Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ
ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում. Հողատիրության ձեւերը

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄՀասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայի հայկական պետության որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ: Հետագայում Կիլիկիայում հաստատվեցին նաև խաչակիրներ, որոնք ռազմական ծառայության դիմաց հողեր էին ստանում հայ իշխաններից ու թագավորներից: Հայկական ավատատիրությունը բյուզանդական և արևմտաեվրոպական ազդեցության ներքո ունեցավ որոշ վերափոխություններ: Ստեղծված պայմաններում Կիլիկիայում ձևավորվում են հողատիրության մի քանի տիպեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական:

Թագավորին պատկանող հողերը, քաղաքներն ու բերդերը կոչվում էին արքունի կամ թագավորական: Արքունի հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվաճման, գնման և բռնագրավման ճանապարհներով:

Կիլիկիայում հաստատված իշխանների մի մասն ուներ տիրույթներ, որոնց տիրում էր ժառանգաբար՝ որպես սեփականություն: Այս տիրույթները կոչվում էին հայրենիք, իսկ նրանց տերերը՝ հայրենատեր-բերդատերեր: Թագավորը և հայրենատեր-բերդատերերը ռազմական և վարչական ծառայության դիմաց առանձին մարդկանց պայմանական հողատիրության սկզբունքով հողեր էին տրամադրում: Այս հողերը թեև կարող էին անցնել հորից որդուն, բայց ստացողի սեփականությունը չէին և ծառայությունը թողնելու դեպքում հետ էին վերցվում:

Կիլիկիայում կային բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք ունեին մեծ չափերի հասնող հողատարածքներ: Վանքապատկան հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Եկեղեցիներին ու վանքերին հատկապես մեծ նվիրատվություններ էին կատարում թագավորները և իշխանները:

Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմաններով տրվում էր օգտագործման գյուղացիներին: Տնամերձ հողերը գյուղացիների սեփականությունն էին: 15-20 տարին մեկ տեղի էր ունենում հողերի վերաբաժանում:

 

Գյուղական համայնքը

Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն, և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, պսակադրության, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել:

 

Քաղաքները. Քաղաքային կյանքը

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա:

Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներն էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը: Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը քրիստոնյաների ձեռքին էր: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր:

Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես, 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Քաղաքային բնակչության նշանակալի մասն զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորներն ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշակերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո:

Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:

Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումն սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

 

Արքունիքը

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որի մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվից՝ Հայոց թագավորը: Նրանք էին պատերազմ հայտարարում, հաշտություն և դաշինք կնքում, քաղաքներ ու ամրոցներ հիմնադրում, դրամներ հատում և լուծում գահաժառանգման խնդիրը:

Երկրի գործադիր իշխանությունը թագավորն իրականացնում էր գործակալությունների միջոցով: Տասից ավելի գործակալությունների մի մասը նման էր Հայաստանում եղածներին, իսկ մյուսները նոր էին:

Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց թագադիր գործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, ինչպես նաև հետևում էր արքունի արարողակարգի պահպանմանը:

Խնամակալություն (պայլություն) գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ նրա բացակայության դեպքում փոխարինում էր նրան: Թագավորի անչափահասության դեպքում պայլն իրականացնում էր ոչ միայն նրա, այլև ամբողջ երկրի խնամակալությունը:

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալի դերը, որը տնօրինում էր արքունի եկամուտները և ծախսերը:

Գործակալությունների մեջ բավական ազդեցիկ էր արքունի քարտուղարությունը, որի գլխավոր պաշտոնյան կոչվում էր կանցլեր: Սովորաբար նա էր ղեկավարում բանակցություններն օտար երկրների հետ:

Երկրի զինված ուժերը կազմակերպելու և ղեկավարելու համար ստեղծվել էր երեք գործակալություն՝ սպարապետություն, սպասալարություն, մարաջախտություն (մատակարարման): Սպարապետին Կիլիկիայում անվանում էին նաև գունդստաբլ: Նա բանակի ընդհանուր հրամանատարն էր: Բանակում մեծ էր արքունի հեծելազորի հրամանատարի՝ սպասալարի դերը: Բանակի սպառազինության և պարենի մատակարարմամբ զբաղվում էր մարաջախտությունը, որի ղեկավարը կոչվում էր մարաջախտ:

 

Շարունակելի