Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎ



ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎԹուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Լոզանի 1923 թվականի պայմանագիրը անարդարացիորեն պարտադրվել է թուրք ազգին և պետք է վերանայվի, բուռն արձագանք գտավ ինչպես նրա անմիջական հարևանների, այնպես եւ ԵՄ և ԱՄՆ ղեկավարության շրջանում: Առաջին հերթին Թուրքիայի ղեկավարի այդ հայտարարությունը քննադատության ենթարկեց Հունաստանը: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարեց, որ պաշտոնական Աթենքը չմտածված և անընդունելի է համարում Լոզանի պայմանագրի վերանայման ցանկացած քայլ:

Հունաստանի ղեկավարը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանում վարում է ագրեսիվ քաղաքականություն, 1974 թվականից փաստացի բռնազավթել է Հյուսիսային Կիպրոսը, և այդ երկրի միավորումը մինչ օրս անհնար է Անկարայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Ըստ հույն պաշտոնյայի՝ Թուրքիայի նման պահվածքը դարձել է նախադեպ Եվրոպայի համար: Հունաստանի նախագահը նաև ակնարկել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են ցանկացած գնով պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը: Թուրքիային զավթիչ երկիր է անվանել  նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա խոսքով՝ Անկարան օգտվում է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պատերազմելու պատրվակով փաստացի իրականացրել է ներխուժում ինքնիշխան պետության տարածք:

Դեռ 2015 թվականի գարնանը Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողությամբ 45 կմ ձգվող անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Թուրքական հատուկ նշանակության ուժերը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքը ազատագրելու պատրվակով մտել են Սիրիայի տարածք: Մինչ այդ, սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ էին գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս քաղաքի մատույցներում:

«Մենք մեր երկիրը պաշտպանելու իրավունք ունենք: Խոսքը ներխուժման մասին է: Մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր երկիրը ցանկացած ներխուժումից»,-ասել է Ասադը՝ նշելով, որ անթույլատրելի է որևէ այլ երկրի հաշվին «անվտանգության գոտի» ձևավորելը: Սիրիայի նախագահը նշել է, որ յուրաքանչյուր ահաբեկիչ «Սիրիայում է հայտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ: Ուստի պայքարել ահաբեկիչների դեմ, նշանակում է պայքարել «Էրդողանի բանակի» դեմ: Ոչ թե թուրքական, այլ հենց «Էրդողանի բանակի»,-ասել է Ասադը: Փաստորեն, Սիրիայի նախագահի այս հայտարարությունը զգուշացում է Անկարային, որ զորքերը դուրս չբերելու դեպքում հնարավոր է պատերազմ սկսվի երկու երկրների միջև: Բաշար Ասադն ակնարկել է, որ պատերազմը չի կարող կանխել նույնիսկ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելու հանգամանքը:

Բավական սրված են նաև դիվանագիտական հարաբերությունները Բաղդադի և Անկարայի միջև: Իրաքյան կառավարությունը բազմիցս  հայտարարել է Մոսուլի մոտ թուրքական զորքերի ապօրինի տեղակայվելու մասին, և միայն շուրջ մեկ ամիս տևող Մոսուլի ազատագրման գործողության անհաջողություններն են թերեւս խոչընդոտում թուրքական և իրաքյան բանակների ուղղակի բախումը:

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները անհանգստացած են Էրդողանի բավական կոշտ հայտարարություններով, մանավանդ թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման ֆոնին: Բրյուսելում և Վաշինգտոնում անթույլատրելի են համարում որևէ պայմանագրի փոփոխումը, սակայն չեն շտապում նաև հանդես գալ սաստող հայտարարություններով, քանի որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային հիմնական ռազմական դաշնակիցն ու գործընկերը: Միայն Իրաքի դեպքում ամերիկացի որոշ պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են Անկարային, որ Իրաքը ԱՄՆ ազդեցության ոլորտում է, և Վաշինգտոնը կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել Բաղդադին: Բրյուսելում մտահոգություն է առաջացրել նաև Էրղողանի այն հայտարարությունը, որ, իբր, Անկարան կնախընտրի Եվրամիության փոխարեն անդամակցել Շանհայի Համագործակցության կազմակերպությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արդեն արձագանքել է Էրդողանին՝ հայտարարելով, որ Թուրքիան կարևորագույն, սակայն խոցելի դաշնակից է:

Իրաքի կառավարությանը սատարում են ոչ միայն Վաշինգտոնում, այլ նաև Թեհրանում: Իրանը պատրաստ է ցանկացած գործողությունների՝ ընդհուպ մինչև պատերազմ, եթե  ոտնահարվեն իր շահերը Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում, և շիա բնակչությանը ֆիզիկական ոչնչացման վտանգ սպառնա: Թեհրանից արդեն նախազգուշացրել են Անկարային, որ ուշադիր հետևում են Իրաքում թուրքական բանակի գործողություններին:

Կարելի է փաստել, որ Թուրքիան այսօր խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ: Նրա շուրջ ձևավորվում է ռազմաքաղաքական մի դաշինք, որը կարող է ցանկացած պահի դիմել անմիջական  ռազմական գործողության: Հարց է թե որքա՞ն խոհեմ կլինի Թուրքիայի նախագահ Էրդողանը և արդյոք կգնա՞ արկածախնդրության…

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Տարածաշրջան


23/11/2016