Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ»

Սպաներին կրթելու և դաստիարակելու մեթոդների շարքում իր նշանակությամբ առանձնանում է անձնական օրինակի մեթոդը: Բազմաթիվ զինվորականներ իրենց նվիրված ու անբասիր ծառայությամբ, մարտի դաշտում ձեռք բերած գիտելիքներով ու հարուստ փորձով վաստակել են մասնագիտական յուրատեսակ «չափանիշ» լինելու իրավունքը, որին ծանոթանալով` երիտասարդներն իրենք էլ ձգտում են դրսևորվել լավագույն կողմերով:

Այդ առումով մեծ կարևորություն ունի հայկական զինված ուժերում «Պատիվ ունեմ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների շարքը, որի շրջանակներում զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան զինվորականներ հասարակությանը ներկայացնում են իրենց կենսագրությունը, անցած ուղին, պատմում որպես զինվորական կայանալու իրենց դժվարին ու պատասխանատու ճանապարհի մասին:

Օրերս այդ խորագրի ներքո առաջին անգամ միջոցառում անցկացվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Տարբեր կուրսերի կուրսանտների, նրանց ծնողների, բազմաթիվ հյուրերի հետ հանդիպեց ռազմական ինստիտուտի պետի տեղակալը:

«Պատիվ ունեմ ներկայանալու` գնդապետ Պողոս Գառնուշի Աբրահամյան»,-այսպես սկսեց իր խոսքը վաստակաշատ գնդապետը, ապա ներկայացրեց կենսագրական համառոտ տվյալներ, իր մարտական ուղին: Հավաքվածներն իմացան, որ սկզբնապես նա քաղաքացիական կրթություն է ստացել, իսկ 1988-1991թթ. ծառայել է խորհրդային բանակում որպես դասակի, ապա վաշտի հրամանատար: Զորացրվելուց հետո աշխատել է Գյումրիում որպես զինղեկ: 1992թ. հոկտեմբերի 1-ից ազգային բանակի շարքերում է: Ավարտել է Հունաստանի ցամաքային զորքերի և ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիաները: Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչությունում: Այդ տարիներին նրա ղեկավարությամբ կազմվել և հրատարակվել են «Մարտական կանոնադրություն» և շարային պատրաստության կանոնագրքերը, բազմաթիվ ծրագրեր և մեթոդական ձեռնարկներ: 2008թ. վերջից Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալն է:

Պատերազմական տարիներին նախ կամավորական ջոկատների, ապա կանոնավոր բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Լաչինի, Տավուշի գյուղերի ազատագրման և պաշտպանության մարտերին, Հորադիզի, Քարվաճառի ազատագրման գործողություններին:

Գնդապետ Աբրահամյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», «Արիության», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով:

Հավաքվածները հետաքրքրությամբ ծանոթացան գնդապետ Աբրահամյանի ծառայողական ու մարտական ուղուն, հայկական բանակի պահանջներին համապատասխան սպայակազմի ձևավորման առանձնահատկություններին: Ռազմական ինստիտուտում միջոցառման անցկացումը կարևոր էր նրանով, որ հիմնական ունկնդիրները կուրսանտներն էին` ապագա սպաները: Ռազմական բուհն ավարտելուց հետո նրանք «լեյտենանտ» սպայական կոչմամբ ծառայության են անցնելու տարբեր զորամասերում, և մասնագիտական արժանապատիվ ծառայության յուրաքանչյուր օրինակ նրանց հետագա վերելքի խթան կդառնա: Նրանք են վաղվա մեր գեներալներն ու գնդապետները, եթե հիմքը ճիշտ դրվի, դրական և գնահատանքի արժանի օրինակներ ունենան իրենց առջև, տարիներ անց այսօրվա կուրսանտները կարծիք կձևավորեն, «պատիվ կունենան» ներկայանալու ենթականերին և ամբողջ հասարակությանը:

Ամփոփելով միջոցառումը և ներկայացնելով գնդապետի ծառայակից ընկերների գնահատականը` ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Մեխակ Հակոբյանը, մասնավորապես, նշեց, որ գնդապետ Աբրահամյանը ծանոթ է առաջնագծի բոլոր հատվածներին, անցել է խրամատներով, լավատեղյակ է բանակի խնդիրներին ու հոգսերին: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին պաշտպանության նախարարի վարած քաղաքականության համաձայն` ռազմական ինստիտուտի պատասխանատու պաշտոններում նշանակվում են բանակով անցած, բանակը լավ իմացող անձինք, ովքեր կկարողանան կուրսանտներին կրթելիս ու դաստիարակելիս կիրառել անձնական օրինակի մեթոդը, զորամասային առօրյայի հետ կապված կոնկրետ խնդիրների մասին պատմել դրանց լուծման կոնկրետ օրինակներով: Այդպիսին է նաև գնդապետ Պողոս Աբրահամյանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր