Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ից 29-ը 2-րդ բանակային զորամիավորման շրջանակում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության թեման էր՝ զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական մարտի նախապատրաստումը և վարումը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Հրամանատարաշտաբային զորավարժության ուսումնական նպատակն էր ստուգել զորամասերի սպաների պատրաստության մակարդակը «Բարձր» մարտական պատրաստականության բերման ժամանակ, ինչպես նաև մարզել զորամասերի, գումարտակների վարչակազմերին, վաշտերի և մարտկոցների հրամանատարներին  մարտի կազմակերպման ընթացքում իրենց պարտականությունների կատարման, համապատասխան հաշվարկների իրականացման և առաջարկությունների ներկայացման գործում: Կարևորվեց նաև որոշումների ընդունման, մարտական խնդիրների առաջադրման ու մարտական գործողությունների վարման ընթացքում ներգրավված անձնակազմի ունակությունները բարձրացնելը, զորամասերի և գումարտակների շտաբների ներդաշնակ աշխատանքը կատարելագործելը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԵռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվեց  երեք փուլով: Զորամասերը նախ բերվեցին մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի: Այնուհետև իրականացվեցին տագնապով վերկացի և նստեցման շրջանի զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման և կահավորման գործողություններ:

Զորավարժության երկրորդ փուլում հրամանատարն ստացավ պաշտպանական մարտի վարման նախնական մարտական կարգադրությունը: Կազմակերպվեց խնդրի պարզաբանումը և ժամանակի հաշվարկը: Զորավարժության ղեկավարին զեկուցվեց պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ: Հրամանատարը ցուցումներ տվեց տեղանքում աշխատանքի կազմակերպման վերաբերյալ: Կազմվեց տեղազննման պլանը և համապատասխան օղակներն ըստ հաջորդականության անցան անհրաժեշտ հաշվարկների կատարմանը:

Զորավարժության նույն փուլում զորամասերի հրամանատարները տեղազննման պլանի համաձայն որոշեցին  գործողությունների մտահղացումը,  կատարեցին տեղագրական և մարտավարական կողմնորոշումներ, տեղանքում ճշգրտեցին հակառակորդի հավանական գործողությունները, հրամանատարի որոշման բոլոր տարրերը: Վերջում մշակվեցին և հաստատվեցին պաշտպանական մարտի նախապատրաստման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀրամանատարաշտաբային զորավարժության հաջորդ փուլն ընդգրկում էր պաշտպանական մարտի վարումը և մարտական գործողությունների խաղարկումը: Այս փուլում ներառված էին հակառակորդի գրոհի ետ մղման, պաշտպանության խորքը մխրճված հակառակորդի ջախջախման, հակագրոհի անցկացման և առաջնագծի վերականգնման գործողությունները:

Իրավիճակը զարգացվեց համաձայն խաղարկման պլանի: Գնահատելով իրավիճակը՝ հրամանատարը շտաբի հետ կայացրեց որոշումներ և համապատասխան խնդիրներ առաջադրեց կատարողներին:

Զորավարժության ավարտից հետո ամփոփվեցին հրամանատարական տարբեր օղակների, համապատասխան ծառայությունների գրանցած արդյունքները, գնահատվեց յուրաքանչյուր զինծառայողի անհատական և խմբային աշխատանքի արդյունավետությունը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը բարձր գնահատեց մասնակից ստորաբաժանումների գործողությունները, կարևորեց զորավարժությանը ներգրավված յուրաքանչյուր սպայի դերը համընդհանուր նպատակին հասնելու գործում: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին և շեշտեց, որ արձանագրված լավ ցուցանիշները ամենօրյա քրտնաջան աշխատանքի և նվիրումի արդյունք են: Սակայն անձնակազմը պետք է անընդհատ աշխատի մասնագիտական ունակությունները կատարելագործելու ուղղությամբ մշտապես մարտական բարձր պատրաստականություն ունենալու համար:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