Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ШАГАНЭ, ТЫ МОЯ ШАГАНЭ»
«ШАГАНЭ, ТЫ МОЯ ШАГАНЭ»

«ШАГАНЭ, ТЫ МОЯ ШАГАНЭ»Ո՞վ էր Եսենինի սիրելի Շահանեն

 

Երկար տարիներ նշանավոր ռուս գրող Սերգեյ Եսենինի բանաստեղծությունից մեզ հայտնի դարձած Շահանեի մասին ոչինչ հայտնի չէր: Եսենինի պոեզիան ուսումնասիրող գիտնականներին թվում էր, թե նրա «Պարսկական մոտիվներ» շարքի հայտնի բանաստեղծության մեջ հիշատակվող աղջիկը մտացածին կերպար է: Բայց Եսենինի կյանքն ու ստեղծագործությունն ուսումնասիրող Վ. Բելոուսովին վերջապես հաջողվում է գտնել ու պարզել, որ Շահանեն իսկապես իրական մարդ է, որն էլ ոգեշնչել է բանաստեղծին` գրելու նշանավոր բանաստեղծությունը:

Սերգեյ Եսենինը հմայված էր արևելյան պոեզիայով և երազում էր լինել պարսիկ պոետների հայրենիքում: Պարսկաստանում իհարկե նրան այդպես էլ չի հաջողվում լինել, բայց 1924-1925 թվականներին նա լինում է Կովկասում: Բաթումում նա հանդիպում է երիտասարդ հայ ուսուցչուհի Շահանե Տալյանին, որն էլ դառնում է նրա մուսան` գրելու հայտնի ստեղծագործությունը: Ո՞վ էր իրականում Շահանեն:

Շահանե Ներսեսի Տերտերյանը (Տալյանը) ծնվել էր 1900թ.-ին Ախալցխայում, քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել էր Ախալցխայի ծխական դպրոցում, իսկ այնուհետև Խաշուրի կանացի գիմնազիայում: 1921թ.-ին ամուսնացել էր տնտեսագետ Ստեփան Տերտերյանի հետ և տեղափոխվել Թբիլիսի: Սակայն նրա ամուսնությունը երկար չի տևում և որդու` Ռուբենի ծնվելուց շատ չանցած` 1924թ.-ին Շահանեն այրիանում է և տեղափոխվում Բաթում: 1930թ. կրկին ամուսնանում է, արդեն երկրորդ անգամ, կոմպոզիտոր Վարդգես Տալյանի հետ, իսկ 1934թ.-ին տեղափոխվում է Երևան:

Շահանե Տալյանն իր հուշերում գրում է, թե ինչպես 1924թ. դեկտեմբերյան մի օր դուրս է գալիս դպրոցից, որտեղ նա հանրահաշիվ էր դասավանդում Բաթումիի դպրոցներից մեկում և ուղևորվում է տուն: Տուն չհասած` նա նկատում է մի երիտասարդի, որն ուներ սլավոնական արտաքին, միջինից մի փոքր բարձր հասակ, անսովոր արտաքին, որն էլ հուշում էր, որ երտասարդը տեղաբնակ չէ:

«ШАГАНЭ, ТЫ МОЯ ШАГАНЭ»Բաթումում Շահանեն բնակարան էր վարձել քրոջ` Կատյայի հետ, որը նույնպես ուսուցչուհի էր: Տանտիրուհու և Բաթումում հայտնի լրագրող Պովիցկու միջնորդությամբ Սերգեյ Եսենինը  ծանոթանում է Շահանեի հետ և հրավիրում նրան մասնակցելու Պովիցկու բնակարանում կազմակերպվող գրական երեկոներին: Եվ ահա այս անմոռանալի գրական երեկոներից մեկից հետո, Շահանեին տուն ճանապարհելիս, նշանավոր բանաստեղծը նրան է մեկնում վանդակավոր տետրի երկու թերթ, որոնց վրա էլ գրված էր «Шаганэ, ты моя Шаганэ» բանաստեղծությունը, իսկ ներքևի անկյունում ստորագրված էր` Ս. Եսենին:

Եսենինը հետաքրքրվում էր հայկական պոեզիայով: Նրա ձեռքն էր ընկել «Հայկական պոեզիայի անթոլոգիան» Վ. Բրյուսովի  թարգմանությամբ, և Եսենինը հաճախ էր կարդում այդ գիրքը` հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով հատկապես Եղիշե Չարենցի նկատմամբ: Տեղեկացել էր, որ Չարենցը ժամանելու է Բաթում, և անհամբեր սպասում էր և հաճախ հարցնում. «Դե ինչ, դեռ չի՞ եկել ձեր Չարենցը»: Բայց Չարենցը Բաթում եկավ միայն Եսենինի Մոսկվա գնալուց հետո: Շահանեն իր հուշերում գրում է, որ Եսենինը շատ բարի և խղճով մարդ էր: Նա անուշադրության չէր մատնում ոչ մեկին: Մի անգամ, տեսնելով անօթևան երեխաների, կանգնում է, հարցուփորձ անում, գումար տալիս նրանց և դառնալով Շահանեին` ասում. «Ահա՛, Շահանե՛, այստեղ և՛ Պուշկինն է, և՛ Լերմոնտովը, և՛ ես…»: Մի ուրիշ անգամ բանաստեղծը Շահանեին է նվիրում իր բանաստեղծությունների գիրքը` կազմին մատիտով գրելով` «Дорогая моя Шаганэ, Вы приятны и милы мне»:

«ШАГАНЭ, ТЫ МОЯ ШАГАНЭ»Մոսկվա մեկնելու նախօրեին, գալով Շահանեի վարձած բնակարանը, Եսենինը վերցնում է Շահանեի նկարներից մեկը` որպես հուշ և խոստանում անպայման տպագրել «Պարսկական մոտիվներ» շարքի հայտնի բանաստեղծության կողքին:

Ահա այսպես էլ ավարտվում է ռուս տաղանդավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինի և երիտասարդ հայ ուսուցչուհի Շահանե Տալյանի բարեկամությունը` սերունդներին թողնելով «Պարսկական մոտիվներ» բանաստեղծական շարքի թերևս ամենահայտնի բանաստեղծությունը: Իսկ այս կարճ բարեկամությունը դառնում է Շահանեի կյանքի ամենալուսավոր ու պայծառ հիշողությունը:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

մայոր