Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՊ ՈՒ ԹՈՌ



1

ՊԱՊ ՈՒ ԹՈՌԱյն ժամանակից, երբ պայթած ռումբի բեկորը փչացրեց Հովակիմ ապոր ձեռքը, և նա, անպետք ճանաչվելով, ուղարկվեց թիկունք, տասնյակ տարիներ էին անցել, սակայն պատերազմի հեռավոր շունչը դեռ մխում էր նրա վիրավոր հոգում, իսկ սարսափը հավետ բյուրեղվել էր դարչնագույն, տառապած աչքերում։

Հովակիմ ապոր զարմից մեկն էլ կռիվ գնաց։

Թոռը նամակ գրեց պապին. «…Զորամասը քշում են Աֆղանստան, ասում են՝ դուշմանները մերոնց նեղում են, ու թե մեր պետության հարավային սահմանները վտանգված են, գնում ենք պաշտպանելու… Պա՛պ ջան, դու ֆռոնտավիկ մարդ ես, ինձ կհասկանաս. էս մասին՝ մենակ ես ու դու…։ Մերոնց գալն էլ իզուր է»։

Ծերունու կողքին կարծես մի արկ էլ տրաքեց, և նրա քիմքը նորից արյան աղի-մետաղական համը հիշեցրեց։

 

2

…Հովակիմ ապերը գյուղի մեյդանում սկսել էր հազվադեպ երեւալ, խուսափում էր՝ չլինի՞ հանկարծ բիձեքն Արտակից հարցնեն։ Ինքն էլ դերասանություն անի, թե՝ «լավ ա, շուտով օտպուսկ ա գալու, հլա հետն էլ կարող ա մի նեմկա բերի…»։ Պապի ու թոռան գաղտնի պայմանավորվածության համաձայն հետաքրքրվողներին իմաց էր արվելու, որ, իբր, Արտակը ծառայում է Գերմանիայում։ Հայրն ու մայրն էլ համարյա հավատացած էին։ Եվ երբ քաղաքից ապորը այցելած հարսն ու որդին խնդրում էին ցույց տալ Արտակից եկած այս կամ այն օրվա նամակը, Հովակիմը՝ դողը սրտում, նրանց էր հրամցնում բազմակի օգտագործման համար նախատեսված ձեռագիրը։ Տղան քաջատեղյակ էր՝ ծնողները ուշ-ուշ են գնում պապին տեսության և հազիվ թե տարհամոզվեին, որ նամակի բովանդակությունը ամեն անգամ անփոփոխ է մնում, հնարքն էլ առայժմ անխափան էր գործում։ Մինչդեռ մայրը, միևնույն է, իրեն կուչ ու հուպ էր ածում. «Արտակիս հասցեն գրվում է «Полевая», ի՞նչ տեղ են տարել…»։ Հետո միայն՝ գիշերվա մի խորհրդավոր ժամի, երբ բոլորը քնած էին, Հովակիմ ապերը ծիսական երկյուղածությամբ՝ գաղտագողի պահ էր տալիս երբևէ հորինված ստերի սուտ ձեռագիրը, որը ժամանակի ընթացքում հմայիլի զորություն էր ձեռք բերել։

Ու թե դուրս էր գալիս՝ մայրամուտի շողերի հետ աննկատ քաշվում էր հեռագրատան շենքի կողմը, որտեղ էլ փոստային բաժանմունքի կիսաբաց պատուհանի տակ պպզում, անծուծ ոսկորները դեմ էր անում աշնան անզոր արևին ու աշխարհից վերացած՝ ականջ էր դնում փոստատար Գասպարի ռնգային բայաթին։ Գասպարը, քթի տակ դնդնալով, ուսապարկն էր լցնում աշխարհի «չարն ու բարին» և հիշելով ապոր՝ պատի տակ կուչ գալու հանապազ սովորությունը՝ կանչում էր կոկորդով մեկ. «Ստե՞ղ ես, Հովակիմ ապե՛ր»։

– Հա՜, ստե՛ղ եմ, ստե՛ղ, քեզ մատաղ,- արձագանքում էր ծերունին։

– Ասում եմ (պատուհանի փեղկերը լայն բացելով)՝ մոտ օրերս կանչի, գամ, քաշածդ տանձի արաղից մի-մի թաս բան խմենք, համ էլ քաղաքավարի զրից կանենք… լսեցի՜ր, հասկացա՜ր, Հովակի՛մ բիձա։

Հայտնի բան էր՝ թե որ Գասպարն իր բերանով ավետչեք էր  ուզում, ուրեմն ասելիքն էլ բարի էր։

– Լսեցի՜, լսեցի՛, աչքի՛ս վրա,- շուտասելուկով հոժարում էր Հովակիմը և հուզմունքից չորեքթաթ մագլցում փոստատան սանդուղքն ի վեր։

Պապ ու թոռ շարունակում էին գաղտնի պահել պատերազմը։

– Էս կռիվը մերն է, պա՛պ ջան, ես ու դու էլ պտի հաղթենք…,- գրում էր Արտակը։

 

3

Թոռան ուղարկած գիրը նոր լիցք ու եռանդ էր հաղորդել ապոր տկարացած անդամներին, ավիշը՝ խտղտացել, մաշկը քոր էր եկել, և պառավի օգնությամբ գլուխը լվանալով՝ մտել էր վարսավիր Սանդրոյի մոտ, նախամարդու մազը սափրել երեսից։ Եվ օդեկոլոնով օծանված՝ ընդառաջ էր եկել ակումբի դիմաց բանավիճող ծերակույտին։ Նրա ածիլած դեմքին՝ թութունի ծխից դեղնած բեղի վրայով այտից այտ ինքնաբավ ժպիտ էր ճոճվում, երբեմնի սարսափը աչքերում տեղատվել էր ծավալվող հույսին, որի ծիրը ձգվում-հասնում էր հեռուներ, հանգուցվում ամուր, որպեսզի սպասման այդ պիրկ ճոպանով տուն գար օտարված «լարախաղացը»…

– Հը՜, ի՞նչ կա, բիձե՛ք, ի՞նչ եք ղալմաղալ սարքում,- խոսքի բռնվեց Հովակիմը։

-Խե՜ր լինի, հարևա՛ն, էսօր քեֆդ ոնց որ տե՞ղն ա, քունդ առել ես, հա՞,- բառերը ծանրակշիռ շարադասելով՝ մեջ ընկավ ադվակատ Օհանը, բայց ապերն անտարբեր մնաց դրացու խայթոցին։

– Հովակի՛մ, դու աշխարհ տեսած մարդ ես, կիմանաս. էս անգրագետ գեղացիք հարցնում են, թե՝ ինչո՞ւ է աշխարհը կլոր, չէ թե անկյունավոր,- ծաղրալի տոնով պարզաբանեց դպրոցի նախկին տնօրենը։

Հարցադրումը թեպետ նենգությամբ էր երանգավորված, նպատակ ունենալով ծանակել ուղղամիտ ապորը, սակայն աչալուրջ ծերունին հպարտորեն հանձն առավ բարոյական փորձությունը և կամենալով կարծես երկրի պարագիծը նշմարել՝ նշանակալի մի հայացք սահեցրեց հավաքվածների գլխավերևով ու փիլիսոփայեց։

– Կանխամիտ ա սարքած, որ նրա ամեն ֆռռալուց սպորտլոտոյի շառի պես պտտվեք մեջին, զարկվեք իրար, իրար բերան պատռեք, համա ճղակը բացող չլինի…

Սերունդներ կրթած դպրոցի նախկին տնօրենը, որ կյանքի, գոյության նմանօրինակ մեկնություն չէր սպասում ապորից, մտովի ջանաց կռահել, թե երբևէ արտասանված ո՞ւմ հանրահայտ խոսքերն է կրկնում ծերունին, այնինչ իր կարդացած «նշանավորների ասույթներում» առնչակից ոչինչ չգտավ։

 

4

Հովակիմը չէր սիրում ադվակատ Օհանին։ Շատերի արդար գործն էր նա ձախողել, անմեղների հանդեպ խարդավանել. ո՛չ ապերը նրա դուռը թակած կար, ոչ էլ ախոյանն իր հարևանի։ Բայց մի օր հին «ավանդույթը» խախտվեց. Օհանը եկավ, ձայն տվեց Հովակիմին։ Ապերն ուզեց կնոջը՝ Մանանին խրատի, որ սա դուրս գա, ասի, թե ինքը գործով քաղաք է մեկնել, սակայն սրտի խրատը այլ բան էր հուշում։ Օհանը հարևանի հետ կարևոր խոսելիք ուներ։

Պառավ Մանանը պաղ թանաջուր տվեց նրանց, և հարևանները զրույցի նստեցին անդաստակում։ Միջօրեն խաղաղ էր՝ ծաղկած փշատենու բուրմունքով առլեցուն։ Խուզարկու հայացքներ փոխանակելով՝ ծեր ախոյանները լռեցին անճարակ. ծանր-տագնապալի լռություն, որ, հակամարտ կողմերից անկախ, հաշտության մի մեծ ու ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ԽՈՐՀՈՒՐԴ էր պարփակում։ Եվ ապերը հանկարծ նկատեց, որ դեռ երբեք Օհանին այդպիսին չէր տեսել. ասես հենց նոր նրան էին հայտնել պատերազմի բոթը։

– Հը՜, ի՞նչ կա, նաչալնի՛կ, երեսիդ սկի գույն չկա, քունդ չես առել, հա՞,- Օհանի ամբարտավան խոսելաոճը նմանակելով՝ հեգնեց Հովակիմը։

– Մամիկիս (Մամիկոնը Օհանի թոռն էր) տարել են Աֆղանստան,- մանկան պես գիրկապ անելով՝ ասաց Օհանը։

Մինչ այդ օրը Հովակիմ ապերն իր անօրեն հարևանին ամեն ինչի ընդունակ մարդ էր համարել և այժմ էլ նախապես տրամադիր էր հողահատկացումների շուրջ իրենց միջև ծագած վիճաբանության առիթով նրա հակաճառությունը լսելուն (Օհանին մի քիչ ավելին էր հարկավոր), բայց թե ամենևին չէր պատկերացնի, որ անցյալի ճարպիկ իրավախախտը երբևէ, ի վնաս իրեն, արտաքո կարգի հայտարարություն կաներ, այն էլ՝ իր ներկայությամբ։

– Էդ ո՞նց եղավ, հարևա՛ն,- ցավն իմացողի պես հարցրեց Հովակիմը։

– Փոստատարը կանչեց, թե՝ Օհա՛ն ամի, Մամիկիցդ նամակ է եկել, արի տար։ Ուրախացա, վազեցի էդ մասխարի կանտորեն, նամակը վերցրի, մտիկ տամ՝ հասցեն դառել ա «Полевая»։ Չհամբերեցի, բաց արի ու կարդացի. հիմի էլ գրում ա, թե զորամասը տարել են Գերմանիա… Էդ որ կարդացի, կասկածն ինձ կերավ, գնացի զինվորական կոմիսարի մոտ՝ հարցմունքի. անխիղճ մարդի ծնունդը՝ ո՛չ դես, ո՛չ դեն, ճիշտը քառթու-քառթու կապեց ջանիս։ Պարզվում ա՝ Մամիկիս տեղը շա՜տ շո՛գ ա…, ու որ էդ տեղի անունը Աֆղանստան ա. մեզ էլ չի ուզում հայտնած լինի, որ չտանջվենք…

Հովակիմը հիշաչար մարդ չէր, միայն երբեմնակի, նախնյաց բարոյությանն ու պատգամներին ապավինելով, հակառակում էր մարդկանց այս կամ այն խարդախ արարքին, զայրանում էր նրանց թուլությունների վրա, խռովում, թեպետ սխալականների հենց մի բարևից էլ փափկում էր, բարիշում՝ մոռանալով հին ու նոր ամեն գժտություն։ Ու հիմա, երբ ամենաանարգ մարդու կսկիծն ու մորմոքը կարող էր իրեն հատուցման հրճվանք պատճառել, Հովակիմը, իր կամքին հակառակ, տխրեց… Նա մտաբերում էր այն օրերը, երբ Արտակն ու Մամիկոնը մտերմություն էին անում, և որ գյուղի ավերակ վանքի պարիսպներին դեռ անջինջ է նրանց հավատամքը. «Արտակ+Մամիկ=Ախպերություն»։ Եվ ո՞վ իմանա՝ գուցե օտար հողում նրանց ուղիները խաչվե՞լ են նորից, և կամ միասին դիմագրավում են ահեղ «մահտարաժամի՞ն»։

– Սխալմունք կլինի, Օհա՛ն ամի, էդ կանցելարի գրագիրներին շատ էլ մի հավատա,- մխիթարելու փորձ արեց Հովակիմը։

– Չէ՜, ապե՛ր, չէ՛. ես իմ ծանոթ մեծավորին կաշառք էի տվել, թե ինչ ա Մամիկս ապահով տեղ ծառայի, էս հեղ էլ հանել, փողը հետ էր տալիս… Լավ էր՝ տնեցիներին համոզեցի, միամտվեցին. խոսացած գործ ա, ասի…

Հովակիմը համբերատար լսեց Օհանին, գթաշարժվեց, միայն մի բան էր ապորը անորոշության գիրկը նետում։ Նա չէր հասկանում, թե գոռոզ դրացին, արհամարհելով տարիների տևական անհաշտությունը, ի՞նչ դիտավորությամբ էր շնորհ բերել, և կեսխուզարկու-կեսկարեկցական հայացքով քննում էր Օհանի դեմքին գոյացած խորունկ խորշոմները, որոնց ակոսներից ջանում էր, ասես, վեր հանել այցի նպատակը։

– Քեզնից էլ, ապեր, նեղություն չհամարես,- վերջապես ապոր սրտից խոսեց Օհանը,- եկել եմ խնդրելու, որ Արտակիդ նամակներից մեկը ցույց տաս, տենամ գոնե ադրեսի մեջը նմանություն կա՞…

Հովակիմը խոժոռվեց անակնկալ խնդրանքից, բայցեւ անկարող եղավ մերժելու հուսահատին, քանի որ լավ էր հասկանում՝ վիշտն ամենքից էլ տուրք է առնում։ Վաղ թե ուշ… Նա իր պառավ կողակցին ապսպրեց բերել հնամենի զարդատուփը, որին ծեր ամոլը պահպանիչ զորություն էր վերագրում։ Հովակիմը նամականուց մի ծրար հանեց, մեկնեց Օհանին. Օհանը, քթի տակ մռմռալով, աչքի անցկացրեց, շուռումուռ տվեց ծրարը և հուսախաբ հառաչեց. «Էս էլ հե՛չ… չբռնեց»։

Հրաժեշտին Հովակիմը Օհանին խոստացավ, թե ինքն անպայման նամակով թոռանը հարցում կանի Մամիկոնից. արդյոք չե՞ն հանդիպել իրար ինչ-որ տեղ Էբերսվալդում կամ Մեյսենում…

 

5

Նորալուսնի մի գիշեր ապոր քունը չէր տանում։ Շատ շուռումուռ եկավ, փնչացրեց շարունակ, լույսն էլ թարսի պես չէր բացվում։ Պառավն էլ, թե՝ «էն տերամեռն էլի իրա՞ր էկավ» (Հովակիմը պատերազմից «հուշ» ուներ թիակում)։ Մինչդեռ ցավը թիկունքից ելել, արմատներ էր տարածում՝ դադարելով անձնական լինելուց։ Ապոր աչքին էր գալիս երեկվա տեսարանը. երբեմն-երբեմն իր պառավի պատվերով Հովակիմը գնում էր մոտիկ Ախպարաշեն ավանը՝ սարեցիներից թոնրի հաց, մածուն ու մեղր գնելու։ Նախորդ օրը, անհրաժեշտ պարենը հավաքած, տունդարձի ճանապարհին ապերը անսպասելի թաղման թափորի էր հանդիպել ու երբ հուղարկավոր մարդկանցից հարցուփորձ էր արել, տեղեկացել էր, որ Աֆղանստանում զոհված գյուղի ջահելներից են թաղում։ Եվ սգո հանդեսին իր ակամա մասնակցությունից զարհուրելով՝ հեռացել էր մռայլված։ Եվ հիմա Հովակիմ ապոր միտքը տքնում էր, տնքում տհաճ զգացումների ու ապրումների ահագին բեռի տակ, մանավանդ որ, ամիսը բոլորեց, թոռը բերանը ջուր էր առել (հետո միայն ուշացած նամակներից հայտնի էր դառնում, որ փոստատար օդանավը լեռներում խփվել էր)։ Եվ բազմաթիվ հոգեմաշ, սրտակեղեք «ինչու»-ներ պարապ թրև էին գալիս Հովակիմ ապոր անբարբառ տարեգրության փուչ ու դատարկ օրերի մեջ՝ ավելի ամայացնելով նրա ծերությունը, ինչը ամենուր բախտակից է որոնում և գտնում է հարկավ։ Հովակիմը գյուղի երեխաների միջոցով հրավեր էր ուղարկում ադվակատ Օհանին։ Օհանը սիրահոժար ընդունում էր հրավերը, և քիչ անց տանձենու այգում ծերունիներն իրար ձեռք էին սեղմում ու ամաչկոտ խոսքի բռնվում։

– Մամիկիցդ խաբար ունե՞ք, Օհա՛ն ամի, իմ անպետքի թանաքը պրծել ա,- հուսահատ ինքնատիրապետումով հարցրեց Հովակիմը։

– Իմանո՜ւմ եմ, իմանո՛ւմ,- Օհանը դառնությամբ փնչաց խորքից,- իմ հալն էլ հալ չի. հարսս երեսիս չանչ ա շպրտում, բերանն էլ որ շաղ տվեց, թող ու փախի՝ է՛լ քավթառ շուն, է՛լ դավաճան շանորդի… Բանից դուրս ա գալիս՝ ես իմ էս չորացած ձեռով տարա փող տվի, որ էրեխես կրակի բերա՞նն ընկնի։- Մարդկային հարաբերություններում շրջադարձային դրսևորումների մասին Օհանի պատկերացումները օր ծերության ենթակա էին վերաիմաստավորման։- Ախր, հարամ մարդի խելքը մթնած ա, մգլած, կարճ ա կտրում, իսկի ֆայմի չի, որ մի օր էլ, կարող ա պատահի՝ իր հախից գան։ Այ, դրան ա, որ հազիր չէի։ Հիմի «հայցվորը» ես եմ, ու ի՛նձ են խաբել։

Հովակիմը այն աստիճան զգացվեց ադվակատ Օհանի անկեղծ մեղայականից, որ, ինքն իրեն մի տեսակ նվաստացած զգալով, վայելուչ համարեց դրացու հանդեպ բանալ նաև իր սիրտը՝ պահպանելով, սակայն, գաղտնիության խոստումը։

– Դարդ մի՛ արա, Օհա՛ն ամի, իմ ոտքերն էլ ամպոտ չեն։ Մենք մեր խաչը լավ-վատ տարել ենք՝ թող մեր երեխեքի բախտը բանի, թող անփորձանք տուն գան, էն ժամանակ (նրանք մեր արածն էլ գիտեն, չարածն էլ) ամեն ինչ իր տեղը կընկնի։ Տղերքի գիրն էլ տեղին ա ուշանում, ուրեմն երկուսով էլ նույն Գերմանիայումն են, հա՛-հա՛, ճիշտ եմ ասում, Օհան ամի։

Նրանք սկսել էին վստահել իրար…

6

Այս դեպքից մեկ շաբաթ անց էր, երբ ապորը թոռից նամակ եկավ. «…Պա՛պ ջան, ասում ես՝ մտքովդ հազար բան է անցնում, հենց որ գիրս ուշանում է, բայց դու անհոգ մնա, իմ ջանը քարից է, գյուլլա չի բռնում։ Պա՛պ ջան, պատահում է՝ ծրար չեմ ունենում, որ առաջադրանքի գնալուց առաջ մի քանի տող բան գրեմ. գիտես էլի, կռիվ է, պակասություն շատ կա։ Հիմի էլ նորից հրաման է եկել, գնալու ենք… Էս Աֆղանստանում մի ղոչաղ-ղայիմ մարդ կա, Ահմադ շահ են ասում, դուշմանների զորապետ է։ Էդ Ահմադն իր մարդկանցով մերոնցից շատերի գլուխ է կերել, դրա համար էլ ուզում են, որ, ինչ գնով էլ ստացվի, գերի վերցնեն, բռնողին էլ, թե որ հաջողի, հերոսի կոչում են տալու։ Հա, քիչ մնաց մոռանայի, որ իմանաս՝ էս կողմերում ո՞ւմ եմ հանդիպել. մեր գյուղի ադվակատ Օհանի Մամիկոնին։ Նա ինձ ճանաչեց, թե չէ ինքը անճանաչելի էր դառել՝ երեսը լրիվ վառված էր… Ասում են՝ ինչ-որ գեներալի կյանք է փրկել։ Մի քանի օր վրանում իրար կողք քնեցինք, անաստվածը դմբրածի պես ժամերով պառկում, մի գլուխ բերանից օդ էր բաց թողնում, հետն էլ սարսաղ-սարսաղ խոսում. «Ես ձեր վարող-վաստակողի…»։ Մենակ վերջին գիշերը հետս քիչ ու միչ լեզու թաթախեց. պարզվում է՝ ինքն էլ ինձ նման հարազատներին սուտումուտ բաներով խաբում է, թե, իբր, Գերմանիայում է ծառայում, պապից էլ գեշ նեղացած է։ Ասում է՝ նրա հարամ փողերի պատճառով է, որ ինքը էստեղ է. դրա համար էլ ճիշտը չի գրում, որովհետև, ասում է, պապը բերանբաց է…»։

Թոռան նամակում շարադրվածը հանգամանալից կշռադատելով՝ Հովակիմ ապերը նպաստավոր համարեց Օհանին առայժմ ոչինչ չպատմել։

 

7

Այդ տարի ցրտերը շուտ վրա հասան։ Գյուղի երկարակյացները վկայում էին, որ առաջներում էլ վաղահաս սառնամանիքներ եղել էին, իսկ այս մեկը իր խոլական տարերքով անհիշելի ժամանակներից էր։ Եվ ահա, ձյունամրրկոտ մի իրիկուն խոնջած գյուղացիք լուր առան, չափսոսացին՝ ադվակատ Օհանը ոչ ևս է։ Ծերուկը փոստատան շեմին վեր էր ընկել, կոնքոսկրը կոտրել։ Անկողին պառկելով՝ ցավից փնթփնթացել, տանջվել էր շարունակ, մարել էր ու հանգել՝ անկատար թողնելով Մամիկի վերադարձին ընտիր կոստյումացու «ատրեզ» առնելու իր խոստումը։ Հոգեվարքի գիշերը Հովակիմ ապերը մահամերձի մահճի մոտ էր լուսացրել և հարմար մի պահի Օհանի ականջին ահաշշուկ ինչ-որ բան էր շշնջացել, ինչից մեռնողը մի ակնթարթ շտկել էր շուռ եկած բիբերն ու, հայացքը հավանորեն թարթելով, հոգին ավանդել էր։

 

8

Ադվակատ Օհանի մահից շատ չանցած՝ քաղաքից հեռագրած պաշտոնական գրությամբ Գարեգինին՝ հանգուցյալի մինուճար որդուն, կանչեցին Հանրապետական զինկոմիսարիատ։ Գարեգինը կնոջը պատվիրեց կարգի բերել այցեզգեստը, որը միայն հանդիսավոր, տոն օրերին էր հագնում և լուսադեմի ճեպընթացով մեկնեց քաղաք։

Կեսօրին, բախելով առաջին իսկ պատահած գրասենյակի դուռը, Գարեգինը մտավ կոմիսարիատի պաշտոնատարներից մեկի մոտ։ Փայտահատի արտաքինով սպան, ծանոթանալով ծանուցագրի բովանդակությանը, կանչվածին ուղեկցեց մի ընդարձակ ու լուսավոր ընդունարան, որտեղ ամեն բան իր վրա զինվորական կարգ ու կանոնի կնիքն էր կրում. առաջարկեց նստել և պագշոտ հայացքով շիկամազ քարտուղարուհու կիսարձակ կրծքին օդային համբույրներ տեղալով՝ անհետացավ շերտավոր վարագույրի հետեւը։ Գարեգինը ներքուստ չարացավ, նեղսրտեց, որ իր ներկայությունը այդ կաբինետային պչրուհու ուշադրությանը ոչ մի կերպ չարժանացավ, կարծես ինքը աթոռին նստած կոճղ լիներ, ինչն էլ ստիպեց նրան ներքուստ արտահայտել իր կարծիքը.

– Փչացա՛ծ։

Շուտով հսկա կրկնադռների միջից հայտնվեց մեկ ուրիշ պաշտոնյա, որի կերպարանքը գրեթե ոչինչ զգացական չէր արտահայտում, և նեղսրտած գյուղացուն առաջնորդեց գլխավորի առանձնասենյակ, որտեղ էլ նրան ընդառաջ եկավ ցլի պես լայնառունգ մեկը, ով իր շառաչուն շնչառությամբ ագահաբար կլանում էր սենյակի օդը՝ ասես շնչահեղձ անելու ամեն ինչ և ամենքին։ Հետո արդեն կոմիսարն ու շիկամազ քարտուղարուհին շատ չարչարվեցին, մինչև որ Գարեգինի ուշը տեղը բերեցին…

Օդանավակայանում բեռնատար ինքնաթիռից մի քանի ցինկե արկղ իջեցրին, որոնցում աֆղանական պատերազմում զոհված զինվորների մարմիններ էին։ Գարեգինը կանչվել էր ճանաչելու որդու դին…

 

9

Հուղարկավորների թափորը գետի վարար-պղտոր հունի էր նմանվում, որի ալիքվող մակերևույթին ճապուկ լարախաղացի նման տարուբերվում էր մեջքնիվար Մամիկոնը. Ադվակատ Օհանի իղձը իրականացել էր՝ թոռը նորաձև սմոկինգ էր հագել:

Հովակիմը ետ-ետ ընկավ բազմությունից… Թալկացած ոտքերը քստքստացնելով՝ նա քայլեց դեպի գյուղամերձ կիսակայարանի կառամատույցը, որտեղ հաճախակի էր լինում՝ սպասելով փոստառաք մեքենայի երեւալուն։ Ծերունու շաղվող-շլմոր հայացքը նորից ու նորից ընդգրկեց շրջապատի իրեն ծանոթ իրերն ու առարկաները և դարձյալ սևեռվեց հեռագրասյունից կախ տված փոստարկղին, որի վրա կավիճով գրված էր. «Քցողի մե՛րը…»։ Ու թեև արգելականը սպառնալից էր, սակայն հույզերի, հույսերի այդ «Դանայան տակառը» լցվում էր մեկեն ու մեկեն էլ պարպվում։

Հովակիմ ապերը առաջվա պես միտք էր անում ու ցավով լցվում. «Իրենց ՇՏԵՄԱՐԱՆԻՆ խալխն է տիրացել, և ամեն գարուն-աշունքի ընտիր սերմացուն հավաքում, տանում են օտար անդաստանները… Անտեղյակ, որ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ հունդից անիծյալ աշխարհում տատասկ էլ չի բուսնի…»։

 

10

Հաղթանակի տոներին Հովակիմ ապերը քաղաք էր գնում։ Ընդունված կարգ էր. ավագ որդին՝ Գրիգորը, գալիս, հորը տանում էր իրենց տուն, որպեսզի իր «ոսկեդարն» ապրած ՄԱՐԴԸ տեսակցեր հետզհետե անհետացող սերնդակիցներից վերջիններին, վաղուցվա բաները՝ հուշ դարձած դեպքերն ու դեմքերը միմյանց հիշեցնեին, ողորմի տային, կարոտն առներ։ Քաղաքի երթ ու գալը փոխում էր գյուղական մարդու կենցաղավարությունը. Հովակիմը առավոտից իրիկուն մոլախաղի սիրահարների հետ կենտրոնական զբոսայգում թուղթ կամ ճատրակ էր խաղում, մեկ-մեկ էլ շատրվանների հովին նստում, երեսը դեմ էր անում քամու ցնցղած ջրափոշուն և, մայրաքաղաքային եռուզեռից ընդարմացած, քնով էր անցնում։ Որդու առարկումներին՝ «Քաղաքը գյուղ տեղ չի, հեռու մի՛ գնա, կկորես, խայտառակ կլինենք», պատասխանում էր.

– Քո նմանին որ խնդրեմ, ճամփեն ցույց չի՞ տա…

Անձրևոտ մի իրիկուն՝ նորալուսնից առաջ, Հովակիմ ապերը քայլում էր քաղաքի թաց փողոցներով՝ կռիվ տալով իր կուզիկ-կռնատ ստվերի հետ։ Մեկ էլ, ինչ-որ տեղից հայտնված մանկահասակ տղաների ցեխակոլոլ, թրջված մի խումբ անսպասելի հարձակումով սկսեց «ծվատել» մոռացության մեջ շրջող ապորը։ Թափվեցին, ծամածռությունով տնազեցին խեղճ մարդուն, հոգու հետ խաղացին մի լավ և սուլելով ու առաջկտրուկի վազելով՝ չքվեցին, ինչպես քաջքի ճտեր։ «Ավազակախմբի» անհայտանալուն պես Հովակիմ ապերը թեթևացած շունչ քաշեց և, մի անգամ էլ ապահովության համար բոլորքը նայելով, խաչակնքեց՝ «Սատանոց էր…»։ Նա դառնացած մտածում էր, որոշում, որ կգնա և իր որդի Գրիգորին կտրականապես կհայտնի, կգոռա, գժություն կանի՝ «…քաղաքին հեչ հավան չեմ, զոռով խի՞ եք պահում»։

Հասնելով տուն տանող աստիճաններին՝ Հովակիմը հեռվից ինչ-որ խուլ-խրթին իրարանցում զգաց։ Եվ երբ վերջին մի քանի սանդղամատն էլ հաղթահարեց, պարզորոշ լսվեցին հարսի ցնծության ճիչերն ու իր պառավի «ոսկորդ պինդ մնա, որդի ջան» օրհնանքը։ Ծերունին գողեգող մոտեցավ և լսելիքը հուշիկ հպեց դռանը։ Հենց այդ միջոցին էլ դուռը ներսից կրնկի վրա բացվեց, և մի զույգ գեղեցիկ, գիշերվա պես աչքեր խնդացին, կարդացին հրավեր. «Արի՜, պա՛պ ջան, արի՜, բա որ ասում էի՝ գալու ե՜մ…»։

…Թոռանը, ինչպես պապին, կռնատության համար վաղաժամկետ էին արձակել։

Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Հոգևոր-մշակութային


02/11/2016