Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ
ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸՀրթիռահրետանային զորքեր…   Ի զուր չէ, որ հրետանին անվանում են «պատերազմի աստված». այն այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր միջոցն ու ուժն է:  Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, ինչպես և մեր մյուս  զորատեսակները,  ծնվել  և թրծվել  են  Արցախյան պատերազմի բոցերում: Սրանով էլ պայմանավորված  է նրանց կենսունակությունն ու բարձր մարտական ոգին: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին  հրետանին ասել է իր հատու խոսքը՝ մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես և ողջ մարտական գործողությունների դաշտում:

 

Այսօր մեր հրթիռահրետանային զորքերը հագեցած են գերժամանակակից սպառազինությամբ, որը ցուցադրվեց սեպտեմբերյան զորահանդեսի ժամանակ, մարտունակ են ու պատրաստ կատարելու իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր: Սրա փայլուն ապացույցը ապրիլյան քառօրյայում նրանց ծավալած գործողություններն էին:  Իսկ տարիներ առաջ՝ Արցախյան պատերազմի ժամանակ, հայոց նորաստեղծ բանակի հրետանու զորատեսակի ձևավորման ընթացքում մեր հրետանավորները բազում դժվարին ժամանակներ են ապրել՝ մեծ զոհաբերությունների գնով քայլ առ քայլ, հետևողականորեն գրեթե ոչնչից ստեղծելով այսօրվա արդեն կայացած հրթիռահրետանային զորատեսակը:

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ1992 թվականի փետրվար ամսին, լսելով հայրենիքից հասնող տագնապալի լուրերը, Հայաստան էր ժամանել ռուսական 28-րդ կորպուսի հրթիռահրետանային զորքի պետ, այն ժամանակ դեռևս գնդապետ Վլադիմիր Հայրապետյանը, որը խորհրդային բանակում հայաստանցի ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հրետանավորն էր: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած առանձնազրույցը  բավական էր, որ փորձաշատ գնդապետը հրետանու դեռևս գոյություն չունեցող վարչության պետ նշանակվեր: Հրետանային առաջին ստորաբաժանումները՝ դասակի և մարտկոցի կազմով, ձևավորվեցին հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորումից, Հայաստանի տարածքում տեղակայված 7-րդ խորհրդային բանակի որոշ զորամասերի հրետանային սպառազինության ընդունումից հետո:

Հաշվի առնելով նորաստեղծ զորատեսակում արհեստավարժ կադրային սպաների պակասը՝ խնդիր դրվեց  հրետանու վարչությունը համալրել մասնագիտական լուրջ պատրաստություն անցած սպաներով:

Նորաստեղծ հրետանու վարչության պետ Վլադիմիր Հայրապետյանը, որն անձամբ զբաղվում էր ստորաբաժանումների անձնակազմի հավաքագրմամբ, անցնում  էր զինկոմիսարիատներով, տեղեկություններ հավաքում լավագույն տվյալներ ունեցող երիտասարդների վերաբերյալ, հետո գնում տները, զրուցում, համոզում…

1992թ. սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած  ժամանակահատվածում ռազմաճակատում իրավիճակը լարված էր: Թշնամին երկու ուղղություններով հարձակում էր գործել, փորձում էր, ետ վերցնելով  Լաչինը,  խեղդել Արցախը, կտրել Հայաստանի հետ կենսական կապը: Միջանցքի լայնությունը որոշ հատվածներում հասել էր 4-5 կմ-ի: Վ. Հայրապետյանն ու Միքայել Գրիգորյանը եղած մարտկոցների կազմով դասական հրետանային հակահարձակման նախապատրաստման ծրագիր կազմեցին: Հրետանու դիպուկ կրակի շնորհիվ հակառակորդին զգալի կորուստներ պատճառվեցին: Միջանցքի լայնությունը վճռական մարտի՝ հոկտեմբերի 19-ի օրը հասավ 25-26 կիլոմետրի:

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸԻ նշանավորումն հրետանավորների գործած սխրանքների, և մասնավորապես՝ Լաչինի միջանցքի համար մղված մարտում հրետանու ունեցած հսկայական դերակատարման, մեկ տարի անց, 1993-ի սեպտեմբերի 30-ի հրամանով (ստորագրված ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կողմից) հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերում հռչակվեց որպես հրթիռային զորքերի և հրետանու օր:

Մեր բանակի հրետանային զորամասերն ու ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները գերազանց կատարեցին նաև սույն թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ` ապացուցելով, որ հրետանու լավագույն ավանդույթները շարունակվում են: Ավելին` անգամ Արցախյան պատերազմի բովով անցած հրետանավորները խոստովանում են, որ նման կազմակերպված աշխատանք այն տարիներին չեն տեսել: Ինչպես մարտկոցների, այնպես և դիվիզիոնների մակարդակով կրակը շատ հմուտ գործեց: Մինչ այդ Ադրբեջանի արած հայտարարությունը, թե՝ իր զորքերում առկա տանկերն անխոցելի են, շուտով՝ հենց մարտական գործողությունների ընթացքում, հերքվեցին:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության առաջին պետ,

գեներալ-մայոր

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸԵրբ հետադարձ հայացք եմ ձգում Արցախյան պատերազմի սկզբնական շրջանին, հիշում եմ, թե ինչպես էր կրակային դիրքերում տեղավորված հատուկենտ հրանոթների ու ականանետների արձակած թեկուզ մեկ արկն ու ականը հերոսության ու անձնազոհության մղում մարտիկներին: Հիմա արդեն մեր բանակում՝ ի դեմս մեր հրթիռահրետանային զորքերի, հզոր կրակային վահան ունենք:

Անդրադառնալով մեր անցած դժվարին ուղուն՝ կուզենամ նշել հրետանու կայացման գործում իրենց անուրանալի ավանդն ունեցողներից մի քանիսի անունները, քանի որ բոլորին պարզապես հնարավոր չէ թվարկել: Կարևոր դերակատարում են ունեցել պաշտպանության նախարարներ` սպարապետ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը: Մեծ ավանդ ունեն Ռայմոնդ Մագաուզյանը, Երվանդ Հասրաթյանը, Հայկ Մանուկյանը, Ներսես Մուրադյանը, Լևոն Միքայելյանը, Ալբերտ Մարդոյանը, Ժորա Գասպարյանը, Վազգեն Ղավալյանը, Յուրի Քարամյանը, Հրանտ Մանվելյանը, Սևադա Հովհաննիսյանը…

Ցավոք, հաղթանակները հնարավոր չեն առանց զոհերի: Մարտերում հերոսի մահով ընկան մեր քաջարի հրետանավորներից՝ փոխգնդապետ Սամվել Սաֆարյանը, կապիտան Գուրգեն Արշակյանը, կապիտան Վահագն Հակոբյանը, մայոր Պետրոսյանը, Արկադի Սեմերջյանը, փոխգնդապետ Գագիկ Մարգարյանը և ուրիշներ, որոնց անունները ոսկե տառերով են գրված Հայոց բանակի պատմության էջերում:

Ուզում եմ նաև հիշատակել մի շարք երիտասարդ սպաների, որոնք  իրենց արժանի ավանդը ներդրեցին ՀՀ ԶՈՒ հրետանային առաջին ստորաբաժանումների կազմավորման գործում: Նրանց թվում էին՝  կապիտան Անատոլի Ղավալյանը, մայորներ՝ Սերգեյ Առուստամյանը, Արմեն Սողոմոնյանը, Մհեր Գալստյանը, Նվեր Գրիգորյանը, Կարեն Բաբայանը, փոխգնդապետներ՝ Գարուն Աբգարյանը, Մկրտիչ Մարտիրոսյանը և ուրիշներ:

1992-ից սկսած՝ շուրջ 12 տարի, ղեկավարել եմ հրետանու վարչությունը: Պատերազմից հետո պետք էր ուսումնական կենտրոններ ստեղծել: Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում հրաշալի ամբիոն ստեղծեցինք՝ ուսումնամեթոդական հիմքով, դասախոսական կազմով:

ՀՀ ԶՈւ Հրթիռային զորքերի և հրետանու օրվա կապակցությամբ կուզենայի հիշատակել նաև ս.թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի հրետանավորների քաջարի մասնակցությունը: Ապրիլի 2-5-ը ՊԲ-ի պաշտպանության գոտում նրանց շնորհիվ ոչնչացվել են հակառակորդի ականանետային, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները, ձախողվել նրանց բոլոր ծրագրերը:

Մեր մասնագիտական տոնի առիթով սրտանց բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ եմ ուզում հղել մեր բոլոր զինվորներին ու սպաներին, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար կռվեցին եւ կոտրեցին թշնամու մեջքը, հրետանավոր այն վետերաններին, ովքեր այժմ էլ ծառայում են զորքերում, և նրանց, ովքեր արդեն չեն ծառայում, բայց հոգով-սրտով մեզ հետ են: Բոլորին ցանկանում եմ առողջություն և նորանոր հաջողություններ հրթիռահրետանային զորքերի զարգացման գործում:

 

ՍԵՎԱԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ԶՈՒ հրթիռային  զորքերի և հրետանու պետի

տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ1993 թվականի հունվարից   ներգրավվել է նոր կազմավորված բրիգադայում՝ սկզբում որպես դասակի, այնուհետև՝ որպես մարտկոցի հրամանատար և մասնակցել  ՀՀ հարավարևելյան սահմանագոտու պաշտպանական գործողություններին: Որպես մարտկոցի, այնուհետև դիվիզիոնի հրամանատար, մասնակցել է նաև Կուբաթլիի, Ջեբրայիլի, Հորադիզի մարտական գործողություններին: Զինադադարի կնքումից հետո, մինչև 1997 թվականը՝ որպես բրիգադայի հրետանու պետ, բրիգադի որոշ ստորաբաժանումների կազմում համատեղ մարտական հերթապահություն է տարել մեր երկրի հարավարևելյան սահմանների պաշտպանությունն ապահովելու համար: 1999-2001 թթ.  ուսանել է ՌԴ ռազմահրետանային համալսարանում, որն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը: Զբաղեցրել է զորամասի հրամանատարի պաշտոնը, որից հետո տեղափոխվել է հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, 2013 թվականից  նշանակվել հրթիռային զորքերի և  հրետանու պետի տեղակալ, վարչության պետի տեղակալի պաշտոնում:

Շուշիի ազատագրման ժամանակ մեր զորքերի տրամադրության տակ կային ընդամենը մի քանի ԲՄ-21 կայանք և մի քանի հրանոթ, սակայն դրանք ճիշտ կիրառելու շնորհիվ կարևոր խնդիրներ լուծվեցին: Հետագայում արդեն, բանակի կայացմանը զուգընթաց, հրետանային զորքերը հարստացան, հագեցվեցին ժամանակակից զենքերով, հեշտացավ մեր առջև դրվող խնդիրների կատարումը: Կարևոր հանգամանք էր նաև անձնակազմի պատրաստությունը: 1992թ.-ից սկսած՝ հայ զինվորը, հրետանավորը շատ սեղմ ժամկետներում կարողանում էր տիրապետել զենքին: Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ և մինչև օրս հատ-հատ հիշում եմ այն մարդկանց  ազգանունները,  որոնք այն օրհասական ժամանակներում տվյալ ստորաբաժանման անհավանական հերոսներն էին: Սևակ Մարգարյան, Արթուր Հովհաննիսյան, Արմեն Գրիգորյան, Սմբատ Առաքելյան. բոլորը հրանոթի հրամանատարներ են եղել՝ ընդամենը 18 տարեկան զինվորներ…

Հրետանու մուտքը մարտադաշտ, իհարկե, շատ կարևոր դեր խաղաց հատկապես մեր հետևակի` մոտոհրաձիգների համար: Հրետանու գործողությունները միաժամանակ թե՛ հոգեբանական մեծ օժանդակություն էին և թե՛ նրանց գործողությունների ծավալման համար ուղի հարթելու կարևոր միջոց: Դեռևս 1992-93 թթ. Լաչինի միջանցքում մեր ունեցած հրետանային զինտեխնիկան մատների վրա կարելի էր հաշվել. Դ-30, ԲՄ-21 և Դ-20, նաև հակատանկային միջոցներ` Տ-12: Ունեինք հակառակորդից առգրավված 16 փողանոց մեկ «Գրադ» կայանք,  որը հենց իրենց դեմ էինք կիրառում: Զինամթերքի սակավության պատճառով այնպես էր ստացվում, որ մեկ մարտկոցի տրամադրության տակ եղած ընդամենը 4 հրանոթով կարողանում էինք երեք հիմնական ուղղությունների վրա հերթապահություն սահմանել և կրակ բացել: Դժվար էր, բայց անում էինք. ուրիշ ճար չկար:

Այսպես մեր առջև դրված խնդիրները կատարել ենք մինչև 1994 թվականի մայիս ամիսը: Հրետանու մասնակցությամբ վերջին մարտական գործողություններն ապրիլի 28-ին էին, որից հետո, քանի որ արդեն բանակցություններ էին ընթանում զինադադարի կնքման շուրջ, չէր թույլատրվում կրակ բացել:

Ապրիլյան քառօրյա պատերազմը մի նոր փորձություն էր մեր  բանակի համար: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ հրետանին զինված ուժերի կազմում իր գործը հրաշալի է կատարում: Մարտական գործողությունների բոլոր հատվածներում՝ և՛ հյուսիսային,  և՛ հարավային, և՛ կենտրոնական բոլոր ուղղություններով հրետանին իր խնդիրը գերազանց կատարեց: Այդ օրերից անգամ տեսանյութեր կան, թե ինչպես հակառակորդի տանկերը փորձել են գրոհ ձեռնարկել, բայց հրետանու կրակով նրանց բոլոր նպատակները հօդս են ցնդել: Հիմա ասում են՝ քառօրյա պատերազմում հիմնականում հրետանին հաղթեց: Իհարկե, նախապես պլանավորված կրակային դիրքերը միշտ չէ, որ հաջողվել է օգտագործել, քանի որ հակառակորդի ԱԹՍ-երը ստիպում էին, որ մեր հրետանին անընդհատ խուսավարի:

Հրթիռային զորքերի և հրետանու 24-ամյա տարեդարձի առիթով վարչության և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հրետանավորներին ու հրթիռավորներին: Ցանկանում եմ ամենակարևորը՝ անփորձանք ծառայություն և մաղթում, որ մեր բոլոր զինատեսակները կրակեն միայն զորավարժարաններում: Յուրաքանչյուր մարտկոցից սկսած՝ մեր բոլոր ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները թող այսուհետ ևս մեծ վարպետությամբ ու պատվով կատարեն: Մենք պետք է հպարտ լինենք, որ հրետանավոր ենք: Սա մեծ պատիվ է: Ցանկանում եմ անկոտրում կամք մեր բարդ գործում, և ամենակարևորը՝ խաղաղություն մեր հայկական երկու պետություններին:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր