Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆԱԳԱՅԼԸ



ՇՆԱԳԱՅԼԸԵֆրեյտոր Յարոմինասը գումարտակի ամենաբարձրահասակ զինվորն էր։ Ոչ ավել, ոչ պակաս՝ երկու մետր բոյ ուներ։ Եվ եթե շարունակելու լինենք «ամենայով» կազմվող բնութագրումների շարքը, ապա առավել ուշագրավներից պետք է համարել ևս երկու հատկանիշ. եֆրեյտոր Յարոմինասը գումարտակի ամենաուժեղ և ամենամիամիտ զինվորն էր։ Ըստ էության՝ հիշատակման արժանի մարդկային արժանիքներից բոլորն էլ պայմանականորեն միայն կարելի էր առավելություն համարել, քանի որ դրանցից ամեն մեկը, առանձին վերցրած, գլխացավանք էր պարթևահասակ զինվորի համար։ Յարոմինասին թեև իր բարձր հասակի շնորհիվ վերևից շատ ավելին էր տեսանելի (պատերազմական պայմաններում վտանգավոր առավելություն), բայցևայնպես մարտավարության համար նույնիսկ ամենանպաստավոր տեղում եֆրեյտորի մարմնի ինչ-որ մաս անպայման դուրս ցցված, վտանգված էր լինում։ Գնդակն էլ, հո, կույր է՝ եկել-կպել էր Յարոմինասի փափուկ «թշին»։

Երևի նկատել եք, որ հսկաներն առավելապես պարզամիտ են ու բարի, նրանց համար ըմբռնելի չեն գետնաքարշ արարածների փոքրիկ հոգիներում տեղի ունեցող խլրտոցները, ինչպես մենք չենք կարող գիտենալ, թե ինչ է կատարվում մրջնանոցում։ Դեռ նորակոչիկ ժամանակ եֆրեյտոր Յարոմինասը ուղղաթիռի խցիկից տեսել և գումարտակի տարածքը նմանեցրել էր մի մեծ մրջնանոցի, որտեղ արևի ծագելուն պես կատաղի իրարանցում էր սկսվում, և մինչև օրվա կիսահավասարը վրաններում ժամապահից բացի ոչ ոք չէր մնում։ Անձնակազմի ստվար մասը բանում էր բարկ արևի տակ, սերունդների համար ստեղծում ժառանգություն՝ կառուցելով ալիզե ամուր կացարաններ (ինչեր ասես, որ չես անի ապրելու և ապրեցնելու համար)։ Մի մասն էլ նույն ժամին ինչ-որ տեղ՝ անապատում, հասցնում էր դիրքավորվել որևէ քարավանաշատ ճանապարհի մոտերքում և տոչորվում էր տապից։ Միայն սինլքորներն էին, որ փոքրաթիվ խմբերով պարապությունից չափչփում էին վրանները և լրբենի մոլուցքով բռնված՝ խառնշտկում էին ողջ ու զոհված զինվորների պահարանները, մահճակալների ներքնակները՝ գտնելու հաշիշ կամ խաշխաշ։ Եվ հենց այդ պահին հայտնվում էր եֆրեյտոր Յարոմինասը՝ օրվա հերթապահը՝ ահագին զանգվածը տեղաշարժող ծանր քայլերով, մինչև վերջին մերակը կոճկած դաշտային համազգեստով, որի թևքերը ծիծաղելիորեն կարճ էին։ Լայնեզր գլխարկը, որ նկատելիորեն փոքր էր գալիս գլխի չափսերին, ասես իր կամքին բռնանալով էին հագցրել, ինչից նրա տեսքը նախամարդու տառապանք էր արտահայտում։

– Հը՜ըմ, սա արդեն լկտիություն է,- բերանի խոռոչում բառերը դժկամորեն ծամծմելով մռթմռթում էր եֆրեյտորը և, կոպերը նեղաչ զինակիցների վրա վարանոտ կկոցելով, ծանրաբարո տեմբրով արտասանում էր.- ի՞նչ կարիք կա անկարգություն անել, ախպրտի՛ք, ամո՛թ է, հանգուցելոց հիշատակը սո՛ւրբ է…, գուցե հիմա էլ էնտեղ շատ արյուն է թափվում, ամո՛թ է… մեր գործն էստեղ ուրիշ է, ուրի՛շ։- Յարոմինասը եվրոպացու ջարդված ռուսերենով էր խոսում։

