Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 27-ից հուլիսի 1-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հենքի վրա տեղի ունեցան զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների հավաք-պարապմունքներ: Դրանց նպատակն էր ավելացնել հրամկազմի գիտելիքները, ամփոփել անցած ուսումնական փուլի արդյունքները եւ հստակեցնել նոր ուսումնական փուլի խնդիրները:

Այսօր, երբ աշխարհում պատերազմներն առավելապես գաղափարական-քարոզչական բնույթ են կրում, հետզհետե ավելի կարեւոր նշանակություն են ստանում զինծառայողների ռազմամանկավարժական դաստիարակությունն ու ուսուցումը: Ուսուցման եւ դաստիարակության գործընթացի գլխավոր նպատակը զինվորի մեջ ձեւավորելն է ազգային մտածողություն, զինվորական պարտքի եւ պատասխանատվության գիտակցում, հայրենիքի նկատմամբ հավատարմություն, կարգապահություն եւ Հայոց հաղթանակած բանակում ծառայելու հպարտություն: Քանի որ զինված ուժերում սպան համատեղում է ուսուցչի եւ դաստիարակի գործառույթները, նրա մտավոր, գաղափարական, հոգեբանական, մանկավարժական եւ մասնագիտական պատրաստվածությունից է կախված զինվորական կոլեկտիվի բարոյահոգեբանական վիճակը:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ գեներալ-մայոր Լ. Մնացականյանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները: Իր դասախոսության ընթացքում նա մանրամասն անդրադարձավ մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին եւ պաշտպանության բանակի՝ դրանից բխող հիմնական խնդիրներին:

ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Ա. Մակարյանը քննարկման նյութ դարձրեց ՊԲ-ում իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը եւ զինվորական կարգապահության վիճակը:

Հավաք-պարապմունքների ընթացքում քննարկված թեմաներից էին՝ «Զինվորական մանկավարժությունը եւ ռազմական հոգեբանությունը», «Մարտական պատրաստության եւ դաստիարակչական աշխատանքների գործընթացը պլանավորելու, վերահսկելու, ենթականերին օգնություն ցուցաբերելու նպատակով ամսական, շաբաթական պլանների, վաշտերում եւ մարտկոցներում դասացուցակներ կազմելու մեթոդական առանձնահատկությունները», «Անհատական դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը ենթակա անձնակազմ ունեցող ստորաբաժանումների հրամանատարների կողմից» եւ այլն: Դասախոսություններից բացի, եղան նաեւ գործնական ու ցուցադրական պարապմունքներ, ցուցադրվեցին տեսաֆիլմեր:

Հավաք-պարապմունքների մասնակիցների միջեւ ծավալված ակտիվ քննարկումները նպաստեցին առաջավոր փորձի փոխանակմանը: Արդյունքների ամփոփման ժամանակ հավաքի մասնակիցների հետ հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու անելիքները քննարկելուց հետո օրհնեց ներկաներին` հաջողություն մաղթելով նրանց ազգանվեր ու հայրենաշեն գործում:

ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆ
լեյտենանտ