Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՏԼԵՐ
ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՏԼԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՏԼԵՐԹվում է` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անհավասարակշռված և հոգեկան շեղումներ ունեցող անձ է, սակայն իրականում իր հակասական պահվածքով և իրարամերժ հայտարարություններով նա կարծես շոշափում է Թուրքիայի շուրջ արկա աշխարհաքաղաքական դաշտը և փորձում առավելագույն օգուտներ քաղել:

Էրդողանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը՝ երկրում ստեղծելով քաոս ու դառնալով «Թուրքիայի փրկիչը»: «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ոչնչացնելով թուրքական առաջադեմ գեներալիտետը և այս տարվա հուլիսին փաստացի սանձազերծելով, ապա  նաև դաժանաբար ճնշելով հեղաշրջման փորձը՝ նա կարողացավ դառնալ թուրքական պետության միակ իրական առաջնորդը: Միևնույն ժամանակ նա նպաստեց քուրդ բնակչության պայքարի ակտիվացմանը՝ նախևառաջ քրդական ազատագրական շարժումը տապալելու համար: Թվում է, թե Թուրքիայի հարավ-արևելքի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները խարխլում են թուրքական պետությունը, սակայն դա միայն պատրանք է. քրդական ազատագրական խմբավորումների դեմ պայքարի քողի տակ Էրդողանը լուծում է նաև խիստ կարևոր աշխարհաքաղաքական հարցեր՝ մխրճվելով Սիրիա և Իրաք: Բացի այդ, քրդաբնակ շրջաններում ռազմական գործողությունների շնորհիվ Էրդողանը կարողանում է մարտունակության բարձր մակարդակի վրա պահել թուրքական բանակը և պետական բյուջեից հսկայածավալ միջոցներ ուղղել այդ ոլորտ:

Քրդական բնակչության «հնազանդեցման» գործընթացն սկսվել է դեռեւս 2010-2012 թվականներին՝ երբ իշխող թուրքական վերնախավը երբեմն հայտարարություններ էր հնչեցնում այդ շրջանների հայկական անվանումների վերականգնման, հայկական երկու եկեղեցի իրենց օրինական տերերին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Պատահական չէ, որ Թուրքիան վերջերս կարողացավ ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական ժառանգության ցուցակում ավելացնել նաև Անին՝ որպես Միջնադարյան Հայաստանի և սելջուկյան մշակութային ժառանգություն: Եվ ընդհանրապես՝ հայկական գործոնը Էրդողանի համար դարձել է խիստ կարևոր: Հենց այս օրերին փաստացի ոչ առանց էրդողանի միջամտության կարող է հանգուցալուծվել Կ. Պոլսի պատրիարքարանի առաջնորդի հարցը: Թուրքիայում կրկին ֆինանսավորվելու է նաև հայկական մամուլը: Նախ՝ դրանով նա կկարողանա համակարգել ու վերախմբավորել Թուրքիայի հայությանը, և երկրորդ, ինչպես անցած դարերում, պատրիարքարանը հակադրել Էջմիածնին և Անթիլիասին: Այսպիսով, Էրդողանը ցանկանում է վերադարձնել նաև Օսմանյան կայսրության բովանդակությունը՝ ցուցադրելով, թե իր կողմից ստեղծվող նոր պետության մեջ ազգային ու կրոնական որևէ խտրականություն չկա: Չի բացառվում, որ հայությանը սիրաշահելու համար Էրդողանը առերես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Կ.Պոլսի նոր առաջնորդարանը նաև կարող է օգնել Էրդողանին վերականգնելու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում Թուրքիայի համբավը՝ իբրև աշխարհիկ և ժողովրդավարական ճանապարհով ընթացող պետություն: Էրդողանի վերջին հայտարարությունները Շանհայան Համագործակցության կազմակերպությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին անակնկալ էին և՛ ԵՄ կառույցների, և՛ ՆԱՏՕ-ի համար: Այժմ Էրդողանը կարող է որոշ քաղաքական դիվիդենտներ ստանալ՝ օգտագործելով հայկական պատրիարքարանի գործունեության փաստը:

Եվրամիության հետ լարված հարաբերությունների ֆոնին Էրդողանը կարողացավ աննախադեպ հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ: 2015 թվականի նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Մոսկվայում չեն շտապում կուրորեն հավատալ Էրդողանի անկանխատեսելի պահվածքին, ինչին նա «ըմբռնումով» է մոտենում: Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ Ասադին հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը կարծես ռուս-թուրքական նորացված հարաբերությունների հերթական փորձաքարն էր: Մոսկվան այս անգամ արտաքուստ լռեց, իսկ Էրդողանը կրկին շտապեց վերախմբագրել իր խոսքերը:

Ներկայումս թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան շահագրգռված են գոյություն ունեցող հարաբերությունների պահպանմամբ: Անկարայի գործոնն օգտագործելով՝ Մոսկվան փաստացի խարխլում է ՆԱՏՕ-ն՝ կասկածի տակ առնելով «Իսլամական պետության» դեմ Արևմուտքի «անշահախնդիր պայքարը»: Ռուսաստանը պատրաստ է աչք փակելու Թուրքիայի ոչ հավասարակշիռ պահվածքի վրա նաև «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը իականություն դարձնելու համար:  Անկարան էլ իր հերթին ռուսական ազդեցությամբ փորձում է վերականգնել իր հզոր դերակատարությունը տարածաշրջանում: Ադրբեջանի և Պակիստանի միջև նոր «սիրախաղերը», ԵԱՏՄ-ում Ղազախստանի դերի մեծացումը, թուրք-ղրղըզական հարաբերությունների սառեցումը Թուրքիային ստիպում են ապավինելու Ռուսաստանի բարյացակամ տրամադրվածությանը: Սակայն Մոսկվայի և Անկարայի համար դեռ անհասկանալի են  ԱՄՆ նոր վարչակարգի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգիծը և տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը: Բնական է, որ Ռուսաստանը ցուցաբերում է առավելագույն զգուշավորություն՝ հանդես գալով որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական երաշխավոր:

Խառնակ են նաև Թուրքիայի երբեմնի դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները: Ու թեև երկու երկրները վերականգնել են դիվանագիտական շփումները, այնուամենայնիվ Անկարան հիշեցրել է, որ դեռ չի պատրաստվում ներել Թել Ավիվին Գազայի ռմբակոծությունների և թուրքական նավերի հետ կապված միջադեպի համար: Այդպիսով՝ Թուրքիան իրեն հետքայլի հնարավորություն է թողնում արաբական երկրների և Իրանի հետ հարաբերությունները չվնասելու նպատակով:

Ցանկանալով ընդգծել Արևմուտքից իր անկախությունը՝ Էրդողանը հանդես եկավ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ ազգային տարադրամով առևտրային հարաբերություններ իրականացնելու առաջարկով՝ այս կերպ փորձելով իր երկիրը ապահովագրել հնարավոր արտաքին տնտեսական միջամտությունից:

Կարելի է փաստել, որ Էրդողանն իր աննախադեպ պահվածքով ու հայտարարություններով հանդերձ կարողանում է ուղղորդել ոչ միայն զուտ ներանձնական, այլ նաև պետական շահերը: Խուսանավելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ նա առաջ է տանում իր քաղաքականությունը: Արդեն ամրացել է Սիրիայում և Իրաքում, փորձում է վերականգնել Թուրքիայի խարխլված դիրքերը հետխորհրդային թյուրքալեզու երկրներում: Երբեմն էլ քաղաքական վերնախավի իրարամերժ ու սկանդալային հայտարարությունների միջոցով փորձում է ուղենշել իր խուսանավման ճանապարհները: Ժամանակին նման պահվածք դրսևորեց Ադոլֆ Հիտլերը, որը ևս իր անհավասարակշիռ պահվածքով հասարակ կուսակցականից դարձավ ազգային հզոր առաջնորդ:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ. լեյտենանտ