Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

«Հայրենապաշտպան դաստիարակություն՝ ահա մեր փրկության խարիսխը»

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄՄայրաքաղաքի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա է, քանի որ մշտապես արդյունավետ, նպատակային աշխատանք է տարվում: Կրթօջախի սաներից շատերը այսօր սովորում են ռազմական ուսումնական հաստատություններում:

Դպրոցի զինղեկ, Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած պահեստազորի փոխգնդապետ Պերճ Գևորգյանը, չնայած պատկառելի տարիքին, երիտասարդական ավյունով և անսահման նվիրումով է կատարում իր աշխատանքը` ջանք ու եռանդ չի խնայում ռազմական գործի «այբուբենն» ուսուցանելիս, որ հայրենիքի ապագա պաշտպանները ծառայության մեկնեն զինվորական կյանքին հնարավորինս պատրաստ:

Օրերս նրա նախաձեռնությամբ դպրոցի 8-րդ դասարանցիները «Զինվորական երդում» դասաժամը անցկացրին Եռաբլուր պանթեոնում: Մեր նորօրյա քաջերից մեկի` հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի շիրիմի մոտ դպրոցականները հանդիսավոր երդվեցին սրբորեն պահել-պաշտպանել հերոս քաջորդիների արյունով է՛լ ավելի սրբացած մեր հողն ու ջուրը:

Իրենցից ընդամենը մի քանի տարով էր մեծ Ռոբերտը, դեռ 20-ն էլ չէր բոլորել: Սովորական մի տղա` իրենց նման հազար երազանք ու ցանկություն իր անհանգիստ սրտում թաքցրած…

ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄԵրդման արարողությանը ներկա էր հերոսի պապը` Գևորգ Աբաջյանը. «Կորուստը ծանր է, հուզմունքս ու հպարտությունս իրար են խառնվել… Սփոփվում ենք, որ հիշում են, գնահատում, մեծարում: Թող մեր հերոս բոլոր զավակներն էլ հայրենիքի համար անեն հնարավորն ու անհնարինը, բայց ոչ թոռանս ճակատագրով… Թող մեր բոլոր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ»:

Աշակերտների երդման արարողությանը հուզմունքով հետևում էր նաև անհետ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի այրին` Զարինե Հակոբյանը, որը Եռաբլուր զինվորական պանթեոնում մշակութամասսայական գծով հրահանգիչ է. «Պատերազմ կոչվածը շատ երկարաձգվեց, շա~տ-շա՛տ, կյանքը շաղախված է պատերազմական շնչով. տուն չկա, օջախ չկա, որ հարազատ-բարեկամ կորցրած չլինի, ու մեր երեխաները ակամա բաժնեկից դարձան կորստի ցավին ու դառնությանը… Էնքան հայրենասիրություն կա մեր երեխաների մեջ, էնքան հասուն են մտածողությամբ»:

Երդման հանդիսավոր արարողությանը հաջորդեց պատանի երկրապահների շարքերը համալրած աշակերտների վկայականների հանձնման արարողությունը: ԵԿՄ վարչության անդամ Վազգեն Վարդանյանը, միության անունից շնորհավորելով բոլոր ներկաներին, պատվոգիր հանձնեց դպրոցին:

«Այսօրվա հայրենասեր աշակերտները վաղվա մեր հայրենապաշտ զինվորներն են: Վաղը նրանք են կանգնելու սահմանին և իրենց նվիրված ծառայությամբ ամուր ու անսասան են պահելու հայրենիքը»,- ասաց Վազգեն Վարդանյանը:

ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր