Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՅՍԻ ԵՎ ՈՒԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՅՍԻ ԵՎ ՈՒԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտություններ կան, որոնց արժեքը, նշանակությունը հնարավոր չէ սահմանել, դրանք անգնահատելի են ցանկացած մարդու համար: Այդպիսին է բժշկի մասնագիտությունը, որ կոչված է պահպանելու մեկ այլ մարդու առողջությունը, անհրաժեշտության դեպքում` փրկելու կյանքը: Է՛լ ավելի պատասխանատու է զինվորական բժշկի մասնագիտությունը, քանի որ նա հոգ է տանում զինվորի` հայրենիքի պաշտպանի առողջության մասին: Խաղաղ եւ պատերազմական իրավիճակում նրա պատրաստվածությունից, հոգատար վերաբերմունքից է կախված հիվանդ կամ վիրավոր զինծառայողի շուտափույթ ապաքինումն ու շարք վերադառնալը: Զինվորական բժշկի հանդեպ վերաբերմունքից կարելի է պատկերացում կազմել տվյալ երկրի զինված ուժերի զարգացման, ամեն մի զինվորի նկատմամբ հարգանքի ու արժեւորման մասին:

Հպարտությամբ պետք է նշենք, որ մեր երկրում վերաբերմունքը բանակի եւ, մասնավորապես, ռազմական բժշկության հանդեպ առանձնահատուկ է: 1994 թվականից մեր զինված ուժերի համար բժշկական կադրեր է պատրաստում Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Այս տարի ֆակուլտետն ավարտողների թիվը 43 է:

Հունիսի 28-ին տեղի ունեցավ շրջանավարտներին սպայական վկայականների եւ ուսադիրների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանն ընթերցեց պաշտպանության նախարարի հրամանը. զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի համաձայն` ռազմաբժշկական ֆակուլտետի 2011թ. շրջանավարտներին շնորհել սպայական առաջին կոչումը` բուժծառայության լեյտենանտ` գրանցելով հայկական զինված ուժերի սպայական ցուցակներում: Այնուհետեւ սկսվեց սպայական վկայականների եւ ուսադիրների հանձնման արարողությունը: Շրջանավարտների մի մասը դրանք ստացավ նախարարների ձեռքից: Հստակ շարային քայլքը, զինվորական կեցվածքը վկայում էին, որ տղաները յուրացրել են ոչ միայն մասնագիտական նրբությունները, այլեւ զինծառայողին անհրաժեշտ շարային գիտելիքները:

Շնորհավորելով շրջանավարտներին եւ նրանց հարազատներին` Սեյրան Օհանյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.

-Այս օրերին հանրապետության բոլոր ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական հանդիսություններ են տեղի ունենում: Ռազմաբժշկական ֆակուլտետի հերթական սաները ուղարկվելու են տարբեր զորամիավորումներ ու զորամասեր` համալրելու ռազմական բժիշկ-մասնագետների այն մեծ համաստեղությունը, որը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում, հատկապես Մեծ Հայրենականի տարիներին, լավագույն մասնագետների համբավ է ունեցել: Դուք շարունակելու եք այնպիսի մարդկանց գործը, ինչպիսիք են Հովսեփ Օրբելին, գեներալ-մայոր Քոչարյանը եւ ուրիշներ: Արցախյան պատերազմի տարիներին մեր բժիշկները թրծվեցին, կատարելագործվեցին մասնագիտորեն, անհրաժեշտության դեպքում մարտնչելով զենքը ձեռքներին: Նրանց փորձի, գիտելիքների ու նվիրվածության շնորհիվ այսօր մենք ունենք կատարյալ ռազմական բժշկություն, եւ նայելով ձեզ` վստահ կարող եմ ասել, որ զինվորը առավել հանգիստ կմեկնի ծառայության, որովհետեւ դուք ունակ եք ձեր մասնագիտական առավելությունները կիրառելու մարտի դաշտում եւ խաղաղ պայմաններում:

Ելույթ ունեցավ նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը.

-Երեւանի պետական բժշկական համալսարանը բազում անխախտ ավանդույթներ ունի, վերջին տարիներին ավելացել է եւս մեկը` այս հրապարակում ռազմաբժշկական ֆակուլտետի հերթական հոսքի թողարկման արարողությունը, ինչը երկու նախարարությունների միջեւ ռազմահայրենասիրական համագործակցության փայլուն օրինակներից է: Հարգելի շրջանավարտներ, դուք միաժամանակ երկու մասնագիտություն եք ձեռք բերել` զինվորականի եւ բժշկի, եւ երկուսի դեպքում էլ կրելու եք համազգեստ, որ հավասարապես ճանաչելի եւ պատկառանքի է արժանի ամբողջ հասարակության կողմից: Ե՛վ սպայական, ե՛ւ բժշկական համազգեստները հույսի, ուժի, պաշտպանվածության խորհրդանիշ են: Դուք կրկնակի պատասխանատվություն եք վերցրել ձեր ուսերին, ինչը, վստահ եմ, պատվով կկատարեք: Հայ զինվորի կյանքն ու առողջությունը գլխավորապես ռազմաբժշկական ֆակուլտետի նախկին եւ ներկա շրջանավարտների, այսինքն` ձեր` բազմակողմանի գիտելիքներով զինված մասնագետների ձեռքում է:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր