Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՈՐԴԻՆԵՐԻՆ



ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՈՐԴԻՆԵՐԻՆՀոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 40 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն ունեցան այցելելու գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասեր՝ տեսակցելու իրենց ծառայող զավակներին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն» համայնքի աշխատակազմի ղեկավար, գլխավոր մասնագետ, պահեստի գնդապետ Հարություն Բալյանը,  Երևանի քաղաքապետարանի զորահավաքային բաժնի պետ գնդապետ Արսեն Բաղրամյանը, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Լևոն Հովհաննիսյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները  Երևանի քաղաքապետի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեցին ժամկետային զինծառայողներ Արսեն Երկանյանին, Նորայր Հակոբյանին, Արսեն Զաքարյանին, Դավիթ Սաղաթելյանին, Մերուժան Իրիցյանին, կրտսեր սերժանտ Գրիշա Ստեփանյանին եւ այլ զինծառայողների՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու, զինվորական պարտքը պատվով կատարելու համար:

Զորամասի հրամանատար, գնդապետ Լևոն Հովհաննիսյանը կազմակերպված հանդիպման առիթով շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, գնդապետ Հ. Բալյանին և գնդապետ Ա. Բաղրամյանին՝ հանձնելով պատվոգրեր բանակ-հասարակություն կապերը պահպանելու եւ նման միջոցառումներով դրանք է՛լ ավելի ամրապնդելու համար:

Ողջունելով ծնողներին և նրանց հետ հանդիպման եկած ժամկետայիններին՝ հրամանատարն ասաց.

-Բարով եք եկել մեր զորամաս, հուսով ենք՝ այստեղ դուք ձեզ հրաշալի կզգաք, կառնեք կարոտը ձեր զավակներից, հանգիստ կշփվեք նրանց հետ: Եթե նրանք ինչ-որ մտահոգող հարցեր և խնդիրներ ունենան, մենք այստեղ ենք, խնդրում ենք տեղեկացնել մեզ: Հնարավորության սահմաններում մեր հրամանատարությունն անպայման կլուծի դրանք:

Սրտաբուխ շնորհակալության, խաղաղության, անփորձանք ծառայության ջերմ խոսքեր ասացին նաև ժամկետային զինծառայողների ծնողներ Վալյա Մալխասյանը, Օֆելյա Սուքիասյանը, Գայանե Մարգարյանը, Լիանա Ասլանյանը, Ռուզաննա Պետրոսյանը, Լիանա Պետրոսյանը, ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանի պապը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Խաչատրյանը: Վերջինս նշեց, որ ինքը հպարտանում է ոչ միայն այսօրվա հայրենասեր, հրաշալի  երիտասարդ սերնդով, այլ նաև հպարտ է, որ իր ուսանողներն են եղել ազգային հերոսներ Թաթուլ Կրպեյանն ու Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն:

Ծնողների և ժամկետային ծառայող որդիների պարբերական հանդիպումները ոչ միայն դաստիարակչական,  ռազմահայրենասիրական նշանակություն ունեն, այլեւ  բանակ-հասարակություն կապերի ամրապնդման  կարևոր երաշխիք և գործոն են:

 

Ս. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/10/2016