– Դե՛, շո՛ւտ, ռեխդ քաշի էստեղից, միաչքանի ցիկլոպ, քո ի՞նչ բանն է,- կռնչացին, կնձկնձացին, հանց շնագայլեր՝ թաթար ու ուզբեկ, վրա տվին «դևին», հալածեցին կծոտելով…

Եֆրեյտոր Յարոմինասը՝ գումարտակի ամենաուժեղ մարտիկը, տեղի էր տալիս թզուկների լկտի հոխորտանքին, քաշվում էր հերթապահի իր խուցը, որ զինանոցին կից մի քողտիկ էր, և խորասուզվում էր վեհանձն վիրավորանքի մեջ. «Ախր, ինչու անպայման անկարգություն անել…, ես, հո, նրանց…, թյո՜ւ, գաճաճը պատռեց պռոշս…»,- արնախառն թքելով՝ եֆրեյտորը տրվում էր մռայլ մտքերի հորձանքին, ինչից դժկամությունը նրանում իր «բացառիկության»՝ իր իսկ նկատմամբ ավելի անզուսպ էր դառնում, և նա սկսում էր չարանալ համայն աշխարհի դեմ, ուր մի ժամանակ հսկաներ էին ապրում, ատում էր իր ահագին, գորշ սապոգները, որոնց արյունոտ հետքերը դաջվել են աշխարհի երեսին։ «Վա՜խ, ես քո՛ւ…, ոնց է ցավում…, թունավոր մոծակ…, կռիվ է սարքում, ախր, էլ չեմ խղճա, կբռնեմ ու կճզմեմ…»։

Յարոմինասը լավ գիտեր՝ թե որ հանկարծ մեկին թակեր, ազգակից-հավատակիցների մի ամբողջ ոհմակ իր դեմ կելներ, իսկ ինքը մենակ էր…

Նա երկար փակված էր մնում իր խցում. վիրավորանքի ծանր սյունը շարունակ ճնշում էր հսկային՝ ջանալով դուրս վանել ՄԱՐԴՈՒ ներսում ապրող ԼՈՒՅՍԸ, որ կոչվում է վեհություն և պահպանում է ՀՈԳԻՆ մթագնումից, եթե ինքդ կամովին չմարես այն։ Այնինչ բարու և չարի խառնարանում տվայտող զինվորի սիրտը շիտակ էր՝ ճշմարիտը օտարոտի զարկերից տարբերելու ունակ. «Ախր, ես ի՞նչ մեղավոր եմ, դմբոնե՛ր, որ սրտի թելադրանքով, եղբայրաբար…»։

Եֆրեյտոր Յարոմինասը նախանձելիորեն պահպանել էր մարդկային բնավորության մի հիանալի հատկանիշ ևս՝ ԶԱՐՄԱՆՔԸ, ինչը այնքան հաճախ տարակուսելու չափ համակում էր զինվորին։ Նա զարմանում էր, որ իր ազնիվ խորհուրդները չարությամբ էին ընկալվում. «Թե որ Սուլեյմանի պես տեղը տեղին կապիտանին զեկույց անեի, էն ժամանակ թող ինձ կիկլոպ կանչեին, թե չէ՝ դև՛, հա դև՛… մեկ էլ տեսար, մի՛-մի՛ մուշտի տվեցի, հը՞…»։

Մինչ բարի հսկան զբաղված էր կյանքի որակապես զազրելի այս հատվածում իր դերն ու նշանակությունը կշռադատելով, անապատի անխոնջ մշակները՝ ճագարամկները, աներկյուղ ցատկոտում էին տնակում, սղոցում փայտած հատակը, կրծոտում միայնակ զինվորի վաքսած սապոգները։ Հսկան խուտուտ էր առնում և իսկույն էլ ճանաչում էր հանդուգն Հերկուլեսին։ Ճագարամկները հեռավոր այս երկրի, որ հորջորջվում էր Դեմոկրատական Աֆղանստան, միակ արարածներն էին, որոնց հետ հաղորդակցվելը հաճելիորեն զբաղեցնում էր եֆրեյտոր Յարոմինասին, նրանք էլ փոխադարձ խանդաղատանքով էին վերաբերվում իրենց մկնային աշխարհի համար արտառոց այդ «կենդանակերպին»։ Հերկուլեսը՝ ճագարամկներից ամենախոշորը, մի առանձնակի վստահությամբ էր կապվել հսկա զինվորի հետ, ինչը նրան համարձակություն էր տալիս մտերմորեն մագլցելու իր բարեկամի թիկունքին, ծվծվացնել ուղիղ ականջի մեջ՝ պահանջելով գարեհաց կամ շաքար։ Հերկուլեսի համար եֆրեյտորի հաղթանդամ մարմինը բլրի նման մի բան էր, որը, սակայն, հրաշալիորեն իր պահանջները բավարարել գիտեր և փաղաքշել քնքշորեն։ Ի նշանավորումն բերկրալից բարեկամության՝ Յարոմինասը ճագարամկների այս հսկայի թաթը օղել էր թալիսմանով և անվանակոչել՝ ինչպես հարկն է։

Տափաստանի փոքրիկ բնակիչների անվնաս գզվռտոցը զվարճացնում էր խոցված մարտիկին, ստիպում մոռանալ վիրավորանք ու քեն՝ կրկին ու կրկին տոգորելով անապակ սիրով հանդեպ երկրայինը՝ մարդը, որին, ավա՜ղ, հացի փշրանքով չես վարժեցնի… Եվ նա ավելի ու ավելի երկյուղած ակնածանքով էր վերաբերվում իր բացառիկությանը։ Սիրում էր աշխարհը, ուր մի ժամանակ հսկաներ էին բնակվել (գուցե ինքն էլ նրանց զորընդեղ զարմի՞ց է սերում)։

Նրա խոշոր դեմքին շողում էր պչրուն մի հպարտություն. ինքը չի բռնացել զորակիցներից և ոչ մեկի վրա, պաշտպանել-օգնել է թույլերին ու նվաստացածներին՝ չարհամարհելով նրանց մարդկային արժանապատվությունը։ Պատահել է՝ իր վրա հարձակվել են դարանից, ծեծել են գիշերով, բայց, հոգ չէ, ինքն ամուր շաղախից է, կդիմանա, չի կոտրվի…

Տասնվեց ամիս էր, ինչ եֆրեյտոր Յարոմինասը պարտադիր ծառայության մեջ էր Աֆղանստանի նահանգներից մեկում։ Նա հիմա թուխ էր, ինչպես արաբ և խիզախության համար պարգևատրված։ Մի անգամ մեն-մենակ իր գնդացրով պահել էր կիրճը՝ ապահովելով դարանակալ խմբի անկորուստ հեռանալը, այնուհետև՝ նորից մենակ, հետախուզության էր գնացել խազարների ղշլաղը և առանց մի կրակոցի վերադարձել սննդամթերքի լիքը պաշարով։ Մինչդեռ ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ Յարոմինասը միայն երջանիկ պատահականության շնորհիվ էր ողջ մնացել։ Խռովարարների հարձակումը կասեցնելիս՝ փամփուշտների վերջին տասնյակը անպտուղ պարպելուց հետո, թիկունքին զգալով աժդահա դուշմանի ահարկու շունչը, նռնակի սպառնալիքով զինաթափել էր նրան և իր հետ դուրս էր բերել յուրայինների խմբի մոտ, ապա «մեծամասնության» կամքին հակառակ ազատ արձակել… Իսկ ղշլաղում անակնկալ դիպվածով նրան էր դարձյալ հանդիպել նույն ինքը՝ Աբդուլոն՝ բեղ-մորուսը յուղած մի խոժոռ մենատնտես, որին ինքը պատանդել, բայց չէր մատնել գերության, և ում հետ այդ ժամանակից ի վեր երբեմն-երբեմն կայազորի չափարի մոտ սկսել էր նուշ ու չամիչով խտացրած կաթ փոխանակել։ Աբդուլոն իսկույն ճանաչել էր վեհանձն, քաջարի զինվորին և շուտասելուկով խազարերեն ինչ-որ անհասկանալի մտքեր էր արտահայտել։ Շփոթված հետախույզն էլ, ի պատասխան աֆղանցու բլբլոցի, աչքերն անհաղորդ կկոցել էր նախկին գրոհայինի բիրտ դիմագծերի վրա և չիմանալով՝ հաճոյախոսո՞ւմ է Աբդուլոն, թե հոխորտում, ասել էր. «Օբ դո՞րի»։ «Դորի՜, դորի՜»,- աշխույժ արձագանքել էր աֆղանցին և կանանց ապսպրել՝ ջուր տալ օտարականին, կապոց սարքել կուտ գնացած հացով, նուռ ու խաղողով, հետն էլ մի մեծ կտոր այծի պանիր։

