Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՕրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեց բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ենթակա զորամասերի հրամկազմի ներգրավմամբ: Զորավարժության նպատակը տարբեր օղակների հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների կատարելագործումն էր, ինչպես նաեւ՝ ստորաբաժանումները մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի բերելու« մարտական գործողություններ վարելու ժամանակ ներդաշնակման« անձնակազմի դաշտային վարժվածության բարձր աստիճան ապահովելը:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ կատարվեց իրադրության գնահատում: Պատասխանատուները սցենարի պահանջներից բխող որոշումներ ընդունեցին՝ համապատասխան խնդիրներ առաջադրելով ենթականերին: Շտաբային մարզումների փուլում քննարկվեցին ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության կազմակերպման« մարտի ղեկավարման և այլ հարցեր:

Զորավարժության շրջանակներում մասնակից ստորաբաժանումների ավտոշարասյուները ռազմերթ կատարեցին դեպի կենտրոնացման շրջաններ:  Մարզի տարբեր համայնքների զինկոմիսարիատների միջոցով կազմակերպվեց զորամասերի լրահամալրում՝ պահեստազորայինների ընդունում« հաշվառում և մարտական խնդրի առաջադրում զինվորական մասնագիտություններին համապատասխան:

Մեծ ուշադրություն դարձվեց շտաբների բացազատման« քարտեզների ճշգրտման« հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման« անձնակազմի և ռազմական տեխնիկայի ճիշտ տեղաբաշխման հարցերին:

Զորավարժության վերջին փուլում զրահատանկային զորամասերից մեկի հենքի վրա անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, որի ընթացքում բարձր ցուցանիշներ գրանցեցին հատկապես  ռեակտիվ-հրետանային միջոցներով ուժեղացված հրետանային ստորաբաժանումները:

Զորավարժության արդյունքներն ամփոփելուց հետո զորամիավորման հրամանատարական կազմը մանրամասն վերլուծեց մասնակիցների կատարած գործողությունները, առկա թերությունների շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց հստակ հանձնարարականներ: Աչքի ընկած մի խումբ զինծառայողներ խրախուսվեցին:

Բանակային զորամիավորման հրամանատարը նշեց, որ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների հիման վրա կարելի է փաստել՝ մեր զորքերն ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

 

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


19/10/2016