Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»
«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»

«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»…Իրանում՝ Նոր Ջուղա հայկական բնակավայրում, կա մի երկհարկանի  տուն, որի սենյակները թանգարանի պահոցներ են հիշեցնում՝ հարյուրավոր հնատիպ գրքերի արժեքավոր հավաքածու, հազվագյուտ գեղանկարներ, Հին և Նոր Ջուղաների պատմությունն ու հզոր մշակութային ժառանգությանը նվիրված մի քանի տասնյակի հասնող գիտական աշխատություններ, լուսանկարներ, հազարավոր նամակներ…Իսկ տան  աշխատասենյակում մշտապես կարելի է տեսնել ականավոր հայագետ, լեզվաբան Լևոն Մինասյանին՝ գրամեքենայի վրա խոնարհված: Նա գիտության ու  մշակույթի զինվոր էր, որն իր կյանքը նվիրեց հայ մշակույթի պահպանման ու տարածման գործին: Հայրենիքն ու ազգությունը նրա համար սուրբ արժեքներ էին, որոնց նա ծառայեց անդավաճան և անմնացորդ:

-Կյանքը ապրած երկար տարիները չեն, այլ՝ այդ տարիների բովանդակությունը:

Սա էր գոյության նրա բանաձևը: Իր կյանքի 92 տարիների ընթացքում հայագիտության ասպարեզում թողեց այնպիսի մեծ ժառանգություն, որի շնորհիվ նորովի ենք բացահայտում քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ունեցած դերը: Նա ուներ մի երազանք՝ հարյուրների հասնող հնատիպ գրքերի հավաքածուն և իր արխիվը նվիրել Մայր Հայրենիքին: Այս մասին մահվանից առաջ նամակով հայտնել էր դստերը՝ Նյու Յորքում բնակվող անվանի դիմահարդար, սփյուռքյան թերթերի թղթակից, հասարակական գործիչ Արմինե Մինասյանին: Դուստրը կատարեց հոր կամքը և երկու տարվա տքնաջան աշխատանքից հետո այդ գանձերը վերջապես հանգրվանեցին հայրենիքում:

Օրերս Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Լևոն Մինասյանի՝ հայկական հնագույն գրքերի մեծարժեք հավաքածուի և արխիվի հանձնման արարողությունը: Նրա գիտական ժառանգության մի մասը և անձնական իրերը ներկայացված են մշտական ցուցադրության: Մեծանուն հայագետը վերադարձել է Հայրենիք:

«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»-Հայրս, -ասում է Լևոն Միանասյանի որդին՝ Արմեն Մինասյանը,- մեծ ցանկություն ուներ անձամբ իր արխիվը նվիրել Հայաստանին: Չհասցրեց: Մինչև կյանքի վերջին օրերը նա հավաքում էր հայ մշակույթի գանձերը: Նրա համար սերը դեպի յուր ազգությունը, ազգային-ընտանեկան արժեքները սահման չունեին: Մեծանալով Լևոն Մինասյանի  ընտանիքում ու ստանալով նրա դաստիարակությունը՝ ինձ համար բացահայտել եմ մի ճշմարտություն. Հային պահողն ու պահպանողը գիտության ու մշակույթի հանդեպ ունեցած սերն է եղել:

-Նրա՝ հնագույն ձեռագրերի և գրքերի հավաքածուն կազմում է շուրջ 3000 միավոր, որոնք թվագրվում են 15-16-րդ դարով: Դրանց մի մասը եղբորս կինը ի պահ հանձնեց Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարանին, իսկ մնացածը տեղափոխեցի Հայաստան: Եվ երբ մի ակնթարթ ետ եմ նայում, չեմ հավատում, որ գործն ավարտին եմ հասցրել: Ինձ օգնել է հարազատ երկրի ուժը,-ասում է գիտնականի դուստրը՝ Արմինե Մինասյանը:-Երջանիկ եմ, որ վերջապես հորս սրտի փափագը կատարվեց:

«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»-Դյուրին չէր Լևոն Մինասյանի արխիվը և հնագույն գրքերի հավաքածուն Հայաստան բերելը: Եվ ես անչափ կարևորում եմ նրա դստեր նվիրումը: Լևոն Մինասյանի աչքից չի  վրիպել հայագիտության և ոչ մի ճյուղ: Մեր ազգային-մշակութային կյանքում մեծ իրադարձություն է ունենալ նրա գիտական ժառանգությունը և այս մեծագույն արժեքները Հայաստանում,- բացման խոսքում ասաց Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Դահլիճում հավաքված հյուրերը Լևոն Մինասյանին հիշում էին որպես անբասիր, մինչեւ վերջին վայրկյանը անդադրում աշխատող, ազնվազարմ մտավորականի: Նա գիտեր խորհրդային կառավարության կողմից հալածվող մեր մեծանուն գրողների ու բանաստեղծների յուրաքանչյուր տողի արժեքը և աջակցում էր՝ նրանց ստեղծագործությունները տպագրելով սփյուռքյան պարբերականներում: Լևոն Մինասյանի շնորհիվ է վերականգնվել մշտապես տնային կալանքի մեջ եղած Հովհաննես Շիրազի և ժողովրդի միջև ընդհատված երկխոսությունը, որը նրանց ամուր ընկերության հիմքն է դարձել: Եվ այդ անդավաճան ընկերության առհավատչյան Շիրազի՝ Լևոն Մինասյանին ուղարկած ձնծաղիկներն են, որոնք թեև վաղուց չորացել են, բայց գիտնականը դրանք մինչև  կյանքի վերջը պահպանել էր, ինչպես մի թանկ մասունք:

Իսկ ուրիշ ո՞վ կարող է վրձնել Լևոն Մինասյան մարդու ամբողջական կերպարը, եթե ոչ նրա դուստրը:

-Հայրս,- ակնածանքով պատմում է Արմինե Մինասյանը,-ազգային կյանքին նվիրվեց դեռ 20 տարեկանից: Մինչև հիմա հիշողությանս մեջ տպավորված է այն պահը, երբ 5-6 տարեկանում հորս հետ գնացի գյուղի գերեզմանատուն. նա վրձնով մեկ առ մեկ մաքրում էր տապանաքարերի փոշին և նոթատետրում գրի առնում արձանագրությունները: Հետո հասկացա, որ այդ լուռ քարերի մեջ մեր պատմությունն է թաքնված: Նա մեզ սովորեցնում էր լինել ճշմարտախոս, ազնիվ ու առաքինի: Բարկանում էր, երբ գիրքը թերթում էինք անզգուշորեն, և էջի անկյունում ծալք էր առաջանում: Եղավ մի պահ, երբ իրանական կառավարությունը փակեց հայկական  դպրոցները: Հայրս մեր տան երկրորդ հարկը վերածեց դպրոցի…

«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»Արմինե Մինասյանի պատմությունն ուղեկցվում էր Իրանի Փերիա գավառի հայկական գյուղերի լուսանկարների ցուցադրությամբ, որոնք ժամանակին արել է ինքը՝ Լևոն Մինասյանը, սերունդների համար պահպանելով հայերի ստեղծած մշակութային հուշարձանները: Իսկ Լևոն Մինասյանին նվիրված տեսանյութը պատմում էր ականավոր գիտնականի անցած ճանապարհի մասին: Նրա կենսագրությունից մի քանի փաստ նշելն արդեն իսկ բավական է՝ ճանաչելու և գնահատելու նրա մեծությունը:

