Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԶԻՆՎՈՐ ԵՂԻՐ



Ծնողների ուրախությունն իրենց զավակներն են։ Մանվել եւ Լիլիթ Զոհրաբյանների ընտանիքը հպարտանալու տեղ ունի. իրենց զավակները՝ Անին եւ Վահանը, բարեկիրթ, մեծի հարգն իմացող, հրաշալի երիտասարդներ են։

Վահանը ծառայում է բանակում եւ օրերս արձակուրդ էր եկել։ Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող է, առայժմ կիսատ է թողել ուսումը, որ հայրենիքին իր պարտքը տա։

-Դժվա՞ր է բանակում,- այս հարցը երեւի հազար անգամ տվել եմ բանակում ծառայող տարբեր զինվորների։

-Ո՛չ,- պատասխանում է Վահանը։

Սա իմ լսած երեւի հազարմեկերորդ «ոչ»-ն է։

Ինչ խոսք, բոլորս էլ լավ գիտենք, որ բանակային ծառայությունը խաղ ու պար չէ, բազմաթիվ ու բազմապիսի դժվարություններ կան, բայց այն, որ մեր հայ զինվորը չի տրտնջում, չի բողոքում, արժանապատվորեն ծառայում է, հպարտանալու եւս մեկ հաճելի առիթ է տալիս։ Ու համոզվում ես, որ հենց այս հրաշալի զինվորներն են վաղը անտրտունջ ուսելու մեր հայրենիքի դժվարությունները, եւ հենց իրենք են լուծելու մեր առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները։

-Ծառայավայրս շատ մոտ է սահմանին,- ասում է Վահանը։- Բավական բարձրադիր մի վայրից հետեւում ենք, որ հակառակ կողմից չհանդգնեն խախտել սահմանը։ Գիտեք, մութն ընկնելուն պես անհուն մի թախիծով եւ տխրությամբ ենք նայում հեռվում երեւացող մեր կորցրած տարածքի լույսերին, եւ հինն ու նորը, անցյալն ու ներկան միախառնվում են։ Տղաների հետ հաճախ ենք զրուցում մեր կորցրած հողերի, Արցախյան ազատամարտի մասին, հիշում ենք անցյալի հերոսական դրվագները, ոգեւորվում ենք, թեւ առնում ու հավատում ենք, որ մի օր ազատագրելու ենք մեր գերյալ տարածքները։

-Ցավոք, այսօր շատ արժեքներ են փոխվել,- զրույցին միանում է զինվորի հայրը՝ Մանվելը,- շատերի համար լավ ծնող է համարվում նա, ով զավակին ազատում է ծառայությունից, լավ տղաներ են համարվում նրանք, ովքեր չեն ծառայում… Բայց տղաս երբեք չի մտածել չծառայելու մասին։ Միայն մի բան կասեմ՝ հայրենիքին տեր լինելուց առաջ, ամեն ոք պարտավոր է հայրենիքի զինվորը լինել։ Ես հպարտանում եմ իմ զինվոր տղայով, հպարտ եմ բոլոր այն զինվորներով, որոնք այսօր սահմանի ամենաթեժ կետում՝ թշնամու դիմաց կանգնած, անտեսելով անձրեւ, քամի, բուքուբորան, անխռով եւ անվարան հսկում են մեր հինավուրց ու թանկ հողի անդորրը, հսկում են իմ ու քո խաղաղությունը, հսկում են նաեւ նրանց խաղաղությունը, ովքեր այսօր հազարումի միջոցով փորձում են ազատվել ծառայությունից։ ՉԷ, ես երջանիկ հայր եմ, որովհետեւ կարգին ու պարկեշտ տղա եմ դաստիարակել։ Ի դեպ, ասեմ նաեւ, որ տղաս հրաշալի պարում է, սպորտային պարերի բազմակի չեմպիոն է եւ լավ ֆուտբոլիստ։

«Վահանս բանակից միայն լավն է պատմում, չգիտեմ, գուցե չի ուզում՝ տագնապեմ, անհանգստանամ…,- լրացնում է զինվորի մայրը` Լիլիթը։ -Սննդից գոհ է, նույնիսկ լցվել է։ Իսկ ամենակարեւորը՝ լավ ընկերներ ունի։ Աստված տա, աշխարհում խաղաղություն լինի, մեր զինվոր զավակները անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախները, գան եւ իրականացնեն իրենց լուսավոր երազանքները, շենացնեն Հայաստանը»։

-Ես էլ զինվոր եղբորս եւ բոլոր հայ զինվորներին անսահման երջանկություն եմ մաղթում եւ մեծ սեր,- ավելացնում է Վահանի քույրը՝ Անին։

Խաղաղ եւ բարի ծառայություն Վահանին ու նրա նման բոլոր հրաշալի զինվորներին։ Մենք ամենաշատը ձեզ ենք պարտական խաղաղ բացվող օրվա համար։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Բանակ և հասարակություն


13/07/2011