Հրաժեշտին Աբդուլոն ցանկություն էր հայտնել կրկին հանդիպելու իրենց տեղում՝ չափարի մոտ…

…Պատերազմ էր. պատերազմ, որի դրդապատճառների և անփառունակ «հանունության» մասին թերևս տարիներ անց քաղաքագետների ուշացած խոստովանություններից միայն պիտի պատկերացում կազմեր, ու թեև հրամայված էր տեղի բնակչությանը, իբրև խաղաղների (այն էլ ըստ դասակարգային դաժան վերապահումների) վերաբերվել միայն օրվա ցերեկային ժամերին՝ եֆրեյտոր Յարոմինասի դատողությունները քաղաքականապես «հանցավոր» էին.

– Ճիշտ է, աֆղանցու օդայում ոչ սեղան կա, ոչ աթոռ, ինքն էլ կեղտոտ է, բաղնիք չի գնում, սևացել է խորշակներից, արևից, նամազից առաջ է միայն վերջույթներն ու միրուքը լվանում։ Միզում է որտեղ պատահի, կնիկ է առնում քսակի համեմատ. աշխարհը նրա համար հաշիշի մի մեծ գունդ է՝ ինքն ու իր աղոթքը՝ առ ալլահ-աստված։ Բայց մի՞թե բռնադատելով կդարձնես Աբդուլոյին առաքինի կենցաղավար՝ դեմոկրատ կամ համայնավար, ասել է թե՝ օրինակելի, կազմակերպված անհատ, և մի՞թե բռնաբարելով նրա կանանց կդարձնես ազատամիտ կամ առաջադեմ (ոմանց կարծիքով՝ տղամարդու վարտիքում պահվող «մկանի» հետ անարգել և առանց խտրականության հարաբերվելը կթոթափի ավանդապահ արևելցու ամոթի երեսքողը. նույնպես «հասարակության առողջացման» կարևոր նախապայման)։ Թեպետ աֆղանական պատերազմը ամլացածների մի ամբողջ սերունդ ծնեց…։

Իր խղճի հետ բռնած դժվարին փորձության խուլ ազդակներն էին ժամանակ առ ժամանակ խռովում տառապած զինվորի հուզաշխարհը։ Եվ եֆրեյտոր Յարոմինասը հաճախ զգում էր, թե ինչպես են ներսից ծեծում կուրծքը՝ որպես մահապարտն է բախում բանտախցի դուռը։ Նա կանգնած էր ճակատագրի հարուցած երկթև ճամփաբաժանին. կողմնորոշվելը տաժանելի ընտրություն էր, երկընտրանքը՝ խաբուսիկ, խաբվածի ուղին՝ դատապարտելի։ Կա՛մ պետք է ընտրել կեղծ գաղափարների համար մահ ու ավեր սփռելու (գուցե և՝ մեռնելու) անհեթեթ ուղին՝ հաջողելու դեպքում արժանանալով խաղաղ կյանքի համար նախատեսված ինչ-որ արտոնությունների, կա՛մ, առերևույթ հաշտվելով անել վիճակի հետ, մասնակիցը լինել արյունալի իրադարձությունների, սակայն անմասն մնալ բռնություններին, լինել ստվերում… Յարոմինասը վախկոտ չէր, բայց երկյուղում էր, թե կարող է հանկարծ կամքից անկախ չդիմանալ փորձությանը։ Եվ նա սոսկումով նզովում էր կյանքի իր երկփեղկված ճանապարհը՝ երկընտրանքի անգութ պահը։ Նախախնամությունն էլ դեռևս բարեհաճ էր տարտամության տիրույթներում դեգերող բարի հսկայի հանդեպ և հեռու էր պահում արնախում մահվան հետ առերեսումից։ Նա դեռ ոչ ոքի դեմ հանդիման չէր սպանել։ Եղել էր՝ թեժ մարտի ժամանակ ինքը, մինչև գնդացրի փողի շիկանալը, մաղել էր աջ ու ձախ, բայց ոչ դիակ էր տեսել, ոչ էլ իսկ մի վիրավոր հոգի։

Գարնան սկզբին եֆրեյտոր Յարոմինասին մի խումբ սակրավորների հետ գործուղեցին աֆղանական բանակի մի հեռավոր զորամաս, որը սահմանակցում էր Պակիստանի Փեշավար նահանգին։ Տեղանքը բարձրավանդակ էր՝ գորշ լեռներով շրջապատված, որոնք հեռվում եզրագծում էին սպիտակ անապատի կույր միապաղաղությունը, ինչը, ասես, հավերժական անշարժություն էր տարածում փոքրաթիվ շեների վրա, որոնցում կյանքը, թվում էր, վաղուց կանգ է առել՝ վերածվելով ստվերների տմույն գոյացության։ Աֆղանական գումարտակը թառել էր բլինդաժներով ամրացված սարահարթին, որով կարծես հուսահատ փորձ էր արվում բեկում մտցնելու տարածության և ժամանակի միջև։ Զորամասի անձնակազմը հիմնականում համալրված էր մոտակա գյուղերից կամավոր և բռնի հավաքագրվածներով, ովքեր կա՛մ խաշնարածներ էին, կա՛մ էլ մանր-մունր առևտրական գործարքներով զբաղվող փերեզակներ։ Նրանցից ոմանք ձևացնում էին, թե զենքի հետ վարվել չգիտեն, ոմանք էլ գիշերով լքում էին զորամասը, անցնում սահմանը և, միանալով ապստամբ կազմավորումներին, գերադասում էին կռվել իրենց իսկ շեների դեմ, քանի դեռ անիրավ «շուրավին» անհրավեր հանգրվանում էր նրանց հյուղ ու խրճիթներում…

Ի տարբերություն հարավի՝ նոր տեղում եֆրեյտոր Յարոմինասի ծառայական առօրյան համեմատաբար հանգիստ էր անցնում։ Ցերեկվա ժամերին աֆղան նորակոչիկներին սովորեցնում էր՝ ինչպես շրջանցել ականապատված գոտին, խրամատավորվելու համար դիրքերի ճիշտ ընտրություն կատարել, խորհուրդ էր տալիս աչալուրջ լինել զենք-զինամթերքի նկատմամբ, զերծ մնալ անհարկի բռնությունից, հարգել տեղաբնակի տիրոջ իրավունքը, ինչը թեև չէր մեղմի մոլեռանդ ցեղապետի ատելությունը, սակայն հուսալի միջոց էր խուսափելու ողջ ցեղախմբի հավաքական վրեժխնդրությունից՝ արդյունքում ունենալով հեղհեղուկ, բայց և ցանկալի խաղաղություն։ Այդուհանդերձ, աֆղանցին անհաղորդ էր մնում իր երկրի անցուդարձին, նրան զորակոչել էին բանակ, զինել ինչպես հարկն է ու բացատրել. «Քո եղբայր Սայիդը դեմ է խորհրդային կարգերին, դրա համար էլ նա հիմա է՜ն սարերի ետևում է, խռովարար, իսկ դու՝ մեզ հետ ես. նա քո թշնամին է, իսկ դու՝ հեղափոխության ավանդների պաշտպան։ Մենք քեզ այգի կտանք, մի կով, մի գոմեշ, թե որ լավ ծառայես՝ կպարգևատրենք, հետն էլ քեզ նվեր՝ մի կալս անող մեքենա…»։

Աֆղանցին տգետ է, շնորհակալ, պատրաստ է ծառայել, պատերազմը նրա համար հանցանք չէ, այլ ապրուստի ճարահատ միջոց, բայց հաճախ հիմարավուն հրճվանքի հետ մռայլվում է մի պահ. արդյոք նա՞սն է քիմքը դառնացրել, թե՞ եղբոր հետ հանկարծակի հանդիպումն է պատկերացրել…

