Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ



«Պատերազմը  խելագարություն է, որը ստիպում է կասկածել  մարդու բանականությանը»:

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

 

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿՊատերազմը միայն  հակամարտող կողմերի զինվորների կռիվ չէ, որ զոհվում են, վիրավորվում մարտի դաշտում, պատերազմը նաեւ կորցրած, չապրած մանկություն է, երեխաներ, որոնք ծնվել են գերության մեջ ու իրենց վտիտ ուսերին տարել պատերազմի ողջ ծանրությունն ու դաժանությունը:

1988 թ հունիսի 22-ին  կազմավորվեց  ֆաշիզմի նախկին անչափահաս գերիների  միջազգային կազմակերպությունը, որն իր մեջ ընդգրկում էր նախկին խորհրդային հանրապետությունների այն քաղաքացիներին, որոնց մանկությունն անցել էր համակենտրոնացման ճամբարներում: Միջազգային այս կառույցն այսօր հրատարակում է «Судьба» թերթը եւ ունի իր  բաժանմունքներն  ԱՊՀ երկրներում:

Սեպտեմբերի 8-ին  ՀՀ վետերանների միավորումում միջոցառում էր՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի ճամբարներում անչափահաս գերիների միջազգային կազմակերպության հայկական մանաճյուղի կազմավորման 20-ամյակին: Միջոցառումն սկսվեց Վետերանների միավորման խորհրդի նախագահ, պահեստի գնդապետ Սիմոն Եսայանի ելույթով:

Գնդապետը խոսեց պատերազմի պատճառած դառնությունների, վնասների մասին, զուգահեռ շեշտելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում հայ ժողովրդի ծանրակշիռ ավանդը: Ներկայացնելով նախկին  անչափահաս գերիների հայկական բաժանմունքի գործունեությունը՝ նա նշեց նաեւ, որ մեր հանրապետությունում նրանք հավասարեցված են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և օգտվում են գործող բոլոր արտոնություններից: Միաժամանակ գնդապետը ցավով նկատեց, որ նրանց շարքերն էլ վետերանների պես  գնալով նոսրանում են. «Սկզբում 50 հոգի էին, այժմ մնացել են 13-ը: Այսօր ներկա են նրանցից  5-ը՝ Սերգեյ Թումասով, Նելլի Շիմշիրյան, Աննա Մազմանյան, Վարվառա Գրիգորյան, Աստղիկ Սաղայանց»:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿՎետերանների միավորման նախագահի տեղակալ, պահեստի գնդապետ  Միքայել Ստեփանյանը կարդաց ֆաշիստական Գերմանիայի նախկին անչափաս գերիների միության նախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Մախուտովի շնորհավորանք-ողջույնի խոսքը հայաստանյան բաժանմունքի 20-ամյակի  առիթով, ապա հանդես եկավ ելույթով, որտեղ հանգամանալից խոսեց համակենտրոնացման ճամբարների մասին: Ներկայացված թվերն ու փաստերն ավելի քան խոսուն էին: Նա պատմեց այն սարսափազդու ցուցանմուշների մասին, որոնք տեսել էր Բուխենվալդի թանգարանում, խոսեց անչափահաս գերիների կրած տառապանքներից. «Թվում է՝ պատերազմն ու երեխաները անհամատեղելի են, բայց նրանք էլ մեծերին հավասար համակենտրոնացման ճամբարներում տարան սով, ցուրտ, ցավ, հարազատի կորուստ ….»:

Նելլի Շիմշիրյանը, որ  բոլորովին վերջերս է նշանակվել նախկին անչափահաս գերիների հայկական բաժանմունքի ղեկավար (մինչ այդ Նինա Հակոբյանն էր ղեկավարում), եւս անցել է այդ թոհուբոհով.

-Մանկությունս  ռումբերի տակ է անցել: Ճիշտ է, մենք հենց համակենտրոնացման ճամբարում չէինք գտնվում, այլ գերմանական գյուղերից մեկում, բայց բաժնեկից էինք բոլոր այդ տառապանքներին: Հայրս պատերազմում էր, ես մորս հետ էի: Երբ պատերազմն ավարտվեց, 8 տարեկան էի, հիշում եմ՝ շուրջբոլորը  ուրախություն էր, խինդ ու ծիծաղ,  գերմանացիները իրենք էլ ուրախ էին, որ վերջապես պատերազմն ավարտվել է…

Նելլի Շիմշիրյանը շուտով մեկնելու է հերոս քաղաք Բրեստ՝ մասնակցելու համաժողովի, որին ներկա են լինելու ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև Գերմանիայի դեսպանը:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿԻ դեպ, նախկին անչափահաս գերիների հայկական բաժանմունքում  միայն հայեր չեն, ուկրաինացիներ էլ են եղել, հրեաներ, ռուսներ, բելառուսներ:

Աննա Մազմանյանը  Վորոնեժից է: Նա 10 ամսական էր , երբ  ծնողների հետ տարվել է Գերմանիա: Ճամբարում անցկացրած կյանքի մասին հիշում է մոր պատմածներից: Աննայի  ամուսինը հայ է. «Հայաստանը դարձել է իմ երկրորդ հայրենիքը»,- խոստովանում է Աննան և բարձրաձայնում իր ամենամեծ ցանկությունը՝ թող աշխարհի բոլոր երեխաները խաղաղության մեջ ապրեն, թող  թեկուզ սեւ, չոր հաց ուտեն, միայն թե խաղաղ ու անամպ երկնքի տակ:

Մանկավարժ Աստղիկ Սաղայանցն էլ մանկությունից  ծվեններ է հիշում: 2,5 տարեկան է եղել: Ապրել են Ավստրիայի  Ռիդ քաղաքում. «Երբ պատերազմն ավարտվեց, ում տանը որ մենք հանգրվանել էինք, լավ մարդիկ էին, ասում էին՝ մնացեք այստեղ: Հայրս Արեւմտան Հայաստանից էր, Վանից  ու գիտեր՝ ինչ է նշանակում կորցրած երկիր ունենալը , մերժեց ՝  չէ, պիտի գնամ հայրենիք. ամեն մարդ իր հողում է ուժեղ… Մեր գերմանացի տանտերերի  հետ նկարներ ունենք, որ մինչ օրս էլ երկյուղածորեն պահում եմ: Փորձել եմ նրանց գտնել, բայց ցավոք՝ ապարդյուն: Շատ-շատ  կցանկանայի կապ հաստատել այդ մարդկանց ժառանգների հետ, տարիների հեռվից նաեւ շնորհակալություն հայտնել»:

♦♦♦

Պատմում են նրանք իրենց մանկությունից ու նրանց աչքերի մեջ տխրությունն է թանձրանում: Ամեն մեկի պատմությունը, ապրած կյանքը մի առաձին վեպի կամ վիպակի նյութ է, որը հենց այսպես էլ երեւի կվերնագրվեր՝ «Մանկություն չունեցող մարդիկ»…

Պատերազմի երեխաները, ովքեր խաղալիքով խաղալու փոխարեն իրենք էին դարձել ժամանակի խաղալիքը…

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

Շառլ Ազնավուր.

 

«Պատերազմի երեխաները»

 

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Նրանք քարի,

Երկաթի ու արյան տարեկիցն են:

Մայրերի արցունքների տակ են

Նրանք իրենց աչքերը բացել,

Անխորհուրդ օրերի

Ու կրակված աշխարհի վրա են

Իրենց աչքերը բացել:

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Նրանք աշխարհը ճանաչել են

Կրակված ու արյունոտ:

Նրանք ցնորվել են`

Սրելու համար իրենց ատամները,

Եվ գերեզմանները

Մանկապարտեզի տեղ են ընդունել:

Ամպրոպի եւ անորոշ օրերի

Այս երեխաները,

Որոնց դեմքերը քաղցից

Փոս էին ընկել,

Վաղաժամ ծերանում էին

եւ անտերունչ մեծանում,

մեծանում էին առանց ժառանգության,

որ պետք է նրանց շնորհի սերը:

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Նրանք տեսել են, թե ինչպես է

Բարկությունը խեղդում իրենց երգը,

Նրանք սովորեցին լռել

Ու սեղմել բռունցքները,

Երբ խաբեբա ձայները

Նրանց թելադրում էին իրենց ճակատագիրը:

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Իրենց հպարտ կեցվածքով

եւ շատ մեծ աչքերով

նրանք տեսել են թշվառություն,

որը թաղել է նրանց եռանդը,

Տեսել են իրենց գարունը

Խեղդող օտար ձեռքեր`

Մանկություն չտեսած այս երեխաները,

Ուրախությունից զուրկ այս երիտասարդները,

որ անպաշտպան դողում են

կարիքից ու ցրտից,

որոնք դիմանում են զրկանքին

եւ լռեցնում են իրենց հույզը,

բայց ապրում են հույսով`

ինչպես դու եւ ես:

Թշվառության սիրեկանները,

Դժբախտության սիրեցյալները,

Փոփոխուն երազներին

Առանձնահատուկ սիրով փարվածները,

Որոնք լույս են փնտրում,

Բայց վախենում են,

Որովհետեւ

Պատերազմի սիրեկանները

Երեխա մնացին:

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ճակատագրեր


14/09/2016