Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՄԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ
ԱՐՄԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

ԱՐՄԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸԱրմեն Ճենտերեճյանին, մեր թերթի նախկին լուսանկարչին, կարծում եմ, մեր ընթերցողները չեն հասցրել մոռանալ: Նա մեկ տասնամյակից ավելի աշխատել է «Հայ զինվորում» և հազարավոր լուսանկարներով պատմել մեր բանակի առօրյայի մասին: Նա մեր բանակի անցած ճանապարհի վավերագիրներից մեկն է:

Ես «նախկին» բառը շատ դժվարությամբ եմ գրում: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ նա իր գործի վարպետն էր. նրա լուսանկարներից շատերը զարդարել են մեր թերթի շապիկը և համընդհանուր հավանության արժանացել: Տասնյակ անգամներ եմ նրա հետ գործուղումների մեկնել և տեսել, թե ինչ սիրով է լուսանկարում դիրքապահ հայ զինվորին ու սպային: Իր ուզած «կադրը» ստանալու համար նա կարող էր ժամերով անտրտունջ չարչարվել: Եվ ինչքան էր ուրախանում, երբ լուսանկարը հաջողվում էր: Իրեն բնորոշ բացառիկ աշխատասիրությամբ և լուսանկարչին հատուկ դիտողականությամբ նա անցավ սիրողականի սահմանը և լուսանկարչություն կոչվող այս անչափ հետաքրքիր մասնագիտությունը՝ ի դեմս Արմեն Ճենտերեճյանի, ունեցավ իր արհեստավարժին: Սիրողական եմ ասում, որովհետև Արմեն Ճենտերեճյանը մասնագիտությամբ երաժիշտ է, ջութակահար, այն էլ՝ անվանի: Նա հայտնի անուն է ոչ միայն հայրենիքում, այլև՝ սփյուռքում: Շուրջ մեկ տասնամյակ և ավելի նա սփյուքում կրթել է հարյուրավոր հայ պարմանի-պարմանուհիների, նրանց հաղորդակից դարձրել հայ դասական և ժամանակակից երաժիշտների ստեղծագործություններին… Ընթերցողները հաստատ կհիշեն Ճենտերեճյան զույգ եղբայրների համերգները, հեռուստատեսային ելույթները… Այնպես որ, թույլ տվեք զինընկերջս մաեստրո անվանել…

Նորերս մեր երեկվա զինընկերը սփյուռքում ծավալած իր մանկավարժական անուրանալի ծառայությունների համար Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի կոնդակով արժանացել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

«Հայ զինվորի» հյուրասրահում ճանաչված ջութակահար Արմեն Ճենտերեճյանն է:

 

– Պարոն Ճենտերեճյան, ուրախությամբ իմացանք, որ Սփյուռքում և հատկապես Հալեպի ու Բեյրութի Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցներում Ձեր բերած կարևոր նպաստի համար Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի կոնդակով Դուք պարգևատրվել եք «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ այս հիշարժան իրադարձության կապակցությամբ:

– Շնորհակալ եմ: Անկեղծորեն շնորհակալ եմ, Սամվել ջան: Բայց կուզեի մեկ շտկում անել. այս բարձր պարգևին արժանացել է նաև եղբայրս` Աշոտ Ճենտերեճյանը: Ես հպարտ եմ այդ պարգևի համար: Բայց ես հպարտանալու էլի առիթներ ունեմ՝ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել եմ պատվոգրով, «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով: Ի դեպ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի հանձնման արարողության ժամանակ հատուկ նշվեց ազգային բանակում իմ ծառայության մասին, նաև այն մասին, որ Աշոտը Արցախի պետական կամերային նվագախմբի հիմնադիրներից է եղել… Պարզապես «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը իմ և Աշոտի երբևէ ստացած ամենաբարձր պարգևն է և ամենաթանկը: Բարձր, որովհետև առաջինն է ու միակը, իսկ թանկ, որովհետև գնահատվեց սփյուռքում մեր կատարած աշխատանքը, և պարգևատրվեցինք անձամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի կողմից` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մայրավանքում: Շքեղ արարողակարգ էր կազմակերպվել… Ականջներումս մինչև հիմա էլ Արամ Ա. Կաթողիկոսի` արարողակարգի ժամանակ ասված բառերն են. «Քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ կողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Մայրավանքեն ներս…»:

ԱՐՄԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ– Առհասարակ նման բարձր պարգևները թե՛ Հայրենիքում և թե՛ նրա սահմաններից դուրս շնորհվում են բացառիկ ծառայությունների համար…

