Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ադրբեջանի ԶՈՌահանդեսը



Բաքվի զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց մեծ քանակությամբ տարատեսակ ռազմական տեխնիկա, որի տեսքից հասարակ ժողովուրդը, միգուցե, ոգեւորվեց, սակայն որը իրական մարտական գործողությունների ժամանակ, հատկապես լեռնային տեղանքում, ոչ մի բանի պիտանի չէ: Ցուցադրված տեխնիկան նախատեսված է հիմնականում հակաահաբեկչական ռազմագործողությունների համար: Բացի դրանից, այդ զրահատեխնիկայի գունավորումը անապատային երանգներ ուներ, ասես պիտի մասնակցեր Բաղդադի գրավմանը: Նույնպիսի գունավորում ունեին նաեւ որոշ ստորաբաժանումների զինվորների համազգեստները, ինչպես նաեւ դեմքերը, ինչը բացառապես հետապնդում էր հասարակ ժողովրդի վրա տպավորություն թողնելու նպատակ եւ տուրք էր «մոդային». աշխարհի ամենահզոր բանակը այդ «գույնն ունի»:

Այն հերթականությունը, որով անցավ ռազմական տեխնիկան, անհեթեթ էր. նախ` անցան թեթեւ զրահամեքենաները, հետո` հրետանին` ըստ տրամաչափի եւ հզորության, հետո դարձյալ զրահամեքենաներ, ապա` տանկեր, իսկ հետո դարձյալ հրետանի` ինքնագնաց: Զորահանդեսների ժամանակ այդպիսի բան չի լինում:

Միակ «ԲՄՊ-3»-ի ցուցադրումը եւս ոչ այլ ինչ էր, քան ձեւականություն. բոլորն էլ լավ գիտեն, որ ադրբեջանական բանակի հետեւակի մարտական մեքենաների կեսը «ԲՄՊ-1» է, իսկ մյուս կեսը` «ԲՄՊ-2», սակայն զորահանդեսում ներկայացված էին վերջինները, որոնց առաջնորդում էր միակ «ԲՄՊ-3»-ը:

Այն բոլոր զինատեսակներից, որոնք իբր հարձակողական մեծ ներուժ ունեն, կար ընդամենը 4-6 նմուշ: Սա բնական է, քանի որ իրականում էլ դրանց քանակը մեծ չէ: Որոշ զինատեսակներ ժողովրդին գուցե հիացնում են, սակայն իրականում դեռ փորձարկված չեն, եւ չի բացառվում, որ ընդհանրապես իրենց չարդարացնեն: Խոսքը վերաբերում է իսրայելական «Լինքս»-ին, որի հետ կապված մեծ խնդիրներ ծագեցին Ղազախստանում: Հարձակողական հրետանային միջոցներից 203 մմ-ոց «Պիոն» ինքնագնաց կայանները բավականին հզոր են, սակայն լեռնային պայմանների համար գրեթե կիրառելի չեն: Այսինքն` Ադրբեջանը շարունակում է սպառազինվել «ինչ պատահի` գնենք, միայն թե հայերին վախեցնենք» սկզբունքով:

Զորահանդեսին մասնակցած տեխնիկայից ամենատպավորիչը, թերեւս, 300 մլն դոլարանոց «հ-300 ՊՄՈւ-2 Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրն է: Իհարկե, սա նոր սերնդի արդիական զինատեսակ է, սակայն նման համալիրով վերգետնյա նշանակետեր խոցելը գրեթե անհնար է, թեպետ գովազդը հակառակն է պնդում: «48Ն6Ե» եւ «9Մ96» հրթիռներով հնարավոր չէ գերճշգրիտ հասցնել, իսկ ավելի թանկարժեք հրթիռներով հարվածը տնտեսապես անարդյունավետ է: Ադրբեջանի ունեցած երկու համալիրները չեն կարող հրթիռային հարվածներից պաշտպանել երկրի ամբողջ տարածքը:

Զորահանդեսում «հ-200» համալիրներ ներկայացնելը միանգամայն ավելորդ էր, քանի որ դրանք իրենց «դարն ապրած» եւ մեր տարածաշրջանի համար անպետք համալիրներ են:

Մեծ տպավորության համար օդ էին բարձրացվել Ադրբեջանի բոլոր տեսակի տրանսպորտային ուղղաթիռները: Միեւնույն ժամանակ, օր օրի հնացող «Սու-24»-երը, «Սու-17»-երը, «ՄիԳ-21»-երը եւ հատկապես «ՄիԳ-25»-երը զորահանդեսում չցուցադրվեցին, ինչը մտորումների տեղիք է տալիս. արդյո՞ք դրանք մարտունակ են:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ռազմական


13/07/2011