Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ե՛Վ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՂԹԱԾ, Ե՛Վ ՄԱՀԻՆ



Ե՛Վ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՂԹԱԾ, Ե՛Վ ՄԱՀԻՆԱյսօր ինչն է շատ` գիրք գրողը: Օրը մեկը իր հերթական գրքի շնորհանդեսին է հրավիրում: Ռեգինա Ամատունին այդ հերթականներից մեկն էր: Անուն-ազգանունն ինձ ոչինչ չասաց, բնականաբար, շնորհանդեսին չմասնակցեցի:

Հաջորդ անգամ այդ անունը լսեցի իմ վաղեմի բարեկամ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանի հետ զրուցելիս: Նա նոր էր վերադարձել սահմանից ու երիտասարդ սերնդի մասին էր խոսում. «Հզոր սերունդ է բարձրանում: Ի~նչ առյուծ տղերք կան սահմանին: Ինչո՞ւ միայն տղերք: Մի աղջիկ կա, կճանաչե՞ս, անունը Ռեգինա է, Ռեգինա Ամատունի, բանաստեղծություն ու պատմվածք է գրում: Քառօրյա պատերազմի օրերին կամուֆլյաժը հագած եկել էր, թե` քո խմբի հետ գալիս եմ սահման, պիտի կռվեմ թուրքերի դեմ: Մի կերպ համոզել, հետ եմ ուղարկել»: …

Ափսոսացի, որ չեմ գնացել Ռեգինա Ամատունու գրքի շնորհանդեսին: Որոշեցի` մի օր հանդիպելու եմ, զրուցելու հետը: Որոշեցի ու մոռացա. ավելի կարևոր գործեր կային` քառօրյա պատերազմի հերոս զինվորների մասին ակնարկաշար էի պատրաստում, այցելում էի զոհվածների հարազատներին:

-Մի գրող աղջիկ կա, անունը Ռեգինա է, այսպես` Ձեզ նման գալիս-գնում է: Մի տեսակ, լավ ես զգում, որ հիշում են որդուդ, նրա սխրանքը, հետաքրքրվում են: Քեզ հետ տանում են ցավդ…,- ասաց զոհված զինվորի մայրը:

-Ռեգինա Ամատունի՞: Ազգանունն Ամատունի՞ է:

-Այո՛: Նա գիրք է գրում քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցների մասին: Տնից տուն ընկած գրում է բոլոր զինվորների կենսագրությունը, նրանց հարազատների հուշերը:

Նոթատետրս հանեցի ու առաջիկա անելիքներիս ցանկում գրեցի` Ռեգինա Ամատունի:

Ռեգինայի հետ իմ առաջին հանդիպումը պատահաբար էր: Ճիշտն ասած՝ դա հանդիպում էլ չէր: Ընկերուհուս հետ գնացել էինք Եռաբլուր: Վազգեն Սարգսյանի հուշաքարի մոտով անցնելիս մի երիտասարդ աղջկա տեսանք: Երկար մնացինք Եռաբլուրում: Հետդարձի ճանապարհին աղջիկը կանգնած էր նույն դիրքով:

-Ճանաչո՞ւմ ես,- ընկերուհիս գլխով ցույց տվեց աղջկան: Շրջվեցի, նայեցի: Հազիվ 25 տարեկան լիներ, աչքերը կիսախուփ կանգնած էր:

-Չեմ ճանաչում:

-Վազգեն Սարգսյանի մոլի երկրպագուներից է:

-Սա Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք հազիվ 5 տարեկան եղած լինի:

-Ի՞նչ կապ ունի: Պաշտում է Վազգենին: Անունը Ռեգինա է, քրոջս համակուրսեցին է եղել: 

Ես հասնում եմ տուն ու ֆեյսբուքով նամակ եմ գրում Ռեգինային, հրավիրում եմ խմբագրություն:

 

-Ասում են` քառօրյա պատերազմի օրերին փորձել ես միանալ ազատամարտիկների խմբին ու առաջին գիծ գնալ:

-Ռոմիկը չտարավ: Ասաց` մենք կկռվենք, դու մեր մասին գրիր: Հիմա Ռոմիկի հետ գիրք  ենք գրում: Ռոմիկը պատմում է, ես գրում եմ:

-Կրակել գիտե՞ս:

-Գիտե՛մ: Հորեղբայրս է սովորեցրել: Երբ Արցախյան պատերազմն սկսվեց, հայրս ու հորեղբայրս ընտանիքներն առած գնացին Տավուշ` մեր գյուղը: Հորեղբայրս ասաց. «Գյուղացիք շատ սխալ են անում, որ կանանց, ծերերին ու երեխաներին հանում են գյուղից: Երբ զգում ես հարազատներիդ շնչառությունը, ավելի լավ ես կռվում, ամեն ինչ անում ես, որ թշնամու ոտքը չդիպչի հողիդ»: Իմ մանկության խաղալիքը հորեղբորս ավտոմատն ու պարկուճներն են եղել: Հաճախ եմ գնում կրակելու, որ ուղիղ նշան բռնելը չմոռանամ: Երբ պատկերացնում եմ, որ թիրախի փոխարեն մեր զինվորներին սպանած թուրքերն են կանգնած, ուղիղ նշանակետին եմ խփում:

-Բա կամուֆլյաժը որտեղի՞ց էիր ճարել:

-Հասարակ կամուֆլյաժ չէր, սահման պահած կամուֆլյաժ էր: Եղբայրս այդ համազգեստով վերադարձավ բանակից: Վերաձևեցի, դարձրի իմ վրայով:

-Ասում են` այցելում ես բոլոր զոհված զինվորների ընտանիքներին:

-Այո՛: Ուզում եմ նրանց կողքին լինել: Երբ ինձ հետ խոսում են, թեթևանում են:  Իրենք են ասել: Պատմում են իրենց որդիների մասին: Ես այդ պատմությունները գրի եմ առնում, որ հետո փոխանցեմ մարդկանց: Այնպիսի զգացողություն ունեմ, ասես մտերմացել եմ բոլոր զոհված զինվորների հետ:

…Ես տեսել եմ, թե ինչպես են ծնողները հաղթահարում ցավը: Սկզբում ցավն է հաղթում: Բայց հետո գալիս է հպարտությունը: Հետո զոհված զինվորի հիշատակը վառ պահելու, նրա անունը փառավորելու պարտավորությունը: Ու ծնողները կյանք են վերադառնում:

-Ի՞նչ էիր անում Վազգեն Սարգսյանի հուշաքարի մոտ ժամերով:

-Բան էի պատմում:

-Ի՞նչ: Եթե գաղտնիք չէ:

-Զինվորների մասին էի պատմում: Քառօրյա պատերազմի ժամանակ մեր հայրենիքը պաշտպանած զինվորների մասին: Հերթով բոլորի մասին պատմում եմ:

-Ինչո՞ւ հենց Վազգեն Սարգսյանին:

-Վազգեն Սարգսյանը հայի կատարելատիպ է ինձ համար: Նա մարդ է, որն անգամ անձնական կյանքը զոհաբերեց հայրենիքին: Նա մարդ է, որը հայրենիք ազատագրեց: Նա հայոց բանակի խորհրդանիշն է:

Ես պիտի յոթ որդի ունենամ` յոթ Վազգեն Սպարապետ:

-Ի՞նչ գիտես` Վազգեն Սպարապետ են դառնալու:

-Մորից է կախված: Եթե կաթի հետ խիզախություն, ազգային հպարտություն, հայրենասիրություն ներարկես, Վազգեն Սպարապետ կդառնան:

-Քո մայրն է՞լ է կաթի հետ ներարկել…

-Ուզո՞ւմ ես՝ քեզ պատմեմ մեր ընտանիքի ասքերը:

-Ուզում եմ:

-Պապս Հայրենական պատերազմից վերադարձավ մեկ ձեռքով ու ամբողջովին կույր: Տատս սիրեց 26-ամյա տղային, սիրեց նրա քաջության, հայրենասիրության համար ու ամուսնացավ միձեռանի, կույր տղայի հետ: Ամբողջ կյանքում խնամեց ու հոգ տարավ պապիս: Պապս  75 տարի ապրեց: Տատս լեգենդ է ինձ համար: Սիրո, նվիրումի լեգենդ:

Մեծ պապս այրեց իր ամբողջ ունեցվածքը Բայազետում, որ թուրքերին բաժին չհասնի, ու ընտանիքն առած՝ եկավ Արևելահայաստան: Պապս ասում էր` հայրենիքը մեզ Աստված է տալիս, քո հողի վրա պիտի ապրես, քո հողում պիտի թաղվես:

-Վարդգես Պետրոսյանի հերոսին հիշեցի: Նա տարբեր երկրներում դղյակներ ուներ, բայց մահվանից առաջ խոստովանեց. «Ես ամբողջ կյանքս հյուրանոցում ապրեցի, որովհետև օտար երկիրը հյուրանոց է: Ես ամբողջ կյանքում տուն չունեցա»:

-Երբ հայրս աշխատանքի անցավ Ռուսաստանում, իր ընտանիքը` մորս, ինձ ու եղբորս տեղափոխեց Ռուսաստան: Ինձ ապահովեց հարմար աշխատանքով: Ամեն ինչ հրաշալի էր` բարեկեցիկ, ապահով կյանք: Բայց պապիս խոսքերն ինձ հանգիստ չէին տալիս: Մի օր էլ ես որոշեցի, որ, վե՛րջ, այլևս չեմ մնալու Ռուսաստանում: Մայրս ասաց. «Ընտանիք ես քայքայում: Ես քեզ Հայաստանում մենակ չեմ թողնի, ստիպված պիտի հորդ, եղբորդ թողնեմ, քեզ հետ գամ Հայաստան»: Մերոնք շատ ընդդիմացան, բայց ես չզիջեցի: Հիմա ես ու մայրս Հայաստանում ենք ապրում, հայրս ու եղբայրս` Ռուսաստանում:

Իմ կյանքի մյուս լեգենդը հորեղբայրս է: Նա մի ամբողջ կյանք ապրում է սահմանամերձ գյուղում, թուրքի շնչի տակ: Նա հայրենիքի դարպաս է, կենդանի վահան թուրքի առաջ: Բոլորովին ձերբազատված վախից: Ե՛վ կյանքին հաղթած, և՛ մահին:

Մի լեգենդ էլ կա` մեր փոքրիկ տունը Երևանում: Ես ու հայրս սեփական ձեռքերով ենք սարքել այդ տունը, երբ ես փոքր էի: Ես գիտեմ, թե որ քարերն եմ ինքս դրել պատի մեջ: Դույլով ջուր եմ կրել: Փոքրիկ բակում ծառեր եմ տնկել, երբ փոքր էի: Հիմա հսկա ծառեր են: Ասես՝ իմ որդիները լինեն: Եթե աշխարհի ամբողջ փողը տան, մեր տունը չեմ վաճառի: Այդ տունը իմ փոքրիկ հայրենիքն է:

-Եղբորդ մասին ոչինչ չպատմեցիր:

-Ես մեծն եմ: Փոքր ժամանակ, երբ եղբորս դրսում նեղացնում էին, ես իջնում էի բակ ու պաշտպանում էի նրան: Իմ հովանու տակ մեծացավ: Երբ բանակից եկավ, հասկացա, որ արդեն մեծն ինքն է, արդեն ինքն է իմ պաշտպանը: Ինքն է ինձ ձեռք մեկնում: Ընդհանրապես, մարդը պիտի ձեռքը մեկնած ապրի: Ու անպայման իր ափը կջերմանա, ինչ-որ մեկը կբռնի իր ձեռքը: Երբ ինչ-որ մեկին վեր ես ձգում, ինքդ էլ ես ուժեղանում: Ինքդ էլ ես բարձրանում:

 

Հ.Գ. Ես չեմ կարդացել Ռեգինա Ամատունու երեք գրքերից և ոչ մեկը: Ու ինձ համար բացարձակ նշանակություն չունի` նա լավ է գրում, թե վատ: «Տեսիլք» վերնագրված գրքի վերջում մի երկար ցուցակ կա` «Անուն առ անուն հիշում ենք ու խոնարհվում» վերտառությամբ: Քառօրյա պատերազմում զոհված բոլոր զինծառայողների անուններն են, զինվորական կոչումը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը: Սա ինձ համար ավելի կարևոր է, քան Ռեգինայի երեք գրքերի գեղարվեստական արժեքը միասին վերցրած: Այս հոդվածը գրելու նպատակն էլ այն էր, որ դուք իմանաք` կա մի հայ աղջիկ, որ շրջում է տնից տուն, նստում զոհված զինվորի մոր կողքին, լսում նրան, կիսում ցավը: Հետո զոհված զինվորի մասին փոքրիկ պատմություններ է պատմում մարդկանց ու Վազգեն Սպարապետին:

Երազում է յոթ որդի ունենալ` յոթ  զինվոր, յոթ հայրենիքի պաշտպան: Ապրում է ձեռքը մեկնած, որ ինչ-որ  մեկը բռնի այն ու վեր բարձրանա:

Այսքանը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Բանակ և հասարակություն


28/09/2016