Լինում էին դեպքեր, երբ եֆրեյտոր Յարոմինասը գիշերով աննկատ դուրս էր գալիս վրանից՝ վանելու հիվանդագին քունը, որ ծնում էր ցնորական երազներ՝ բանդագուշելով, որ երբեք էլ այս ամենին վերջ չի լինելու. չեն լինելու այլևս բերկրալից երեկոներ՝ հարազատ հարկի տակ, սիրածի գրկում։ Այլևս վերադարձ չկա…

Յարոմինասը անցյալը կորցրած ճգնավորի նման կանգնում էր գահավեժ հեղեղատի պռնկին ու անվեհեր կեցվածքով ստեպ-ստեպ շշնջում էր. «Փրկեա և պահպանեա, փրկեա և պահպանեա չարի գայթակղությունից…»։ Պարզկա երկնքում լողացող լուսնի արծաթը, մեղմիվ թափվելով, մայրաբար շոյում էր կարոտից տանջվող հսկային, որի բոլորքը ուրախությունից թավալ էր գալիս բարեկամի հոտն առած ՇՆԱԳԱՅԼԸ։ Յարոմինասը ականջ էր դնում կենդանու տևական քրքջոցին և ուզում էր հասկանալ՝ չարքի ծա՞ղրն էր, թե՞ երկնային նախանշան…

Անապատի չախկալի հետ եֆրեյտորի հեքիաթային արկածը սկիզբ էր առել սովորական մի օր, երբ սահմանամերձ գյուղերը կատարած շրջայցից վերադառնալիս ավազուտներում նկատել էր հրազենից զարկված գիշատչին, որը, ինչպես իրեն էր թվացել, նվաղուն հայացքով մի վերջին օգնություն էր աղերսել։ Եֆրեյտոր Յարոմինասը, բոլորի համար անսպասելի, ընթացքից խենթի պես ցատկել էր զրահամեքենայի վրայից, նետվել դեպի վիրավոր գազանը և իր հասանելիք պրոմեդոլի քանակությամբ ցավազրկելով կենդանուն՝ կապել էր վերքն ու զինակիցների հոխորտանքին հակառակ, քարշ էր տվել աֆղանական զորամաս՝ իր վրանը։

Այս տարօրինակ միջադեպից հետո գումարտակում Յարոմինասին սկսել էին խեթ-խեթ նայել՝ ինչպես այլմոլորակայինի։ Ոմանք պարզապես սարսաղի տեղ էին դնում նրան, իսկ ոմանք էլ, նրա արարքը «պատերազմական օրենքների կոպիտ խախտում համարելով», թունոտ կանխատեսումներ էին անում.

– Շուն էլ չէ, շնագայլ, ֆո՛ւ, ինչ զզվելին է… գլխի չե՞ս, թե ինչ կանեն քեզ սրա համար, լողլող սատանա։ Կդատեն, հաստա՛տ, դաշտային տրիբունալ, լավագույն դեպքում պատժագումարտակ կուղարկեն, էնտեղից էլ, հո, ինքդ գիտես՝ պրծում չկա, ոտքերդ կտնկես,- նախատում էր կուսակցական Կամենսկին։- Սատկացրու դրան, և վե՛րջ։

Եֆրեյտորը ներողամտորեն շլում էր աչքերը անխիղճ խրատատուի վրա և հոգատար համոզումով հակառակվում.

– Դու էլ բա՛ն հորինեցիր, այ խախո՛լ, չէ, չէ մի՝ պատժագումարտա՜կ, դաշտային դատարա՜ն. ախր, ինչի՞ համար։ Մի տե՛ս, թե ինչ գեղեցիկն է, նա ի՞նչ մեղավոր է, որ էսպես՝ վայրենաբար…, խեղճը արնաքամ էր եղել, բայց ոչի՜նչ, ապրի սևուկը, դիմացկուն է, շուտով լրիվ կառողջանա, նա էլ իր տեսակի մեջ պիտանի է, ինչո՞ւ սատկացնել, նրանից ի՞նչ վնաս։ Թող գնա իր անապատը, ապրի իր խորշում։

