Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄՈՆԹԵ ԼԻՆԵԼ»
«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄՈՆԹԵ ԼԻՆԵԼ»

«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄՈՆԹԵ ԼԻՆԵԼ»«Խոստում եմ տալիս դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, լինել Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի, զինված ուժերի հուսալի հենարան: Վարժարանի կոլեկտիվի կողմից ինձ տրված գիտելիքներն ու ֆիզիկական ունակությունները օգտագործել միայն ի նպաստ հայրենիքի պաշտպանության ու հզորացման, անառարկելիորեն ընդունել եւ առաջնորդվել վարժարանի կանոնադրությամբ, լինել ակտիվ, խիզախ եւ կարգապահ: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել ռազմական ուսումնական հաստատություն, դառնալ հայոց ազգային բանակի արժանի սպա եւ բարձր պահել Մոնթեի վեհ անունը: Անողոք լինել ազգի թշնամու եւ ներողամիտ ու բարյացակամ թույլերի հանդեպ, եւ եթե չկատարեմ խոստումս, թող արժանանամ իմ ժողովրդի արհամարհանքին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Առավոտից հրամանատարները, մանկավարժներն  ու սաները հյուրերի են սպասում: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջինն է շտապում շնորհավորելու նրանց: Գեներալը վերհիշում է 90-ականները` վարժարանի բացման «համեստ» արարողությունը, որին ինքն էլ էր ներկա. «Այն ժամանակ շատերը թերահավատ էին` արդյոք վարժարանը կկարողանա՞ դիմագրավել բոլոր մարտահրավերներն ու հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Ուրախալի է, որ կարողացավ, քայլ առ քայլ ամրապնդեց իր լինելիությունը,  կրթեց եւ զինված ուժեր ճանապարհեց հարյուրավոր շրջանավարտների, որոնք այժմ հրամանատարական շղթայում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում»,-ասում է գլխավոր շտաբի պետը:

«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄՈՆԹԵ ԼԻՆԵԼ»Հիմնադրման առաջին իսկ օրվանից վարժարանում ավանդույթ ձևավորվեց` ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը ամրակցել լավագույն սանին: Ասել է թե` հանձնել նրա խնամքին: Ինքնաձիգը վարժարանին էր նվիրաբերել Մոնթեի այրին` Սեդան: Իսկ Մովսես Հակոբյանին վերապահվել էր հանձնման առաջին արարողությունը: Այսօր նա նորից ձեռքն է վերցնում իր մարտական ընկերոջ զենքը, ստուգում` սարքի՞ն է: Ապա խորհուրդ-բարեմաղթանք է հղում իրեն շրջապատած սաներին. «Պետք է մի քիչ Մոնթե լինել»:

***

Մոնթեին նմանվելու ձգտումը Ալիկ Մազմանյանին ստիպեց թողնել հարազատ Լեռնավան գյուղը և ընդունվել ռազմամարզական վարժարան: Այստեղ սկսեց լեզուներ ուսումնասիրել, ստացավ Բրիտանական խորհրդի կազմակերպած անգլերենի դասընթացների ավարտական վկայագիր: Հետո մասնակցեց հայոց պատմության եւ աշխարհագրության օլիմպիադաների մարզային փուլերին ու աշխարհագրության հանրապետական փուլի արդյունքներով գրավեց առաջին տեղը: Նա նաեւ վարժարանի լավագույն շախմատ խաղացողն է: Այսքանից հետո ասում է. «Երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ մի օր Մոնթեի ինքնաձիգը ինձ կվստահեն»:

Ալիկը զբաղեցնում է իր տեղը շարքում: Միջոցառումն սկսված է:

***

«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄՈՆԹԵ ԼԻՆԵԼ»ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ողջունում է վարժարանի շարահրապարակում տոնական հանդերձանքով կանգնած սաներին: Պատասխան ողջույնից հետո հիմնական դպրոցն ավարտած եւ ռազմամարզական վարժարան ընդունված 57 աշակերտ  միաբերան արտաբերում է.

