Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ



ԵՌՈՒԶԵՌ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ

Հանրապետությունում ընթացող գարնանային զորակոչը թեւակոխել է ավարտական փուլ։ Զինկոմիսարիատներում աշխատանքային եռուզեռ է. զինվորական կոմիսարից մինչեւ տեսուչ մեկ մարդու պես լծված են զորակոչի առաջադրանքը ժամանակին եւ ճշգրտորեն կատարելու խիստ կարեւոր գործին։ Արմավիրի զինկոմիսարիատի բակը գնալով ավելի մարդաշատ է դառնում։ Զինակոչիկները ծնողների, հարազատների, ընկերների ուղեկցությամբ շտապում են զինկոմիսարիատ, որտեղ նրանք կանցնեն վերջին բուժզննումը եւ կճանապարհվեն կենտրոնական հավաքակայան։ Զինվորական կոմիսար գնդապետ Գագիկ Կարապետյանին հանդիպեցինք զորակոչային բաժանմունքի պետ փոխգնդապետ Վյաչեսլավ Ղազարյանի աշխատասենյակում։ Փորձառու զինկոմը եւս մեկ անգամ ուշադիր թերթում էր զինակոչիկների անձնական գործերը` իր ստորագրությամբ ու կնիքով վերջնականապես հաստատելով զինակոչիկի պիտանիությունը պարտադիր զինվորական ծառայությանը։

-Այսօր երեք տասնյակից ավելի պատանի ենք ճանապարհում բանակ։ Զորակոչը ընթանում է գրաֆիկին համապատասխան եւ ըստ ժամանակացույցի։ Ամեն ինչ արվել է` հերթական զորակոչը հաջողությամբ անցկացնելու համար,- վստահեցնում է գնդապետ Կարապետյանը։

Իսկ զինկոմիսարիատի զորակոչի ընթացքը համակարգող զորակոչային բաժանմունքի պետ փոխգնդապետ Ղազարյանի աշխատանքային հեռախոսը չի լռում.

-Երեխան թող գա, որ ուղեգիր ստանա, գնա աչքի հիվանդանոց,- հորդորում է փոխգնդապետը։

-Հասկացեք, ձեր երեխան բուժզննումը անցնելիս գանգատվել է կոկորդի ցավից, հետեւաբար, նրան չենք կարող այսօր ուղարկել։ Մինչեւ չունենանք վերջնական բուժզննման դրական եզրակացությունը, ձեր տղային բանակ չենք տանի,- հաջորդ հեռախոսազանգին է պատասխանում նա, ապա ընկալուչը վայր դնելով` զեկուցում զինվորական կոմիսարին, որ զինակոչիկ Վանիկ Մկրտչյանի հայրը պնդում է, որ որդին պատրաստ է մեկնել բանակ։

Արմավիրի զինկոմիսարիատը վերջին տարիներին, հատկապես գնդապետ Գ. Կարապետյանի գլխավորությամբ, հաջողությամբ է կատարում զորակոչի առաջադրանքը, մշտապես դասվելով լավագույնների շարքը։

Գնդապետ Կարապետյանը ծառայությունը սկսել է 1990 թվականից` նախ անդամագրվելով Հատուկ գնդի Արմավիրի վաշտին, ապա նոր կազմավորվող մոտոհրաձգային գումարտակին, որի հրամանատարը ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն էր։ Գ.Կարապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի սահմանների պաշտպանության եւ բռնազավթված տարածքների ազատագրման համար մղված մարտերին, երկու անգամ՝ Լաչինի եւ Օմարի գրավման ժամանակ վիրավորվել եւ ապաքինվելուց հետո կրկին վերադարձել շարք։ Ծառայել է սահմանամերձ տարբեր զորամասերում, Արմավիրի երկրապահ կամավորների միության բաժանմունքի նախագահն է։

ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԸ

– Այս զորակոչի ընթացքում արդեն տասնյակ զորակոչիկներ ենք ուղարկել հետազոտման։ Նրանց շրջանում հիմնականում հանդիպող հիվանդություններն են հարթաթաթությունը, ոսկրամկանային համակարգի հետ կապված շեղումները, կոնքի ծռումները, հանդիպում է նաեւ ողնաշարի սկոլիոզ,- մեզ հետ զրույցում ասաց բժշկական հանձնաժողովի ավագ բժիշկ վիրաբույժ Բաղդասար Փոդրատչյանը։

Ջրաշենցի Համլետ Ավետիսյանը կրկնակի բուժզննում է անցել հանրապետական հիվանդանոցի քիթ-կոկորդ բաժանմունքում, մաշկային դիսպանսերում, ապա կենտրոնական բժշկական հանձնաժողովում զննվելուց հետո ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար։

Հուշակերտցի Վիգեն Մխիթարյանը վնասվածքի պատճառով զինկոմիսարիատի ուղեգրով հետազոտվել է Նորք-Մարաշի վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ այրվածքաբանության կենտրոնում, որտեղ ախտորոշումից հետո ճանաչվել է պիտանի շարային ծառայությանը։

Թերապեւտ Արթուր Դավթյանը զննում է արազափցի Ստեփան Ավետիսյանին։ Արտաքին օբյեկտիվ զննումը եւ լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ զինակոչիկի առողջական վիճակը համապատասխանում է նորմային, և Ստեփանը հանձնաժողովի կողմից ճանաչվում է պիտանի զինվորական շարային ծառայությանը։ Նրան ճանապարհելու էին եկել քեռին՝ Հովհաննեսը, որդու՝ Անդրանիկի հետ, հորեղբայր Միհրանը հորաքրոջ՝ Արսենուհու հետ։

– Ստեփանի ծնողները Հայաստանում չեն, աշխատում են հեռավոր երկրներից մեկում, ուստի չկարողացան գալ։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի, Ստեփանը նաեւ մեր երեխան է, եւ մենք այնպես կանենք, որ նա հնարավորինս քիչ զգա ծնողների բացակայությունը,.- ասաց հորաքույրը` գրկելով եւ համբուրելով եղբոր որդուն։

Զինակոչիկ Արման Մանուկյանը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում։

-Կծառայեմ, կգամ, հետո ուսումս կշարունակեմ, այս պահից արդեն կենտրոնացած եմ ծառայության վրա, վատ չէր լինի, եթե սահմանամերձ որեւէ զորամաս ընկնեի, սահմանապահի ծառայությունը ինձ դուր է գալիս` հետաքրքիր է եւ անչափ պատասխանատու,- ասաց Արմանը։

Զինակոչիկ Նվեր Աբգարյանին ճանապարհելու էին եկել հայրը, հորեղբայրը, ընկերները։ Նվերը նույնպես սովորում է ԵՊՀ-ում՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության եւ ազդանշանների բաժնում։ Ի դեպ` նրա ավագ եղբայրը՝ Նաիրին, որ արդեն մեկ տարի ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում, նույնպես սովորում է ԵՊՀ-ում` կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում։

– Ավագ որդիս երկրորդ կուրսն ավարտեց ու մեկնեց բանակ, ասաց` գնամ պարտքս կատարեմ, հետո գամ, հանգիստ խղճով սովորեմ,- ներկայացնում է հայրը,- երրորդ որդիս էլ՝ Մաթեւոսը, եկող տարի կհամալրի մեր բանակի շարքերը։ Առաջնեկիս ծառայության մեկ տարին լրացավ, միջնեկս է գնում բանակ։ Նա կդառնա մեկ տարվա ծառայող, փոքրս կգնա բանակ։ Ես վստահ եմ, որ որդիներս իրենց պարտքը ազնվորեն կկատարեն ու կվերադառնան։

Եվս մի քանի օր, եւ պատմության գիրկը կանցնի Հայաստանի Հանրապետության հերթական՝ երեսունիններորդ զորակոչը։ Տա Աստված, որ այս զորակոչն էլ լինի խաղաղության զորակոչ, եւ բանակ մեկնող մեր տղաներն էլ երկու տարուց ողջ, առողջ վերադառնան իրենց օջախները։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Բանակ և հասարակություն


06/07/2011