Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸՄարտական պլանի համաձայն տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրելու աշխատանքների ավարտին այցելեցինք բանակային 1-ին զորամիավորման կազմում գործող գումարտակ (հրամանատար, փոխգնդապետ Արմեն Բալասյան), որտեղ մեծ թափով ընթանում էին սպառազինության ու տեխնիկայի սպասարկման ավարտական աշխատանքները:

Հրահանգավորումից հետո տանկերի և ՀՄՄ-ների անձնակազմերը կատարեցին հրանոթների մաքրման, յուղի ֆիլտրների լվացման, գնդացիրների, գլդոնների սպասարկման և այլ աշխատանքներ: Բացի հիմնական հրահանգավորումից, տանկերի և ՀՄՄ-ների վաշտերի հրամանատարները յուրաքանչյուր աշխատանքային տեղամասում, նախքան սպասարկման աշխատանքներին անցնելը, մեկ անգամ ևս մանրակրկիտ բացատրում և անհրաժեշտության դեպքում, ի տես մյուս բոլոր զինծառայողների, ցուցադրում էին գործողությունների ժամանակին, ճիշտ ու որակյալ կատարման ձևը, ապա տվյալ անձնակազմին հրամայում էին սկսել գործընթացը:

Զինվորները վարժ ու հստակ կատարեցին առաջադրված խնդիրը:

Իրենց մասնագիտական հմտություններին գերազանց էին տիրապետում տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Ավետիսյանը, նշանառու-օպերատոր, շարքային Արտյոմ Խանոյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Դավիթ Սահակյանը:

Ծնունդով աղավնաձորցի, շարքային Նորիկ Գասպարյանը հպարտորեն նշեց, որ մոտ 3 ամսից կզորացրվի և տխրությամբ հրաժեշտ կտա իր սիրելի տանկին: Նա իր գործը լավ կատարելու համար ստացել է ավագ մեխանիկ-վարորդի որակավորում:

Մեկ այլ աշխատանքային տեղամասում կուտակչագործ Արարատ Քոչունցը համապատասխան հանդերձանքով ու օժանդակ սարքավորումներով կատարում էր տեխնիկայի մարտկոցների լիցքավորման և սպասարկման աշխատանքները:

Գործարկվեցին զինտեխնիկայի տաքացուցիչները:

Տեխսպասարկման աշխատանքներին անձամբ հետևում էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Բալասյանը: Նա, ըստ հարկի, հանդես էր գալիս խորհուրդներով ու պարզաբանումներով: Ի դեպ, զրահատանկային գումարտակ մեր այցելությունը համընկավ հրամանատարի ծննդյան օրվան, ինչի առթիվ շնորհավորեցինք փոխգնդապետին:

Ի պատասխան տեխնիկայի մարտունակության վերաբերյալ մեր հարցին, գումարտակի հրամանատարն ասաց.

-Ամբողջ տեխնիկան և սպառազինությունը գտնվում են սարքին` մարտական վիճակում, պատրաստ կատարելու ցանկացած խնդիր:

 

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/10/2016