Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ



ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲՀամաձայն մարտական պատրաստության պլանի՝ հոկտեմբերի 17-ին 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը բերվեց մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, որի նպատակն էր ռազմերթի կատարումը և կենտրոնացման շրջանի զբաղեցումը, այնուհետև պաշտպանական մարտի նախապատրաստումն ու վարումը, ապա անցումը հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Մինչ այդ, զորավարժության ղեկավար, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը տվեց միջոցառման կազմակերպման և անվտանգ իրականացման ընդհանուր ցուցումներ:

Համաձայն սցենարի՝ զորամասի ստորաբաժանումները, իրականացնելով պետական սահմանի պահպանություն և ստանալով տեղեկություններ հակառակորդ կողմում ԶՈՒ ակտիվության վերաբերյալ, ուժեղացնում են մարտական հերթապահությունը: Այնուհետև, առաջադրանք ստանալով անցնել պաշտպանության բնագծում, զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանը իրականացրեց խնդրի պարզաբանում, գնահատեց իրադրությունը, խնդիրներ առաջադրեց ենթականերին, կայացրեց որոշում եւ նշված ժամին զեկուցեց ԲԿ հրամանատարին: Սահմանված ժամին ունկնդրեց ստորաբաժանումների հրամանատարների որոշումները, որից հետո անցկացրեց փոխհամագործակցության կազմակերպում:

Զորավարժության ղեկավար, գնդապետ Վ. Քոչարյանը «մարտի դաշտում» անձամբ զրուցեց սպաների, զինվորների հետ և համոզվեց զորավարժությանը նրանց պատրաստ լինելուն:

Հոկտեմբերի 20-ին, ըստ սցենարի, սկսվեց մարտական հրաձգության փուլը, համաձայն որի՝ բանակային զորամիավորման մարտական պահպանության ստորաբաժանումները, հանդիպելով հակառակորդին, մարտի են բռնվում.  հակառակորդին հաջողվում է մխրճվել զորամասի ստորաբաժանման պաշտպանության շրջան՝ առաջին շարակազմի վաշտի խորությամբ: Զարգացնելով իրադրությունը` զորամասը երկրորդ շարակազմի ուժերով անցկացնում է հակագրոհ և չեզոքացնում թշնամու առաջխաղացումը: Հակառակորդը ոչնչացվում է:

Զորավարժության նպատակն էր ստուգել զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ հրամկազմի և ստորաբաժանումների անձնակազմերի պատրաստվածությունը: Այդ ընթացքում ուսուցանել զորամասի վարչակազմի պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների հրամանատարներին ռազմերթի նախապատրաստելու մեթոդիկան և գործնականում իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև կենտրոնացման շրջանն զբաղեցնելու կարգը, վարչակազմի պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների հրամանատարներին պաշտպանական մարտ վարելու հիմնահարցերը: Կատարելագործել շտաբի սպաների, ստորաբաժանումների հրամանատարների և շտաբների ունակությունները հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ժամանակ, ի վերջո` կատարելագործել անձնակազմի վարժվածությունը իրական կրակի վարումով մարտական խնդիրների կատարման, զենքի և մարտական տեխնիկայի հմուտ կիրառման պայմաններում, բարձրացնել ներդաշնակվածության աստիճանը, զարգացնել անձնակազմի բարոյակամային հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, ներշնչել զորային ընկերակցության ոգի:

Ամփոփելով զորավարժության արդյունքները` զորավարժության ղեկավար, գնդապետ Վ. Քոչարյանը նշեց ինչպես դրական կողմերը, այնպես էլ բացթողումները: Այնուհետև բանակային զորամիավորման հրամանատարի հրամանով հենց մարտի դաշտում խրախուսվեցին մի շարք զինծառայողներ: Ստորաբաժանումների շարային երթից հետո  տրվեց մասնակի դադար:

 

4-րդ բանակային զորամիավորման

թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


25/10/2016