Բազմավաստակ հայագետը ծնվել է 1920թ.-ին՝ Սպահանի շրջանի Փերիա գավառի Խոյգան (վերին) գյուղում: Սովորել է ծննդավայրի դպրոցում: Հետագայում մեկ տասնամյակից ավելի պաշտոնավարել է տեղի դպրոցում՝ որպես ուսուցիչ և Փերիա գավառի հայկական դպրոցների շրջանային տեսուչ: Լևոն Մինասյանն առաջինն էր, որ Փերիա գավառում հիմնեց գրադարան. նրա մեծ նվիրումի արդյունքում ստեղծվեց «Աբովյան» գրադարանը, ինչպես նաև բազմաթիվ ազգային-կրթական կառույցներ, որոնք նպաստել են հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: 1981թ. ստանձնել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Սուրբ Ներսես Շնորհալի գրադարանի վարիչի պաշտոնը՝ միաժամանակ իր մասնակցությունը բերելով տեղի ազգային մարմինների աշխատանքներին: Սկսած 1957թ.-ից սիրահոժար վարել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանի պատասխանատվությունը, իսկ 1972թ.-ից՝ տպարանի վերահսկողությունը: Այս ընթացքում նա բծախնդրորեն դասավորել է Սուրբ Ամենափրկիչ վանքի դարավոր արխիվը՝ 1606-1983թթ.: Կազմել է վանքում պահվող հնագույն հայկական ձեռագրերի մատենագիտական ցուցակը: Տաղանդավոր գիտնականը հեղինակել է 60-ից ավելի մեծածավալ աշխատություն, մենագրություններ, հազարավոր հոդվածներ, որոնք սերունդներին են ժառանգել Ջուղայի հարուստ պատմությունը: Նրա ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ, օրինակ, Իրանում և Միջին Արևելքում առաջին տպարանը հիմնել են հայերը` 1636թ.-ին, իսկ երկու տարի անց՝ 1638թ.-ին Խաչատուր վարդապետ Կեսարացու տպագրած գիրքը  եղել է առաջինը  ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում: Հայագիտության մեջ ունեցած ավանդի համար Լևոն Մինասյանը 1973թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա Վեհափառի ձեռքով պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Նա մշտապես սերտ կապերի մեջ է եղել Հայրենիքի հետ՝ հատկապես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի, ինչպես նաև մեծանուն բանաստեղծների, արվեստագետների ու գրողների հետ: Իր տպավորությունների մասին պատմել  է «Երազ երկիր  Հայաստան» գրքում (1980թ.):

«ՄԵՐ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ»Ականավոր գիտնականը և նվիրյալ հայորդին չէր կարող անտարբեր մնալ իր Հայրենիքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությանը՝ Անկախության վերածննդին: Բազմիցս այցելել է Հայաստան և նույնիսկ իր մահճակալի մոտ փորագրել հայոց զինանշանը՝ որպես ներշնչանքի աղբյուր:

Մեծ գիտնականը մահացավ 2012թ. դեկտեմբերի 31-ին՝ թողնելով հզոր գիտական ժառանգություն: Ավարտվեց Լևոն Մինասյան-հայագետի կյանքի երկրային ուղին, և սկսվեց նրա հավերժի ճանապարհը:

Միջոցառման ավարտին համերգային ծրագրով հանդես եկավ Կոմիտասի անվան Ազգային Քառյակը, որի հրաշք կատարմամբ հնչեցին Կոմիտասի անմահ ստեղծագործությունները՝ խորհրդանշելով  մեր ժողովրդի հավերժական  ընթացքը: Ակամա մտաբերեցի մեծ զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի և մի լրագրողի միջև տեղի ունեցած զրույցի հետևյալ դրվագը.

-Զորավա՜ր, ի՞նչ է հարկավոր ազգին պատերազմում հաղթելու համար:

-Հա՜ց, զե՜նք, ոգի՜:

-Իսկ եթե միայն երկու՞սը:

-Զե՜նք և ոգի՜:

-Իսկ եթե միայն մե՞կը:

-Ոգի՜:

Նայելով մեր ազգի անցյալին, համոզվում ենք, որ մեր Ոգին հենց մեր հազարամյակների պատմությունն է ու մշակույթը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