Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ2011 թվականից պատերազմող Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ: Մարտական գործողությունները չեն դադարում, ինչն օրեցօր առավել ծանր է անդրադառնում այնտեղ բնակվող հայ համայնքի վրա: Մինչ օրս հայ համայնքը տվել է 150-ից ավելի զոհ, հազարավոր սիրիահայեր դարձել են փախստական: Վերջին շաբաթվա ընթացքում ահաբեկիչների թիրախը հատկապես Հալեպի հայկական թաղամասերն են:

Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը սիրիահայերին աջակցելու համար: Խնդրի շուրջ զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանի հետ:

 

-Սիրիական երբեմնի ստվար ու կազմակերպված հայկական համայնքը ծանր կորուստներ է կրել: Որքա՞ն է այս պահին հայերի թիվը Սիրիայում:

-Ահաբեկիչների թիրախը հնագույն քաղաքակրթության օրրանն է` Մերձավոր ու Միջին Արևելքը: Նրանց բարբարոս գործողությունները վկայում են, որ համաշխարհային «իսլամական ահաբեկչության» իրական նպատակը քրիստոնեական և մահմեդական մշակութային արժեքները վերացնելն է: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ նրանց հերթական թիրախը հայկական թաղամասերն են:

Իրավիճակն աղետալի է: Եթե մինչև պատերազմի սկսվելն այդ երկրում ապրում էր շուրջ 250.000 հայ, ապա այժմ նրանց թիվը ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով՝ մոտ 20.000 է: Ինչ-ինչ պատճառներով հնարավոր չեղավ ժամանակին իրականացնել հայ համայնքի անվտանգ և անկորուստ փոխադրումը մայր հայրենիք: Ավելին, 2011թ. Սիրիայից փախստականների առաջին խումբը Հայաստան տեղափոխելու օրերին սփյուռքի որոշ գործիչներ կոչ էին անում «հայությանը կառչած մնալ իր սիրիական հայրենիքին»:

-Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքում հաստատված հայերը երբևէ կրոնական, ազգային լուրջ խնդիր չեն ունեցել մահմեդական արաբների հետ: Ձեր գնահատմամբ՝ որտեղի՞ց են ուղղորդվում այն ուժերը, որոնք այսօր թիրախավորել են նաև Հալեպի հայկական թաղամասերը:

-Միանգամայն ճիշտ եք: Եթե մահմեդականությունն այդքան սարսափելի և անմարդկային ուսմունք լիներ, ապա ցեղասպանությունից հետո հայերին առաջինը մահմեդական ժողովուրդները ապաստան չէին տա Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Իրաքում: Ավելին, քրիստոնյա հայերն այդ պետություններում օգտվել են արտոնություններից, ապա և զգալի հաջողությունների հասել տարբեր ասպարեզներում՝ ֆինանսական, տնտեսական, առևտրական, մշակութային և նույնիսկ՝ քաղաքական:

Իսկ մոտ երեք տարի առաջ Թուրքիայի տարածքով Սիրիա  ներխուժած ահաբեկիչները հարձակվեցին հայաբնակ Քեսաբի վրա: Հետո պայթեցվեց Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական  եկեղեցին: Ուղղորդվող ուժերի մասին հետևությունները թողնում եմ ձեզ:

-Ի՞նչ դժվարությունների կարելի է հանդիպել՝ սիրիահայերին աջակցելու ընթացքում: Հնարավո՞ր է կազմակերպել համակարգված օգնություն:

-Սիրիահայերի աջակցության խնդիրը միայն Հայաստանի կառավարության խնդիրը լինել չի կարող: Սիրիահայերի ճակատագիրը համայն հայության խնդիրն է: Եթե մենք շեշտում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը, ապա, ենթադրվում է, որ ազգի մի հատվածի ցավը մյուս բոլորի խնդիրը պետք է լինի: Հայաստանը, որը չավարտված պատերազմի մեջ է, սիրիական պատերազմի առաջին իսկ օրերից իր սուղ միջոցներով անհրաժեշտ աջակցություն է ցույց տվել և շարունակում է ցույց տալ սիրիահայերին (կեցություն, աշխատանքի ապահովում և այլն):

20-րդ դարում մենք արդեն կազմակերպել ենք սփյուռքի մեր հայրենակիցների հայրենադարձությունը Մայր Հայաստան: Կարծում եմ, նմանատիպ մի ծրագիր պետք է մշակել և իրագործել թե՛ ՀՀ կառավարության, թե՛ սփյուռքի տարբեր կազմակերպությունների ուժերով: Եկել է ազգովի համախմբվելու և ծառացած խնդիրները լուծելու ժամանակը:

 

Զրուցեց Հասմիկ Պողոսյանը