Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ



Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸՀայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն: Իրոք, Պակիստանը աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որոնք քառորդ դար անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը:

Այս վճռական քայլը նաեւ նախազգուշացում է այլ երկրներին, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանելու իր շահերը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով վճռական քայլերի:

Պակիստանի հակահայ դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախությանը: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների ելույթները 1970-1980-ական թվականներին,  Ժնեւում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումների:

Հայաստանի անկախացումից հետո Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի դեմ: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը Պակիստանից եւ Աֆղանստանից մոջահեդ ահաբեկիչներ էր վարձել հայերի դեմ կռվելու համար: Այդ ժամանակից ի վեր Պակիստանը եւ Ադրբեջանը ամրապնդել են իրենց տնտեսական եւ ռազմական հարաբերությունները: 2010 թ. Բաքու կատարած այցի ժամանակ Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում եւ պաշտպանական արդյունաբերության մեջ»: Ի պատասխան՝ նախագահ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձեւի» օգտին քվեարկելու եւ Հայաստանը չճանաչելու համար»:

2015 թ. մարտին Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը Բաքվում հայտարարեց. «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաեւ նշեց, որ Պակիստանի Սենատը ճանաչել է  «ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում» որպես ցեղասպանություն:

Այս տարվա ապրիլին Պակիստանի ԱԳՆ-ն մեղադրեց Հայաստանին՝ «շարունակական հրետակոծությամբ հրադադարի ռեժիմը խախտելու» համար: Ավելի ուշ, Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասաց, որ Ադրբեջանը ձգտում է ռազմական տեխնիկա ձեռք բերել Պակիստանից: Այդ հարցով սեպտեմբերի 27-ին Բաքվում քննարկում եղավ Պակիստանի պաշտպանության նախարար Ռանա Թանվիրի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ:

Հոկտեմբերի 14-ին էլ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը խոսեց համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: Նա նաեւ «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման եւ տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիեւն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը՝ Ջամուի եւ Քաշմիրի՝ Հնդկաստանի հետ վիճելի տարածքների հարցում: Մեկ ամիս անց Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովին հիշեցրեց, որ իր երկիրը երրորդն էր Թուրքիայից եւ Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը, ապա խոստացավ շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին:

Ադրբեջանից հետ չի մնում նաեւ Թուրքիան: Նոյեմբերի 17-ին նախագահ Էրդողանը այցելեց Պակիստան, որտեղ վարչապետ Նավազ Շարիֆը ողջունեց նրա այցը իր «երկրորդ տուն»: Էրդողանն էլ հայտարարեց. «Ամբողջ աշխարհը պետք է ընդօրինակի Պակիստանին…»:

Հայաստանի Հանրապետությունը եւ Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին եւ հակահայ քաղաքականություն որդեգրած այլ պետություններին՝ վիժեցնելու հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու նրանց մտադրությունները: Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է մի քանի անհրաժեշտ քայլ կատարի.

-ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում պետք է դեմ քվեարկի հօգուտ Պակիստանի ցանկացած հարցի.

-արգելափակի Պակիստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն ուղղված ջանքերը.

-կողմ լինի Հնդկաստանի դիրքորոշմանը՝ Ջամուի եւ Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ վեճում.

-ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին՝ լսումներ անցկացնելու Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Տարածաշրջան


08/12/2016