Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՆԽՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ
ԿԱՆԽՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ

ԿԱՆԽՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆՄթության մեջ ինչ-որ զանգված է երեւում` անհետանում, երեւում`անհետանում: Հետո տարօրինակ եւ անսովոր ձայներ են լսվում: Ոչ այն է՝ գիշերային քամու սվոց-սուլուց է, ոչ այն է` կենդանու  ձայն: Դիտորդ Գեւորգ Մխիթարյանը, որ ձայները տարբերելու գործում հասցրել էր բավականին  փորձառություն ձեռք բերել, այս անգամ կարծես փոքր-ինչ շփոթվում է…

– «Տեսնես՝ ինչ է. մոլորված վայրի չորքոտանի, ինչ-որ սողուն, որ այս կողմերում վխտում են խելքից դուրս, թե…»  Ահա այս «թե»-ն էր, որ ստիպում է նրան լարել լսողությունն ու տեսողությունը եւ ակնդետ նայել ձայների ուղղությամբ: Շարքային Գեւորգ Մխիթարյանի ու նրա ընկերների գլխով, հատկապես այս վերջին ամիսներին, քիչ բան չէր անցել: Սահմանում առկա լարվածությունը, որ գրեթե չէր նվազում ոչ մի օր, նրան ու ընկերներին ավելի զգոն ու զգուշավոր էր դարձրել: Փորձառությունն այս անգամ էլ է օգնում քաջարի մարտիկին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ծառայության մեծ մասը նա անցկացրել էր առաջնագծում` մարտական հերթապահության մեջ:

Մթության քողը թույլ չէր տալիս դիտորդին ավելի որոշակի տեսնելու ոչ այնքան հեռվում երեւացող եւ անհետացող զանգվածը: Թեպետ նա վարժ էր  գիշերային պայմաններում ձայներով հստակորեն կողմնորոշվելու մեջ, բայցեւայնպես, ակամայից լարում է լսողությունը: Եվ լռության այդ մի քանի լարված-տագնապալի վայրկյանները ասես մի ամբողջ հավերժություն ձգվեցին:  Աստված գիտի` Գեւորգն իր որ զգայարանով է կռահում, որ ինչ-որ բան այն չէ: Եվ քիչ անց նրա անհանգստությունը ավելի առարկայական-շոշափելի պատկեր ու կերպարանք է ստանում: Այլեւս կասկած չկար. թշնամու դիվերսիոն խումբը շարժվում է մեր դիրքերի ուղղությամբ: Եվ արտակարգ իրավիճակի թելադրանքով շարքային Մխիթարյանը արթուն հերթափոխի միջոցով միջադեպի մասին անհապաղ զեկուցում է դիրքի ավագին…

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը թշնամին հերթական դիվերսիոն գործողության փորձը կատարեց մեր գումարտակի հրամանատար, մայոր Նելսոն Շամբադարյանի հրամանատարությամբ հարավային սահմանները պաշտպանող ստորաբաժանման ուղղությամբ: Ժամանակին նկատելով թշնամու դիվերսիոն-խափանարար խմբի առաջխաղացման փորձը` մարտական հերթափոխում ընդգրկված տասը քաջերը անցնում են շրջանաձեւ պաշտպանության եւ նույնիսկ ինչ-որ պահի մերձամարտի բռնվում դիվերսանտների հետ: Թշնամին տալով երկու զոհ եւ մեկ վիրավոր՝ խուճապահար փախչում է:

Մինչեւ լուսաբաց ամեն մեկն իր խրամաբջիջում, աչքները չորս արած, լսողությունները սրած, աչալուրջ դիտարկում են կատարում:

Եվ միայն առավոտյան, երբ զորամասից գալիս են գումարտակի հրամանատարն ու բարձրաստիճան սպաներ, քաջերը նոր մանրամասներ են իմանում  թշնամու դիվերսիայի եւ իրենց սխրագործության մասին:

Ահա նրանց` մարտական հերթափոխում ընդգրկված եւ իրենց վստահ ու գրագետ գործողություններով նենգ թշնամուն արժանի դաս տված մեր քաջերի անունները` պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Հակոբյան, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Հրաչ Թումանյան, շարքայիններ՝ Գեւորգ Մխիթարյան, Արմեն Սարգսյան, Կարեն Մկրտչյան, Կարեն Գրիգորյան, Մհեր Ենգիբարյան, Վահան Գեւորգյան, Վազգեն Բոյաջյան, Էդգար Վանյան:

Իսկ հետո բոլորիս համար անսպասելի վրա էր հասնելու 2016 թվականի ապրիլը…

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