Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄՄիջազգային շուկայում նավթի գնի անկումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպում է իր ներքաղաքական դիրքերի ամրապնդման համար կրկին դիմելու կեղծ քարոզչության: Պետական բյուջեից պաշտպանական ոլորտին նոր մեծածավալ հատկացումներն արդարացնելու նպատակով նա Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություն է արել: Այս անգամ ևս Իլհամ Ալիևը չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղի տարածքով եւ հավակնություններ է ներկայացրել Զանգեզուրի, Սևանա լճի, նույնիսկ՝ Երևանի նկատմամբ: Բաքուն պատրաստվում է «ազատագրել» ՀՀ այդ տարածքները «խաղաղ ճանապարհով»:

Ալիևի այս «հավակնոտ» հայտարարությունները հնչել են Արցախի Հանրապետությանը սահմանակից Թարթառի շրջանում, որտեղ նա մասնակցել է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական հրետանու պատասխան կրակից տուժած ազգաբնակչության հետ հանդիպմանը: Հատկանշական է, որ Թարթառի շրջանի մոտ 250 «վնասված տուն վերականգնվել է» միայն յոթ ամիս անց, այն դեպքում, երբ Ադրբեջանը հսկայական եկամուտներ է ստանում նավթի վաճառքից, և դեռ ադրբեջանական ղեկավարությունը բազմիցս  բարձրաձայնել է «տնտեսական հաջողությունների» մասին: Իրականում, Ալիևը պատերազմից տուժած շրջաններ է այցելել, մասնակցել վերականգնված տների հանձնման արարողությանը և հնչեցրել նման հայտարարություններ, քանի որ Արցախին սահմանամերձ ադրբեջանական համայնքներում գերիշխում է դժգոհությունը իշխանությունների հանդեպ, մանավանդ, որ մշտապես առկա է ադրբեջանական զինուժի հերթական արկածախնդրության հետևանքով հայկական կողմի պատասխան կրակի տակ հայտնվելու վտանգը:

Նոր «հաղթական պատերազմի» մասին հայտարարություններով Իլհամ Ալիևը փորձում է արդարացնել ռազմական ոլորտում ադրբեջանա-պակիստանյան նոր գործարքներն ու ներդրումները Պակիստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում, այլ ոչ թե սեփական երկրի տնտեսության մեջ: Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է նաև բարձրացնել սեփական բանակի մարտական ոգին: Չի բացառվում, որ սա Ալիևի վարչակարգի հերթական «դեմարշն» է ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովի ձեւաչափում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանն ընդառաջ:

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությունը նույն օրը «հերքվեց»: Պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին, թե Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, թեև «հայկական պետությունը դեռ 1918-1920 թվականներին ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա»:

Անհերքելի է, որ Ալիևի նման հայտարարությունները ներքին սպառման համար են: Պարզ է նաև, որ Ալիևի վարչակարգը արտաքին ուժերի միջամտությունից հետո ստիպված եղավ «խմբագրել» իր հավակնությունները: Բաքվում թերեւս մի քիչ ուշացումով հասկացան, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ սպառնալիք ուղղակիորեն աշխուժացնում է մի քանի ռազմաքաղաքական պայմանագրեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի: Իսկ այս պահին Մոսկվայի հետ որևէ լարվածություն Ալիևին ձեռնտու չէ: Բացի այդ, նման հայտարարությունները ծիծաղելի են նաև Արևմուտքի համար: Թեև Զանգեզուրի և Երևանի մասին հայտարարությունները «վերանայվել են», այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները կարողացել են բնակչության շրջանում որոշակի պատրանք ստեղծել բանակի «անպարտելիության», «Հզոր Ադրբեջանի» վերաբերյալ: Այն, ինչ պետք է երկրի կառավարող շրջանակներին իրենց դիրքերը պահելու  համար:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