Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՈՐԴՈՎ, ՆՐԱ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ…



ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՈՐԴՈՎ, ՆՐԱ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ...Պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետ  ընդունվելուս տարում սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որն իր մեջ առավ նաև ողջ ուսանողությանը: Շարժմամբ տարված՝ մոռացել էինք տուն, տեղ,  ուսում… Մեր ինստիտուտում ստեղծվեց «Շեն» ուսանողական միությունը, որին անդամագրվեցի նաև ես: Հենց այդ միության ուսանողական կամավորական ջոկատի կազմում էլ մեկնեցի Արցախ` Հադրութի շրջանի Սպիտակ Շեն գյուղ:

Երբ հասանք տեղ, մեր առաջ շատ տխուր տեսարան բացվեց. կիսաքանդ ու ամբողջովին քանդված տներ, ճյուղակոտոր պտղատու ծառեր,կոխկրտված այգիներ: Պատկերացնում եք՝ դռան վրա կողպեք, սակայն տան մի պատը չկար, մի տան տանիքը, մյուսի դռներն ու պատուհանները չկային… Գյուղի  գրադարանը նույնպես հրոսակներն ավերել էին. գրքերը` պատռել, այրել ու շաղ տվել այս ու այն կողմ…: Շրջանի երբեմնի ամենամեծ ու շեն գյուղերից մեկը` Սպիտակ Շենը, ադրբեջանական իշխանությունների համառ ջանքերով ամբողջովին հայաթափվել էր` ամայացել:

Սպիտակ Շենի հարևանությամբ գտնվող Արփագյալու հայաբնակ գյուղում էլ ընդամենը երեք ընտանիք էր ապրում` երեք տատիկ ու երեք պապիկ: Եթե մենք չհասնեինք, կարճ ժամանակ անց այս գյուղն էլ կանշնչանար: Անմիջապես անցանք գործի: Մեր ձեռքի տակ եղած մի քանի հրացաններով շուրջօրյա հերթապահություն սահմանեցինք գյուղեր մտնող ու գյուղերից դուրս եկող ճանապարհների վրա` տարածքն ամբողջովին վերցնելով մեր հսկողության տակ: Հաջորդ օրը, առավոտ կանուխ, ջոկատի տղաներով հավաքվեցինք ու որոշեցինք մեր հետագա անելիքը. բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք խրամատներ փորել, քանդված տները վերանորոգել: Ջոկատում սկզբում քսաներեք հոգի էինք, հետո դարձանք քառասունհինգ, հիսուն… Երևանից ուսանողական ջոկատներ էին գալիս, միանում մեզ: Ամեն շաբաթ համալրում էինք ստանում: Կամաց-կամաց դարձանք ուժ:

1989 թվականին մինչև ատամները զինված ազերիները ռուս օմոնականների հետ հանկարծակի ներխուժեցին Սպիտակ Շեն, զինաթափեցին մեզ՝ թվով 23 հոգու, և տեղափոխեցին Շուշի, որտեղ պահեցին երեք օր: Այդ խառը օրերին խփվեց Երևան-Ստեփանակերտ չվերթ իրականացնող Յակ-40 ինքնաթիռը: Ամբողջ Ստեփանակերտը ոտքի կանգնեց, գործադուլ ու դասադուլ սկսվեց: Գործադուլի ու դասադուլի հուժկու ալիքից վախեցած՝ օմոնականները զիջումների գնացին և մեզ էլ ազատ արձակեցին: Մինչև 1993 թվականը Հադրութի գրանցումով ապրել եմ Արցախում:

1993-95թթ. որպես զինվոր ծառայել եմ ազգային բանակում, մասնակցել Քարվաճառի և Օմարի երկրորդ ազատագրմանը: Զորացրվելուց հետո որպես սպա անցել եմ ծառայության ՀՕՊ զորքերում` մարտական խնդիր կատարող ՀՕՊ  ստորաբաժանումներից մեկի հրամանատարն եմ եղել: Արդեն մի քանի ամիս է, ինչ անցել եմ վաստակած հանգստի:

Իմ ընտանիքը բաղկացած է չորս հոգուց` ես, կինս, տղաս ու դուստրս: Եղավ ժամանակահատված, երբ տնից երեքս` ես, կինս ու տղաս, զինվորական ծառայություն էինք իրականացնում:

Որդուս` շարքային Տիգրան Ղազարյանի ծառայությունն անցավ առաջնագծում: Նրանց զորամասն էլ քառօրյա պատերազմի ժամանակ լուրջ դերակատարություն ունեցավ՝ մարտի դաշտում տեղը տեղին դաս տալով թշնամուն: Հպարտ եմ իմ որդով, նրա ընկերներով ու հրամանատարներով: Այդ օրերին, երբ բախտ ունեցա նրա հետ խոսելու, ասաց. «Հայրի՛կ, դու ու մայրիկը մեր երկրի օդային սահմաններն եք պաշտպանում, ես էլ՝ ցամաքային սահմանի իմ բաժին հատվածը: Պա՛պ ջան, այս պատերազմում մենք հաղթեցինք առաջին հերթին համախմբվածության, գաղափարական համոզվածության ու պատրաստվածության, հայ զինվորի ու սպայի հայրենասիրական դաստիարակության, բարձր բարոյական հատկանիշների շնորհիվ: Իսկական առյուծներ են այստեղ` սահմանին կանգնած»:

Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ

պահեստազորի փոխգնդապետ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Ազգային բանակ


28/09/2016