«Խոստում եմ տալիս դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, լինել Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի, զինված ուժերի հուսալի հենարան: Վարժարանի կոլեկտիվի կողմից ինձ տրված գիտելիքներն ու ֆիզիկական ունակությունները օգտագործել միայն ի նպաստ հայրենիքի պաշտպանության ու հզորացման, անառարկելիորեն ընդունել եւ առաջնորդվել վարժարանի կանոնադրությամբ, լինել ակտիվ, խիզախ եւ կարգապահ: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել ռազմական ուսումնական հաստատություն, դառնալ հայոց ազգային բանակի արժանի սպա եւ բարձր պահել Մոնթեի վեհ անունը: Անողոք լինել ազգի թշնամու եւ ներողամիտ ու բարյացակամ թույլերի հանդեպ, եւ եթե չկատարեմ խոստումս, թող արժանանամ իմ ժողովրդի արհամարհանքին»:

Այս երդումից հետո նրանք այլեւս հրամանագրվում են որպես ռազմամարզական վարժարանի սաներ:

Վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը բարձրաստիճան հյուրերին ու ծնողներին ներկայացնում է անցած տարիների ձեռքբերումները տեղական և միջազգային տարբեր մրցումներում: 2007 թվականից մինչ օրս անցկացված օլիմպիադաների եւ միջազգային տարբեր հավաք-մրցումների ժամանակ սաները դրսեւորել են ֆիզիկական ու բարոյակամային բարձր հատկանիշներ, նվաճել ավելի քան երեք տասնյակ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ. «Վարժարանը 23 տարիների ընթացքում տվել է 1576 շրջանավարտ: Հիշենք մայոր Հայկ Թորոյանին, որ հերոսաբար զոհվեց քառօրյա պատերազմի ժամանակ: Այսօր էլ իրենց մարտական ծառայությունն են շարունակում հակառակորդին ծանր հարված հասցրած եւ «Արիության մեդալի» արժանացած ՊԲ զինծառայողներ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը, կապիտան Սեդրակ Մարտիրոսյանը, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանը»: Ի դեպ, ապրիլյան կռիվներից հետո վարժարանի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել է:

Նախարար Վիգեն Սարգսյանն էլ ընդգծում է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը, դրանից բխող սահմանային լարվածությունը, հարեւան պետությունում տիրող թշնամական մթնոլորտը եւ հռետորաբանությունը մատաղ սերնդին պարտադրում են ավելի լուրջ պատրաստվածություն, ավելի մեծ նվիրում. «Պատանիները, որոնց խոստման արարողությանը ներկա ենք այսօր, նոր են ոտք դրել այս կրթօջախ, բայց, կարծում եմ, լավ են գիտակցում, թե ինչ պատասխանատու որոշում են կայացրել: Հենց միայն Մոնթե Մելքոնյան անուն-ազգանունը պարզ ու հասկանալի է դարձնում նրանց առաքելությունը: Ամեն մեծ գործ սկսվում է փոքր որոշումներից եւ արարքներից, ուստի յուրաքանչյուր սան պետք է գիտակցի, որ այսուհետ անմասն չի լինելու մեր երկրի ապագայի ձեւավորման գործընթացից: Լեգենդար Մոնթեն ասում էր` գրագիտությունն ավելացնում է հրացանի ճշգրտությունը: Այս ապացուցված ճշմարտությունը պետք է գիտակցի ցանկացած մոնթեական եւ ամեն ինչ անի իր գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար: Անհատների ֆիզիկական եւ մտավոր ներուժի հզորությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը: Տարիներ անց մենք հպարտությամբ ենք հիշելու, որ ներկա էինք ձեր խոստման արարողությանը: Սովորեք, սիրելի տղաներ, հմտացեք, արժանի եղեք Մոնթեի հետնորդները լինելուն: Եվ առաջ՝ դեպի նոր հաղթանակներ»:

Փորձառու սաներին հետեւելու ժամանակն է. ձեռնամարտ, օդային ու ջրային անցում պարանով, շենքից տուժածի տեղափոխում, մարզական վայրէջք շտաբի շենքի 4-րդ հարկից: Հանդիսավոր արարողության ավարտին պաշտպանության նախարարի և կրթօջախի պետի հրամաններով վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ խրախուսվում են:

Իսկ Ալիկը իրեն պահ տված Մոնթեի ինքնաձիգը վերջապես գցում է ուսին:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