Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ



Օրերս Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Արմեն Թամազյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի Հանրապետություն: Նպատակը և՛ գործնական էր, և՛ ճանաչողական: Պատվիրակության կազմում էին լրատվական վարչության պետ Դիանա Մարկոսյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, դոցենտ Հակոբ Թադևոսյանը, պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Աբրահամյանը, ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և երաժշտության բաժինների, ինչպես նաև այլ ֆակուլտետների չորս տասնյակից ավելի ուսանողներ:

Առաջին օրը խումբը ճանաչողական-մշակութային կանգառներ ունեցավ Դադիվանքում, Գանձասարում, Գանձասարի ձորում՝ Առյուծ արքայի հուշահամալիրում:  Ապա մասնակցեց Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպված Բերքի տոնին, որին առանձին տաղավարներով մասնակցում էին երկրի բոլոր համայնքային տնտեսությունները:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՐՑԱԽՕրվա երկրորդ կեսին պատվիրակությունը այցելեց երկրի հարավում տեղակայված զորամասերից մեկը: Շարահրապարակում կազմ-պատրաստ կանգնած զինվորները ջերմ ողջույնով ընդունեցին հյուր-ուսանողներին: Զինվորներին ուղղված հայրենասիրական խոսք ասաց գիտական գրադարանի տնօրեն, պահեստի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը: Պարախմբի տղաների կրակոտ ու խրոխտ, իսկ աղջիկների նազելի ու հեզաճկուն պարը պարահրապարակ կանչեց նաև զինվորներին: Միասնական պարը շարունակվեց ու վերածվեց տոնախմբության: Ի դեպ, ուսանողները դատարկաձեռն չէին եկել. նրանք զորամասի գրադարանին նվիրեցին հայ դասականների շուրջ 400 գեղարվեստական գիրք: Երեկոյան ուսանողները ընթրեցին զինվորական ճաշարանում:

Այցի երրորդ օրը Արցախի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում հյուրերին ընդունեց համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: Պատվիրակության անդամները եղան համալսարանի զբոսայգում և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան երկու պատերազմների ընթացքում զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Պատվիրակության անդամները համալսարանի գիտական գրադարանին նվիրեցին 2015-2016 թվականներին մանկավարժական համալսարանի հրատարակած հանդեսները, դասախոսների հեղինակած դասագրքերը, ձեռնարկներ, մենագրություններ:

Արմեն Թամազյանն այցի ավարտին արձանագրեց, որ խիստ կարևորում է երկու համալսարանների համագործակցությունը, և այսուհետ ևս կշարունակվեն փոխայցելությունները:

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Բանակ և հասարակություն


19/10/2016