Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼ
ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼ

ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼ«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Հյուսիսային Իրաքի մայրաքաղաք Մոսուլի ազատագրմանը թուրքական զորքերի մասնակցության հարցը լրջագույն խնդիրներ է ստեղծել ոչ միայն Բաղդադի եւ Անկարայի, այլ նաեւ Անկարայի եւ Թեհրանի միջեւ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բացահայտորեն անտեսում է Իրաքի կառավարության բոլոր հայտարարությունները՝ երկրի տարածքում թուրքական զորքերի ապօրինի ներկայության մասին եւ շարունակում է պնդել, որ իր երկրի զինված ուժերը եւս պետք է մասնակցություն ունենան Մոսուլի ազատագրմանը: Անկարայի նման պահվածքը արդեն իսկ սկսել է նյարդայնացնել Իրաքի հարցում տակավին չեզոք դիրք բռնած Թեհրանին՝ սպառնալով ոչ միայն երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների վատացմամբ, այլ նույնիսկ ռազմական բախման հեռանկարով:

Մոսուլի մոտ «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին ԱՄՆ օդուժի աջակցությամբ մասնակցում են իրաքյան ոստիկանությունն ու բանակը, ինչպես նաեւ՝ քրդական զինված ստորաբաժանումները: Մինչ այդ, Էրդողանը հայտարարել էր, որ եթե Անկարային մերժեն մասնակցության հարցում՝  նրան ոչինչ չի մնա անելու, քան հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Այս պահին Թուրքիան պատերազմ է վարում միանգամից երկու ճակատով եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, ընդ որում՝ թե՛ «Իսլամական պետության», թե՛ սիրիական ու իրաքյան քրդերի դեմ: Անկարայում պնդում են, որ քրդերի շարքում իրենց դեմ կռվում է Թուրքիայի քրդաբնակ վայրերում թուրքական բանակի դեմ փաստացի պատերազմող Քրդական բանվորական կուսակցության ստորաբաժանումների մի մասը:

Մոսուլում ռազմական գործողություններին մասնակցելը Անկարային հնարավորություն կտա ինչ-որ կերպ վերահսկելու իրավիճակը թուրք-իրաքյան սահմանագոտու քրդաբնակ վայրերում: Այդ համատեքստում Էրդողանը փորձում է այլեւս չխանգարել Սիրիայի հարցում ռուսական սցենարի իրականացմանը, բայց դրա փոխարեն ակնկալում է որոշակի ձեռքբերումներ արդեն Հյուսիսային Իրաքում:  Եվ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին բեռնաթափումը հենց նման մոտեցումների տրամաբանական հետեւանքն է:

ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼԹուրքիայի ակտիվացումը Իրաքում անհանգստացնում  է Իրանին, քանի որ վերջինս սատարում է իրաքյան շիա ազգաբնակչությանը, որի գոյության անվտանգությունը կախված է ոչ միայն ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների բարեհաջող լինելուց, այլեւ թուրքական զորքերի հնարավոր առաջխաղացումից: Թեհրանը Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի շիաներով բնակեցված տարածքները դիտարկում է որպես կարեւորագույն աշխարհաքաղաքական եւ տնտեսական միջանցք դեպի Միջերկրական ծով, իսկ Էրդողանի վերջին հայտարարությունները Հալեպի եւ Մոսուլի պատկանելության շուրջ կարող են հարկադրել Իրանին դիմելու կտրուկ քայլերի, ընդհուպ մինչեւ ռազմական միջամտություն: Որ բախումը Թեհրանի հետ անխուսափելի է,  լավ հասկանում են նաեւ Անկարայում: Թեեւ առերեւույթ երկու երկրները պահպանում են բարիդրացիական հարաբերություններ, այնուամենայնիվ, շուրջ մեկ տասնամյակ միմյանց դեմ տարվում են պատերազմի նախապատրաստական աշխատանքներ: Իրանը զինում եւ ամրացնում է  Սիրիայի, Լիբանանի, Իրաքի շիաներին, Թուրքիան՝ այդ երկրների սուննիներին եւ թյուրքական տարբեր ցեղերի: Այս պարագայում, եթե Անկարան շարունակի Քրդական պետության ստեղծման դեմ իր քայլերը, չի բացառվում, որ նրանք եւս միանան իրանա-շիական դաշինքին՝ հրահրելով անգամ թուրք-իրանական բախում:

Այս իրավիճակում կարեւոր է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Վաշինգտոնում ըմբռնումով են մոտենում Բաղդադի կառավարության բողոքներին՝ փորձելով չափավոր աջակցության միջոցով նվազեցնել Թեհրանի ազդեցությունը: Միաժամանակ՝ որքան Անկարայի ձգտումները Վաշինգտոնի կողմից լուրջ չեն ընկալվում, այնքան ավելի լուրջ են տրամադրվածությունը շիա ազգաբնակչությամբ տարածքներով Միջերկրական ծով Իրանի դուրս գալու հավանականությունները: Բնական է, որ այս հարցում Միացյալ Նահանգները պատրաստ են սատարելու Թուրքիայի նախաձեռնությանը՝ ստեղծելով երկիմաստ իրավիճակ: Փաստացի՝ ԱՄՆ-ը  ձգտում է հեշտացնել Մոսուլում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացումը, բայց նաեւ կասեցնել Իրանի առաջխաղացումը՝ նույնիսկ չբացառելով թուրք-իրանական ռազմական բախում:

«Իսլամական պետության» դեմ կռվող արեւմտյան կոալիցիան մի քանի օր առաջ օրինականացրեց թուրքական ստորաբաժանումների կենտրոնացումը Մոսուլի մոտ՝ Բաշիկում՝ հայտարարելով այն որպես ՆԱՏՕ-ի բազա: Միաժամանակ ԻՊ-ի դեմ մարտնչող շիա զինված ստորաբաժանումները հայտարարեցին, որ պայքարելու են արտաքին ցանկացած միջամտության դեմ: Հետեւաբար՝ անմասն չի մնա նաեւ Իրանը, որը կարող է աջակցել շիաներին զինուժով:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ. լեյտենանտ