-Մեր համագործակցությունը Սփյուռքի հետ երկար պատմություն ունի. շուրջ տասնհինգ տարի ես և եղբայրս մանկավարժական գործունեություն ենք իրականացնում Հալեպում և Բեյրութում` երաժշտություն ուսանելով հայ երեխաներին: Եվ մեր աշխատանքը կատարել ենք պատվախնդրությամբ` նրանց մեջ սեր  արթնացնելով դեպի հայկական և համաշխարհային դասական երաժշտությունը: Նրանցից շատերն այսօր վարպետ ջութակահարներ են: Նրանցից շատերն այսօր աշխատում են եվրոպական մի շարք երկրների հայտնի նվագախմբերում, ոմանք ուսանում են Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում, ինչպես նաև այլ երկրների երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մեր սաների հետ կապը շարունակվում է նաև այսօր: Գոնե շաբաթը մեկ զանգահարում են, իսկ դա նշանակում է, որ մենք գոնե յոթ օրվա մեջ երկու ուսանողի հետ զրուցում ենք, աշխատում:

Մանկավարժությունը ես նմանեցնում եմ այգեգործությանը: Ինչպես տնկած շիվը աճելով, ծիլ տալով` մեծագույն բավականություն է պատճառում այգեգործին, այդպես էլ մանկավարժն է ուրախանում, աշխարհով մեկ լինում, երբ իր սանն է հասնում որոշակի բարձունքների: Դա մեծագույն երջանկություն է: Սփյուռքում մեր մանկավարժական գործունեության վերջին հինգ տարիների ընթացքում ես և Աշոտը պատվով իրականացրել ենք «Բարսեղ Կանաչյան» վարժարանի տնօրինությունը, որը մեր ծննդյան 64-րդ տարեդարձի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում նշել էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այդ բացառիկ ուշադրության համար ուզում եմ իմ անչափ սիրելի ու պաշտելի «Հայ զինվոր» թերթի միջոցով մեր անսահման երախտագիտությունը հայտնել մշակույթի նախարարությանը` ի դեմս Հասմիկ Պողոսյանի:

– Հինգ տասնամյակից ավելի կատարողական բեմական աշխատանքի մեջ  եք: Եվ, եթե չեմ սխալվում, «Ճենտերեճյան եղբայրներ» դուետը մշտական գործող միակ դուետն է եթե ոչ աշխարհում, գոնե Եվրոպայում:

– Իսկապես: Յոթ տարեկանում առաջին անգամ ձեռքս ջութակ վերցրի, ու մինչ օրս այդ գործիքն իմ անբաժան ու անդավաճան ընկերն է: Այո՛, հիսուն տարի կատարողական բեմական աշխատանքի, 46 տարի էլ` մանկավարժության մեջ եմ: Տասնութ տարեկանում ընդունվեցի Կոնսերվատորիա և սկսեցի երաժշտական դպրոցներում դասավանդել: Քիչ չէ, մի ամբողջ կյանք…

Իմ իմացությամբ էլ, մեր դուետը մշտական գործող միակ դուետն է գոնե Եվրոպայում: Նեղ ուղղվածության միակ դուետը: Ասենք, եթե ԱՄՆ-ում, Կանադայում նման դուետ լիներ, մենք, կարծում եմ, լսած կլինեինք: Երկու ջութակի համար գրված մի քանի տասնյակ ստեղծագործություններ, սկսած Վերածննդի շրջանից, առաջինը մենք ենք կատարել Հայաստանում: Մեր ժամանակակից` հայ, չեխ, գերմանացի, կանադացի հեղինակներ շուրջ 40 ստեղծագործություն են գրել հատուկ մեզ համար: Մեր երգացանկում մոտ 80 հեղինակի ավելի քան 300 ստեղծագործություն կա: Պետք է հատուկ նշեմ հայ կոմպոզիտորների շատ վառ, շատ խորունկ ստեղծագործությունները՝ Էդվարդ Հայրապետյանի երկու ջութակի համար գրված  սոնատը, Էրիկ Հարությունյանի, Էմին Արիստակեսյանի, Էդիկ Սադոյանի սոնատները…

ԱՐՄԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ-Պարոն Ճենտերեճյան, ենթադրում եմ, որ Դուք քաջատեղյակ եք Սփյուռքի մեր գաղթօջախներում տիրող վիճակի մասին: Հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞վ է ապրում հայկական հոծ համայնքը:

– Հայը կամ ինչպես տեղացիներն են ասում՝ էրմենին, ուրիշ տեսակ է. նա այդ երկրի հարգարժան քաղաքացին է: Խոշոր ֆինանսիստներ ունենք, որոնք շատ մեծ ու լուրջ ներդրումներ են անում երկրի տնտեսության մեջ, հայկական համայնքի գոյատևման ու զարգացման հայապահպան ծրագրերում: Համայնքը նաև այս ներդրումների շնորհիվ է գոյատևում: Թեպետ քանակապես նվազում է, ինչը ուզես, թե չուզես, բերում է որոշակի խնդիրների: Տարիներ առաջ, հայահոծ Բուրջ Համուդ թաղամասում հազվադեպ օտարի կտեսնեիր: Հիմա իհարկե պատկերը ցավալիորեն փոխվել է: Բեքքայի հովտում չորս կողմից մահմեդական գյուղերով շրջապատված ԱՅՆՃԱՐ անունով հայաբնակ գյուղ կա: Կարծեմ՝ բացառապես ՄՈՒՍԱԼԵՌԻՑ գաղթածներով բնակեցված: Դեպի Սիրիա տանող լեռնալանջին փռված, ամբողջովին կանաչի մեջ կորած՝ մի չքնաղ օազիս է Այնճարը: Մայր հայրենիքից դուրս դա միակ բնակավայրն է, որը բնակեցված է բացառապես հայերով: Շատ աշխատասեր մարդիկ են, առավոտից իրիկուն իրենց բան ու գործին են, արևածագից մինչ ուշ մայրամուտ մեղվի պես բանում են: Այնտեղի կանաչը, շքեղությունը, այնճարցիների արարելու ձգտումն ու  եռանդը ուղղակի ապշեցնում են: Որ բակը մտնում ես՝ մաքուր, կոկիկ, հավաքված, բնակարանները խնամված, մարդիկ էլ` նյութապես ապահովված:

Այսօր, ցավոք, Լիբանանից շատ են գաղթում: Սիրիայի օրինակը դժբախտաբար անդրադառնում է Լիբանանի հայության վրա. գաղութը դատարկվում է: Սակայն այն շերտը, որ դեռ մնում է, շատ սիրված ու զորավոր է այդ պետության մեջ, երկրի քաղաքացիների մեջ: Նկատել եմ. վերևի շերտում հայերն ամենևին էլ չեն դիտվում որպես ազգային փոքրամասնություն: Հայերի գաղթը Լիբանան 100 տարվա պատմություն ունի, և այդ հարյուր տարվա մեջ հայերը այնտեղ ապրող շատ ազգությունների մեջ երևի թե ամենամեծ վաստակն ունեն պետականաշինության մեջ, այդ երկրի արվեստների ու արհեստների զարգացման մեջ: Երեսփոխաններ ունենք Լիբանանի խորհրդարանում, նախարարներ ու զինվորականներ ունենք, որոնց թվում՝ երեք գեներալ: Գարնանը Լիբանանում ունեինք պաշտպանության հարցերով պետնախարար` Փանոս Մանջյանը, որին տեղի հայերը զորավար էին կոչում: Պետական կառավարման ոլորտում ունենք շատ մեծ կշռով մարդիկ, որոնք էական դերակատարում ունեն երկրի քաղաքական-հասարակական կյանքում: Նաև հենց այս երևելի հայորդիներով է պայմանավորված լիբանանահայության նկատմամբ տեղացիների ակնհայտ հարգալից վերաբերմունքը: Անկասկած, շատ մեծ հեղինակություն է ԱՐԱՄ ՎԵՀԱՓԱՌԸ:

– Գիրք կարդալու ժամանակ ունենո՞ւմ եք:

– Պարտադիր ամեն օր կարդում եմ: Սակայն ընթերցանությունս համակարգված չէ: Կարդում եմ, ինչ ձեռքս ընկնում է: Ցավում եմ, որ իմ սերունդը Մուշեղ Իշխանի գրականության հետ ծանոթացավ արդեն քառասունն անց` ձևավորված աշխարհայացքի տարիքում: Ինչ-ինչ պատճառներով արգելված գրականություն էր հորեղբորս գրականությունը, որը պետք էր կարդալ 14-15 տարեկանում: «Հայոց լեզուն տունն է հայուն, Աշխարհի չորս ծագերուն…»:

Ամենածանրաբեռնված օրս անգամ «Աստվածաշնչից» կամ էլ «Մատյան Ողբերգությունից» գոնե մի էջ պիտի կարդամ:

– Հարգելի ընկեր, քանի որ մեր զրույցը կայացավ Անկախության հոբելյանական` 25-ամյակի տարեդարձի շեմին, կխնդրեի պատասխանեիք իմ վերջին հարցին. ի՞նչ է անկախությունը Ձեզ համար:

-ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ… Սրանք ինձ համար բացարձակ արժեքներ են, իսկ Անկախության օրը` ամենասպասված, ամենասիրելի ու պաշտելի տոներից մեկը: ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

մայոր