…Քիչ անց եֆրեյտոր Յարոմինասը լուսնի առատ լույսի ներքո ծնկների վրա շոյում էր չախկալի աղվեսանման դունչը և սրտալի զրուցում էր չորքոտանի բարեկամի հետ. «Լսի՛ր, սևո՛ւկ, քանի՞ անգամ եմ խնդրել, որ էս կողմերում է՛լ չերևաս, վտանգավոր է, ախպե՛րս, վտանգավոր, հասկանո՞ւմ ես… դե լա՜վ, լա՛վ, վե՛րջ տուր, մի՛ կնձկնձա։ Գիտե՛մ, գիտե՛մ, ինչպե՜ս կարելի է, չէ՞ որ ես քո բարերա՜րն եմ…, իսկ ես քեզ կասեմ, որ դու էլ նույն կերպ կվարվեիր, եթե ինձ անապատում վիրավոր, անօգնական ընկած տեսնեիր. դրա համար էլ մենք հարազատներ ենք, ախպե՜րս… Եվ հետո չարժե ոհմակի օրենքներին դեմ գնալ, մինչև որ կգա մի ժամանակ, երբ մարդիկ և շնագայլերը կհասկանան իրար… Ի՞նչ կարող ես անել, պետք է ենթարկվել, ապրել է պետք, մենք դեռ շատ անավարտ գործեր ունենք… Լսի՛ր, սևո՛ւկ, հենց որ զորացրվեմ, բոլորին կպատմեմ իմ ու քո մասին, գուցե ֆիլմ նկարեն, հը՞, ի՞նչ կասես,- Յարոմինասը նայեց կենդանու խոնավ քթին, հավատարիմ աչքերին և ափսոսանքով հառաչեց։- Դու ճիշտ կռահեցիր, սևո՛ւկ, մարդիկ ինձ չեն հավատա, որովհետև նրանք երբեք կրկեսում վարժեցրած շնագայլ չեն տեսել, դրա համար էլ չե՛ն հավատա… իսկ հիմա հեռացիր, շո՛ւտ»։ Շնագայլը հնազանդ խաղացրեց պոչն ու մանրաքայլ հեռացավ։

Եֆրեյտոր Յարոմինասը դեռ էլի նստած կմնար՝ վայելելու գիշերվա խոհուն նիրհը, բայց հանկարծ մերձակա դարավանդից որոտաց ժամապահի գնդացիրը։ Կրակահերթերից մի քանիսն ընդոստյունով սուրացին եֆրեյտորի գլխավերևով՝ հարկադրելով հսկային հասակով մեկ փռվել գետնին։ Կարճատև լռությունից հետո լսվեց ինչ-որ մեկի սապոգների անկանոն դոփդոփյունը, և բլրալանջին հայտնվեց ժամապահի չարաղետ ստվերը։ Յարոմինասը ճանաչեց փոքրամարմին զինակցին, սիրտ առավ ու մոտեցավ։ Կրակողը Կամենսկին էր։

– Կա՛ց, ո՞վ ես,- մթության մեջ տեսնելով դեպի իրեն շարժվող ահագին, գորշ զանգվածը՝ վախեցած հարցրեց ժամապահը։

– Ես եմ, եֆրեյտոր Յարոմինասը,- կանգ չառնելով։

– Գնա՛, քնի՛, լողլո՛ղ, գիշերով զորամասում թրև գալը արգելվում է։

– Վրա մի՛ տուր, խախո՛լ, լավ կլինի՝ ասես, ինչո՞ւ կրակեցիր, էլի ի՞նչ ես նկատել։

– Ինչո՜ւ կրակեցի՜ր…, հրե՛ս, սատկացրի քո գարշելուն, պրծավ։

Նրա ոտքերի տակ անշարժ ընկած էր շնագայլը:

…Մի քանի օրից եֆրեյտոր Յարոմինասին աֆղանական գումարտակից տեղափոխեցին Քառասուներորդ բանակի շտաբ՝ դատական ատյանում քննելու նրա վարմունքը։

Նա առաջին անգամ իր կյանքում մարդ էր սպանել, այն էլ՝ ոչ խռովարարի:

 

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Հոգևոր-մշակութային


23/11/2016