Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՑ



ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՑՄատաղիսում եմ` այս պստիկ գյուղում: Սակայն այստեղից է սկսվում հայրենիք կոչվող մեր տունը, այստեղ են մեր պետության անվտանգության դարպասները: Եկել եմ զրուցելու անկախության տարեկից սպաների հետ: Եկել եմ հարցնելու, թե ինչ բովանդակություն ունի անկախությունը նրանց համար, որոնց զորամասը կանգնած է սահմանին և «հարում ու սեղմում է թշնամու ոտքը»: 25-ամյա երեք սպաներ են` երեք կապիտան, երեք վաշտի հրամանատար: Նրանցից լավ ով գիտի` ինչ է անկախությունը:

 

ԳԱՌՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ. «Չզիջել. ահա՛ անկախությունը»

Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք` ինձ համար հեշտ չէր լինի պատասխանել հարցին… Ես հրետանավոր եմ` Դ-30-ի հրամանատար: Ապրիլին իմ մարտկոցը 582 արկ է կրակել: 582 արկ` երեք-չորս օրվա ընթացքում: Պատկերացրի՞ք: Դժվար է պատկերացնել: Դիվիզիոնի հրամանատարը գոռում էր. «Կրա՛կ…»: Իսկ ես քթիս տակ կրկնում էի` թույլ չեմ տալու բացազատվեք, թույլ չեմ տալու կիրառեք ձեր էդ խոշոր տրամաչափի հրետանին, ոչ էլ` ինքնագնացը… Թույլ չեմ  տալու մոբիլիզացնել ուժերը մշտական տեղակայման վայրերում, թույլ չեմ տալու… Ինչ դիպուկ էինք կրակում… Դիվիզիոնի հրամանատարի ոգեւորությանն էլ չափ ու սահման չկար. «Վառվում են»,- գոռում-գոչում էր… Ի՞նչ էի զգում այդ պահին. հպարտություն հայրենիքիս համար… Սա է անկախությունը:

Մարդիկ քրտինքով ու արյամբ են Հայաստանը կերտել: Ու մեզ են փոխանցել:  Իրավունք չունենք վրիպելու, իրավունք չունենք կորցնելու… Չզիջել. ահա թե ինչ է անկախությունը ինձ համար:

 

ԱՇՈՏ ԵԳԱՆՅԱՆ. «Անկախությունն ավելին անելու հնարավորություն է»

…Ես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ոտք դրեցի, որովհետեւ ինձ շատ էր ոգեւորում հորս համազգեստը: Նա պայմանագրային զինծառայող էր: Հիմա համոզված եմ, որ ամենապատվով  ու համարձակ գործը իմն  է… Զինվորականը չի կարող ծնողասեր չլինել, չի կարող հայրենիքի հանդեպ անտարբեր լինել, չի կարող մարդուն չսիրել… Անկախությունը համազգեստիս նկատմամբ իմ և ուրիշների հարգանքն է…

Ես Թալիշի իմ տանն էի, երբ հակառակորդը սկսեց հրետակոծել: Սովորականի նման չէր. մարտի նախապատրաստություն էր: Չսպասեցի տագնապ ազդանշանին: Հագնվեցի ու դուրս եկա, որ հասնեմ անձնակազմիս: Հակառակի պես ավտոս չաշխատեց: Գիշերվա երեքն էր: Ոտքով ճանապարհ ընկա: Մոտ 10 կիլոմետրը մեկ ժամում անցա:  Մտածում էի` ինչ էլ լինի՝ Մատաղիսը չեմ լքելու: Հակառակորդը ինձ չի կարող ստիպել ետ քաշվել: Այս զորամասը ես իմն եմ համարում, որովհետև այստեղից է սկսվել իմ զինվորական ուղին… Գուցե յուրաքանչյուրիս նվիրվածությունն է անկախությունը:

…Դասակներիցս մեկի ուղղությամբ հակառակորդը գրադով խփեց… Վաշտիս լավագույն կրտսեր սերժանտը` Յուրի Փարամազյանը, զոհվեց… Դժվար է ընկեր կորցնել. աշխարհը փուլ է գալիս գլխիդ: Բայց ուսադիրներս ինձ թույլ չտվեցին ընկճվել: Մի քանի ժամ անց նստեցման շրջանում սպասում էի թշնամուն: Երևի հարվածները պատվով հաղթահարելն է ու մարտական ընկեր կորցնելն է անկախությունը…

Պատերազմից հետո ինձ առաջարկել են ստանձնել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի շտաբի պետի պաշտոնը: Իհարկե, ընդունել եմ առաջարկը:  Անկախությունն ավելին անելու հնարավորություն է:

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «Մի փոքր, շատ փոքր ներդրում էլ ես ունեմ անկախության պահպանման գործում»

Չորս տարի առաջ անցա ծառայության: Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման հրամանատար էի: Երկու տարի է, ինչ ղեկավարում եմ ուսումնական վաշտը: Ծառայությունը կենտրոնացում է պահանջում, ուժերի գերլարում և, իհարկե,  անսահման նվիրում… Ես սովորեցնում եմ զինվորներին կռվել… Ես պատասխանատու եմ նրանց կյանքի, անվտանգության, մեր սահմանի համար… Եվ դա ինձ թույլ է տալիս մտածել, որ մի փոքր, շատ փոքր ներդրում էլ ես ունեմ անկախության պահպանման գործում…

Երբ բնակություն հաստատեցի սպայական ավանում, շենքերը երեքն էին, ինտերնետ կապ չկար, հիմա ամեն ինչ փոխվել է: Կենցաղային պայմանները անհամեմատ բարելավվել են, շենքերը՝ շատացել, բնակչությունը՝ մեծացել մի քանի անգամ: Իմ կյանքն էլ է փոխվել.  ընտանիք եմ կազմել, առաջխաղացում եմ ունեցել: Հաճախ մտածում եմ՝ կկարողանայի՞ օտարության մեջ ապրել, աշխատել, ինչպես իմ տարեկիցներից ոմանք… Չէ՛… Ուրիշի երկրում ես երբեք ինձ այսքան հպարտ չեմ զգա… Անկախությունը երևի յուրաքանչյուրիս փոքրիկ հաղթանակներն են:

Պատերազմից հետո՝ մայիսին, ծնվեց դուստրս՝ Անահիտս… Ես չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել նրա հետ, բայց մի միտք ինձ սփոփում է՝ ես հսկում եմ նրա խաղաղ քունը… Ինձ համար սա է անկախությունը…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ազգային բանակ


23/09/2016