասյուները պետք է աննկատ և զգուշորեն անցնեին Զիլանձորի արևմտյան բարձրությունների վրա իշխող Ալադաղի ամենաբարձր գագաթը՝ Կոճպաշը և արևելքի ու արևմուտքի ուղղությամբ հարձակվեին քրդերի վրա: Նախապատրաստական աշխատանքներն ավարտելով գիշերը՝ զորասյուները լույսը բացվելուն պես անաղմուկ սկսում են առաջխաղացումը: Միաժամանակ քրդերի նահանջի ճանապարհները փակելու նպատակով առանձնացվում է 80 զինվոր թվակազմով կազակական ջոկատ, որը դիրքեր է գրավում Բերկրիի ձորի հյուսիսային բարձունքներին:

Համաձայն վաղօրոք մշակած մարտավարության՝ որոշում են նախ հարձակում ձեռնարկել այն տարածքի վրա, որտեղ գտնվում էին Սեյիտ բեկի, Հազո բեկի, Շեյխ Սալա բեկի և Ալի բեկի քուրդ ցեղերը, որոնք էլ կոտորածների ժամանակ ամենից անգութն էին եղել:

Որքան էլ պատժիչ զորախումբը, համաձայն Դրոյի խստագույն հրահանգի, գործում էր անաղմուկ ու զգուշորեն, այնուամենայնիվ, քրդերը նկատում են և հրացանի կրակոցներով իրենց ցեղակիցներին գուժում հայերի հարձակումը: Քրդերը դուրս թափվելով վրաններից՝ հասցնում են դիրքեր գրավել և սկսում են եռանդուն պաշտպանվել: Բայցեւայնպես, նրանց դիմադրությունը երկար չի տևում: Մինչ քրդերը կհասցնեին դիրքեր գրավել, սարերի արևելյան կողմից անսպասելիորեն հայտնվում է պատժախմբի մյուս զորասյունը եւ հեծյալ ու հետևակ մարտաշարքերով հարձակվում քրդերի վրա: Հանկարծակիի եկած քրդերը, խուճապի մատնվելով, լքում են մարտադաշտն ու փորձում փախչել:

Այս ցեղախմբերի դեմ ձեռնարկած գործողության արդյունքը, նախկինի համեմատությամբ, մի փոքր համեստ էր: Քուրդ հովիվները պատահականորեն նկատում են հարձակվողներին և կարողանում փախչել ու լուր հասցնել իրենց ցեղակիցներին: Քրդերի մի մասին հաջողվում է տարբեր ուղղությամբ հեռանալ և ազատվել: Մյուս մասը զոհ է դառնում վրեժխնդիր հայ զինվորների համազարկերին:

Սեպտեմբերի 13-ին պատժիչ զորախումբը ձեռնամուխ է լինում Զիլանի քրդերի «մաքրման» գործողությունների իրականացմանը: Եվ որպեսզի գործողությունն ընթանա առավելագույն արդյունավետությամբ, զորախմբի հրամանատարությունը վճռում է նախ և առաջ գրավել և փակել քրդերի փախուստի հնարավոր ճանապարհները դեպի Զիլանաձոր և Բերկրի: Լուսաբացին երկու հարյուրյակ արագորեն առաջ է շարժվում և մոտենալով հնարավոր անցատեղերին՝ փակում նահանջի ուղիները, իսկ զորախմբի մյուս ուժերը գրեթե նույն ժամանակամիջոցում հարձակվում են քրդերի բնակատեղերի վրա: Հուժկու հարվածներից սարսափի մատնված քրդերը, հասկանալով իրենց վիճակի ողջ անհուսությունն ու կործանման ստույգ վտանգը, փորձում են բանակցությունների մեջ մտնել հարձակվողների հետ: Կամավորների պահանջը մեկն էր, բոլոր տղամարդիկ և առաջին հերթին նրանց առաջնորդները` շեյխ Մարուֆը և Մուստաֆա բեկը, իրենց որդիներով և եղբորորդիներով, առանց որևէ նախապայմանի, պետք է զինաթափվեին և գերի հանձնվեին: Իմանալով, որ հայ մարտիկները կանանց և երեխաներին կխնայեն, քուրդ հրոսակները քշում են նրանց հայկական զորախմբի դեմ հանդիման, իսկ իրենք դիրքավորվում են կենդանիների ու կանանց շարքերում:

Կռիվը չթուլացող ուժգնությամբ շարունակվում է գրեթե հինգ ժամ: Այդ օրը եղանակն էլ կարծես օգնել է քրդերին. տեղացել է ուժեղ կարկուտ և անձրև, ու քրդերի մի մասը կարողացել է փախչել ու ազատվել: Հայ զինվորները, փակելով քրդերի փախուստի հնարավոր ճանապարհները, կազակների համագործակցությամբ շրջապատում են և անխնա կոտորում քուրդ տղամարդկանց:

Զիլանի քրդերի հաշիվները մաքրելուց հետո Դրոյի զորախումբն անցնում  է հյուսիս և գերեվարում ու զինաթափում այդ շրջանների քրդերին: Մի հետաքրքիր փաստ.  այն շրջանի քրդերը, որոնք չէին մասնակցել հայերի կոտորածներին ու առանց դիմադրելու դիմավորել էին կամավորներին, որևէ բռնության չեն ենթարկվել: Նրանք միայն զինաթափվել են:

Հայերի վրեժխնդրության հաջորդ զոհը հայ բնակչության նկատմամբ իրենց ընդգծված դաժանությամբ աչքի ընկած Ալադաղի և Դիադինի քրդերն էին, որոնք, լսելով պատժիչ զորախմբի գործողությունների մասին, այդ օրերին անցել էին Թութաքի կողմը և պատսպարվել Թանթուրաքի արոտավայրերում և քարանձավներում: Պատժիչ զորախումբը դատաստան է տեսնում նաեւ նրանց ապաստան տվողների, ապա այդ վայրերում պատսպարվածների նկատմամբ:

Մոտ մեկ ամիս է տևում «Ալադաղ» պատժիչ զորախմբի արշավանքը: Հայրենակիցների կործանման ցավով ու վրեժխնդրությամբ բռնկված Դրոն Զեմլյակի, Յապոնի, Խոսրովի հեծելախմբերի և ռոտմիստր Կորոլկովի զորամասի գլուխ անցած` ներխուժում է Դոմպանտի, Զիլանի և Ալադաղի շրջանները և կոտորում այդ շրջանների թուրք-քրդական խմբերին:

Պատժիչ արշավանքը ունեցավ փայլուն եւ արդյունավետ ավարտ: Արշավանքի ժամանակ զոհվում են 6 հայ կամավորներ, իսկ ռուս զինվորներից ընդամենը 4-ը վիրավորվում են:

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր