Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ



ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ«Հրետանին պատերազմի աստվածն է». Արցախյան պատերազմի օրերին, չունենալով որևէ լուրջ ռեսուրս, մեր հրետանավորները հերոսական մարտեր մղեցին Լաչինի միջանցքի համար եւ իրենց հմուտ ու գրագետ գործելակերպով ապացուցեցին այս հանրահայտ աքսիոմի ճշմարտացիությունը: Նրանց սխրանքի շնորհիվ թշնամին ու միջազգային հանրությունը ստիպված եղան հաշվի նստել հայ մտքի ու բազկի ուժի հետ: Այսօր էլ՝ վկան ապրիլյան պատերազմը, հրթիռահրետանային զորքերը վճռորոշ դեր են կատարում ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ ձախողելով թշնամու բոլոր ծրագրերը:

Արդեն 24 տարի հոկտեմբերի 19-ը նշվում է որպես հրթիռահրետանային զորքերի կազմավորման օր, հայոց զինուժի պարծանքի և հպարտության օր:

Տոնական հանդիսությունը մեկնարկեց մարտական դրոշի շարահրապարակ դուրս բերելու արարողությամբ: Ելույթով հանդես եկավ հրթիռահրետանային զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Մարտիրոսյանը.

-Այսօր մեծ տոն է հայկական զինված ուժերում,- ասաց գնդապետը:- Հրթիռահրետանային զորքերն ունեն փառահեղ հաղթանակներ և միշտ պատրաստ են կատարելու յուրաքանչյուր խնդիր: Հիրավի հիշարժան է 1992թ. հոկտեմբերի 19-ը, երբ մեր սակավաթիվ մարտկոցների  կազմով առաջին անգամ դասական հրետանային նախապատրաստություն իրականացվեց, և Լաչինի միջանցքի լայնությունը, որը առանձին հատվածներում նեղացել-հասել էր 3-4 կիլոմետրի՝ վտանգելով կյանքի  ճանապարհի գոյությունը, ընդարձակվեց մինչեւ 25-26 կիլոմետր:

ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸՀայոց ազգային բանակի հրթիռահրետանային զորքերի 24-ամյա փառավոր պատմության մեջ հայ ժողովուրդը սիրով ու երախտագիտությամբ է հիշում նոր կազմավորվող բանակի բարձրակարգ հրետանավորներին. նրանց, ովքեր վիթխարի ներդրում ունեցան Արցախի ազատագրման գործում, իրենց գիտելիքները և փորձը փոխանցեցին կրտսեր սերնդին՝ ստեղծելով նախապայմաններ զորատեսակի զարգացման համար:

Գնդապետ Մարտիրոսյանը, տոնի առթիվ շնորհավորելով սպայական կազմին, զինվորներին և հյուրերին, մաղթեց, որ «մեր հրթիռներն օգտագործվեն միայն ուսումնական դաշտերում, իսկ հարկ եղած դեպքում՝ արժանի հակահարված հասցնեն թշնամուն»:

Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից զինվորների կողքին ծառայում են նաև հոգևորականները՝ մեր գնդերեցները: Հրթիռահրետանային զորամասի հոգևոր սպասավոր Ատոմ սարկավագ Ղարագյոզյանն իր ելույթն սկսեց «Տերունական աղոթքով»:

Նա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից շնորհավորելով հրթիռահրետանային զորքերի տոնը, ընդգծեց.

-Վստահ եմ, որ դուք ձեր գործը քաջ գիտեք: Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի մեր երկիրը:

ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸՄիջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ հյուրեր՝ դպրոցների տնօրեններ, աշակերտներ, բուհերի ուսանողներ, ինչը բանակ-հասարակություն ամուր կապի առհավատչյան է: ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ, Երևանի թիվ 194 դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, բարձր գնահատելով հրթիռահրետանային զորքերի դերն ու նշանակությունը հայոց զինուժում, ասաց.

-Հրթիռահրետանային զորքերը այն կարևոր օղակն են, որոնք ստեղծվեցին պատերազմի ժամանակ: Ցանկանում եմ, որ հայոց երկինքը անամպ ու առանց հրթիռների լինի: Ծառայե՛ք խաղաղ երկնքի ներքո:

Տոնական հանդիսությանը հետևում էին նաև Արցախյան պատերազմի վետերան հրետանավորները, որոնք իրենց մարտական ուղին անցել են հրթիռահրետանային զորքերում: Նրանցից մեկը՝ գնդապետ Ալբերտ Մկրտչյանը, իրեն դեռ զգում է շարքում: Մոտ օրերս նա նշելու է իր ամուսնության 40-ամյա հոբելյանը: Եվ երդվյալ զինվորականը, որ խորհրդային տարիներին հնարավորություն չի ունեցել խորանի առջև կանգնելու, հստակ որոշել է պսակադրության արարողությանը ներկայանալ զինվորական հագուստով, որովհետև իրեն այլ կերպ չի պատկերացնում:

ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸԵրևանի  թիվ 17 դպրոցի զինղեկ, գնդապետ Վոլոդյա Կարապետյանի զավակն ու թոռը նույնպես հրետանավորներ են և ծառայում են առաջնագծում: Եվ երբ փորձում են խոսել իր անցած մարտական ուղու, նվիրումի ու ստացած բազում մեդալների մասին, ծերունազարդ հրետանավորը պարզապես ժպտում է և ասում.

-Իսկական հայրենասիրությունն այն է, երբ մարդ իր գործը լավ է կատարում:

Հրթիռահրետանային զորքերի տոնի կապակցությամբ բազմաթիվ բարձրաստիճան սպաներ և զինվորներ խրախուսվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով ու թանկարժեք նվերներով: Նրանցից շատերը հենց այն խիզախ մարտիկներն են, ովքեր ապրիլի 2-ից 5-ը վճռական հարված հասցրին թշնամուն՝ միջազգային հանրությանն ստիպելով հաշվի նստել պատմական ճշմարտության հետ: Իսկ ապագա քաջարի և իմաստուն զինվորների դարբնոցը դպրոցն է: Ուստի մի շարք դպրոցների տնօրեններ ևս արժանացան պարգևների՝ բանակ-հասարակություն կապի և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1162) 26.10.2016 - 01.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/10/2016