Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸԱնկախությունից հետո մեր տոնացույցում պատմական մեծ  իրադարձություններ հիշատակող բազում ամսաթվեր ավելացան, որոնք,  այսպես թե այնպես, առնչվում են անկախությանն ու նրա պարգևած սրբազան արժեքների  միակ պաշտպանին ու երաշխավորին`  հայոց բանակին: Մեր անկախությունը կերտվեց երկրին պատուհասած ահավոր երկրաշարժի, ծանր ու դժվարին շրջափակման և պարտադրված դաժան պատերազմի տարիներին: Մենք ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընկալեցինք ոչ որպես իրադարձություն, այլ բացարձակ ձեռքբերում` ծանր զրկանքների ու մեծ զոհողությունների գնով: Անկախության ամենամեծ ու ամենասրբազան պարգևը մեր ժողովրդի արյուն-քրտինքով ստեղծած, նրա ծոցից դուրս եկած բանակը եղավ:

Անկախության ամենամեծ հաղթանակը բանակն է:

Մենք իրավունք ունենք ու պետք է հպարտանանք մեր բանակով ու նրա կերտած հաղթանակներով: Հպարտանանք  միշտ, ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան: Մենք պետք է պարծենանք մեր բանակով, նրա զինվորով ու հրամանատարով:

Բանակն անկախության բարձրակետը եղավ, որի ուժով ազատագրվեց Արցախը, որի շնորհիվ Արցախը փրկվեց հայաթափումից:

Բանակը մեզ` հայերիս հպարտ ապրելու իրավունք ու հնարավորություն տվեց, մեզ մեր ճակատագրի տերը դարձրեց:

Հայկական բանակն այսօր հզոր ու զսպիչ ուժ է` իր գերժամանակակից սպառազինությամբ ու արհեստավարժությամբ:

Այո՛, դարերի նիրհից արթնանալով՝ վերագտանք մեր ինքնությունը, հռչակեցինք անկախությունը, որը կարողացանք պաշտպանել մեր հերոսական բանակով:

Այո՛, անկախության ամենամեծ ձեռքբերումը բանակը եղավ, որի ստեղծածն ու ձևավորածը պետք է ծառայի հասարակությանն ու պետությանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր ելույթներից մեկում ասել է. «… ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ այն հասարակությունն է, ուր տնտեսությունը աճում և ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ»:

Այսօր բոլորիս պարտականությունն է համախմբվել և համատեղ ուժերով  առողջացնել ու զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Մեր բանակի հզոր լինելը մեր երկրի տնտեսությունից է կախված: Երկրի տնտեսության զարգացման ու արդիականացման դեպքում միայն մեր երկրի սահմանները կդառնան անխոցելի ու պաշտպանված, իսկ մեր երկիրը՝ հզոր ու բարեկեցիկ:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