Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵԶԻՆՎԻՐ, ՈՐԴԻ՛Ս, ՈԳԵԶԻՆՎԻՐ



ՈԳԵԶԻՆՎԻՐ, ՈՐԴԻ՛Ս, ՈԳԵԶԻՆՎԻՐՀայաստանի գրողների միությանը հարող փոքրիկ պուրակում հավաքվել էին ռազմահայրենասիրական գրականությունը սիրող մի խումբ ընթերցողներ՝ մասնակցելու Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունը: Ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը սահմանել էր մրցանակներ արձակի, պոեզիայի, հրապարակախոսության, գրականագիտության ժանրերում:

Միջոցառումն սկսվեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով: Նա ներկաներին պատմեց պաշտպանության նախարարության և գրողների միության համատեղ ծրագրերի մասին և այդ համատեքստում կարևորեց ռազմահայրենասիրական գրական գործերին մրցանակներ շնորհելու նախաձեռնությունը, ինչը, գրողների միության նախագահի  կարծիքով, խրախուսում է ռազմահայրենասիրական գրական գործերի առատությունն ու բարձր որակը:  Բանաստեղծը չհամաձայնեց մամուլում հնչող այն տեսակետի հետ, որ ռազմահայրենասիրական թեման այսօր արդիական չէ, պահանջված չէ, և քիչ են Արցախյան պատերազմի, սպայի, զինվորի սխրանքի մասին պատմող գրական գործերը: Նա ասաց, որ հաճախ մարդիկ առանց կարդալու, առանց հետաքրքրվելու` պարզապես քննադատում են, մինչդեռ իրականում ռազմահայրենասիրական թեման շատ սրտամոտ է մեր արձակագիրներին ու բանաստեղծներին, նրանք ստեղծել և ստեղծում են ռազմահայրենասիրական թեմայով բազմաթիվ բարձրարժեք գործեր:

ՈԳԵԶԻՆՎԻՐ, ՈՐԴԻ՛Ս, ՈԳԵԶԻՆՎԻՐԱյնուհետև խոսեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը: Նա հիշեցրեց, որ բանակաշինության ակունքներում կանգնած զինվորականների հետ միասին նաև բազմաթիվ մտավորականներ են համալրել բանակի շարքերը, ինչպես, օրինակ, գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը և այլք, որոնք ծառայելով ՊՆ տեղեկատվության ոլորտում, մոտ լինելով բանակին, սահմանների  պաշտպանությանը, զինվորի և սպայի ամենօրյա սխրանքին, իրենց ստեղծագործություններով դարձել են բանակաշինության գեղարվեստական տարեգիրները:

Վարդան Ավետիսյանն ընթերցեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի ուղերձը Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության ամենամյա երկրորդ մրցանակաբաշխության կապակցությամբ: Շնորհավորելով մրցանակակիրներին և մրցանակաբաշխության կազմակերպիչներին` պաշտպանության նախարարը բարձր է գնահատում Արցախյան պատերազմի հերոսական դրվագները, մեր գոյապայքարի ոգին, հայոց բանակաշինության անցած ճանապարհը, հայ զինվորի ու սպայի սխրանքը գեղարվեստական բարձրարժեք գործերի նյութ դարձնելու`  արձակագիրների ու բանաստեղծների հանձնառությունը:  Նրա կարծիքով` ռազմահայրենասիրական թեման այն ուժն է, որը կարող է բարձրացնել սահման պահող զինվորի մարտական ոգին, մաքրել հասարակության բարոյական դաշտը, հուշել բարձր գաղափարներ ու վեհ արարքներ:

Այնուհետև սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը: Հատուկ մրցանակ հանձնվեց բանաստեղծ-ազատամարտիկ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին «Լույսի օրհնություն» գրքում Արցախյան ազատամարտին նվիրված բանաստեղծությունների համար:

ՈԳԵԶԻՆՎԻՐ, ՈՐԴԻ՛Ս, ՈԳԵԶԻՆՎԻՐԱրձակի ժանրում 1-ին մրցանակի արժանացավ Հրաչ Բեգլարյանը «Լոխ լավ ա» պատմվածքի համար, իսկ 2-րդ մրցանակը շնորհվեց Ժաննա Հակոբյանի «Չսպիացող հոգիների ցավը» գրքին, 3-րդ մրցանակը շնորհվեց  Հակոբ Հարությունյանի «Ծանրոց» պատմվածքին:

Պոեզիայի ժանրում 2-րդ մրցանակակիրը Կարինե Աշուղյանն էր` «Արծիվներ» բանաստեղծական շարքի համար, Ղուկաս Սիրունյանի «Պատերազմ» և Նորայր Գրիգորյանի «Նամակներ դիտակետից» բանաստեղծությունների շարքերը նույնպես արժանացան 2-րդ մրցանակի: 3-րդ մրցանակակիրներն էին Սամվել Կոսյանը ¥«Երկրապահները» բանաստեղծական շարք), Սամվել Մարգարյանը ¥«Հաղթակամար» բանաստեղծական շարք) և Նոնա Պողոսյանը ¥«Քառօրյա կանչ» բանաստեղծական շարք): Գրականագիտություն ժանրում մրցանակակիրը Պետրոս Դեմիրճյանն էր` իր «Արցախյան պատերազմը և գրականությունը» հոդվածով: Հրապարակախոսության ժանրում լավագույններն  էին Սամվել Բեգլարյանը «Արծիվները լեռներում են ապրում» և  Ալիխանե Մամեն «Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է» հոդվածներով: Խրախուսական մրցանակի արժանացան Էդվարդ Հարենցն ու Հրանուշը: Լիանա Մայիլյանին և Ելենա Ասլանյանին շնորհվեցին դիպլոմներ:

Մրցանակակիրները ասմունքեցին ներկաների համար, շնորհավորեցին միմյանց՝ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և հավատացրին, որ անկախության դժվարին ընթացքը մեզ անպայման խաղաղ ու արևոտ ափ է հանելու, քանի որ մենք կարողացել ենք հաղթել ամենակարևոր ճակատում` պաշտպանելով պատերազմական նվաճումներն ու դաստիարակելով հայրենասեր, քաջ ու ազատատենչ սերունդ` Հայաստանի վաղվա հույսը:

Միջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեց «Արմենի» պարի համույթը` իր ազգային-ռազմական պարերով:

Մրցանակաբաշխությունը եզրափակեց հատուկ մրցանակի արժանացած ազատամարտիկ-բանաստեղծ, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը. հեղինակի կատարմամբ «Հիսուս Քրիստոս» բանաստեղծությունը` Աստվածային սիրո, գթասրտության, ներողամտության ու տիեզերական գեղեցկության մասին՝ օրհնության ու աղոթքի պես պարուրեց ներկաների հոգիները:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Բանակ և հասարակություն


23/09/2016