Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ ՊԱՆԹՈՒՐԱՆԻԶՄՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ ՊԱՆԹՈՒՐԱՆԻԶՄՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ ՊԱՆԹՈՒՐԱՆԻԶՄՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆԸՀարութ Սասունյան

 

Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համալսարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:

Պրոֆ. Ռիչարդ  Ռուբինշտեյնը, իր՝ «Հայոց ցեղասպանությունը որպես ջիհադ» զեկույցում, հայերի զանգվածային սպանությունները վերագրում է քրիստոնյաների դեմ իսլամական մոլեռանդությանը: Սա հաճախ թյուրըմբռնված թեմա է նույնիսկ հայերի կողմից, որոնք հպարտությամբ հայտարարում են՝ առաջին ազգն են, որ քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին: Այս թյուրըմբռնման հիման վրա ստեղծվել է մի ամբողջ բանահյուսություն, որ հայերը նահատակվել են իրենց հավատքի համար և կրոնափոխությունը մերժելու պատճառով: Հաշվի առնելով ներկայիս հակաիսլամական մոլուցքը Միացյալ Նահանգներում և այլուր, որոշ մարդիկ ապակողմնորոշվում են այս սխալ պնդումներով:

Պրոֆ. Ռուբինշտեյնն իր ելույթն սկսում է սխալ հիմնավորմամբ, երբ նկարագրում է մի զարհուրելի տեսարան Հոլիվուդում 1919 թ. նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմից, որը ցուցադրում է փայտե խաչերին գամված մի քանի մերկ հայ կանանց: Համարելով, որ «թուրքերը» մտադիր էին նման սարսափելի տեսարաններով որոշակի հակահայկական և հակաքրիստոնեական ուղերձ հղել, պրոֆ. Ռուբինշտեյնը սխալմամբ պնդում է, որ այդ ֆիլմը «չէր կարող նկարահանվել առանց թուրքական իշխանությունների ներգրավման և համաձայնության»:

Պրոֆ. Ռուբինշտեյնը Հայոց ցեղասպանության կրոնական շարժառիթի իր ենթադրությունները հիմնավորում է այն հանգամանքով, որ «Օսմանյան կայսրությունը կառավարվում էր որպես կրոնապետական (թեոկրատական) պետություն, որի գլխին կանգնած էր սուլթանը՝ միաժամանակ որպես պետության և սուննի մահմեդականների ղեկավար՝ խալիֆ, որպես այդպիսին՝ Մարգարեի իրավահաջորդ և իսլամի բարձրագույն պաշտպան»:

Պրոֆեսորը պնդում է Հայոց ցեղասպանության կրոնական պատճառական գործոնը՝ նույնիսկ հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանից մեջբերում անելուց հետո, որը հակասում է իրեն: Ըստ Տատրյանի՝ «Միություն և առաջադիմություն» կամ «Իթթիհադ» կոմիտեի անդամները, որոնք իշխանության եկան 1908 թվականին և կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, չեն եղել «իսլամի սկզբունքների» հետևորդներ… Մինչ «Իթթիհադը» շարունակում էր պետությունը ղեկավարել հիմնականում որպես կրոնապետություն, նրա առաջնորդները անձամբ աթեիստներ և ագնոստիկներ էին»: Դժվար է հավատալ, որ բարեպաշտ մահմեդականը կարող էր սպանել որևէ մարդ արարածի, չխոսելով արդեն միլիոնավոր մարդկանց մասին…

Պրոֆ. Ռուբինշտեյնն ընդգծում է իսլամի գլխավոր դերը թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի մեջ, թեև նա ընդունում է, որ «[Ռոնալդ] Սունին և այլ մասնագետներ պնդել են, որ արյունահեղ միատարրության հիմնական դրդապատճառը եղել է ազգայնականությունը, և կասկած չկա, որ մեծ դեր է խաղացել արմատական ազգայնականությունը»: Ռուբինշտեյնը անտեսում է պանթուրքական ազգայնականության հարցը՝ պնդելով, որ ««էթնիկ զտումների» ծրագրերի համար ամենակարևոր շարժառիթը եղել է կրոնական և, հատկապես՝ իսլամի որոշ ասպեկտների անփոփոխ բնության հետևանքը»:

Ցույց տալու համար, որ թուրք ղեկավարների նախագծերում հիմնական որոշիչ գործոնը եղել է կրոնը՝ պրոֆ. Ռուբինշտեյնը ասում է. «1914 թ. նոյեմբերի 2-ին Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և նրանց դաշնակիցներին: Նոյեմբերի 13-ին, օսմանյան սուլթանը՝ որպես խալիֆ, հանդես եկավ ջիհադի կոչով: Հաջորդ օրը, Մուսթաֆա Հայրի բեյը՝ շեյխ-ուլ-իսլամը, և Օսմանյան աշխարհում որպես սուննի կրոնական իշխանության առաջնորդ, պաշտոնական (և հրահրիչ) ջիհադ հայտարարեց «ընդդեմ անհավատների և իսլամի թշնամիների»: Ջիհադի գրքույկները արաբերենով բաժանվեցին նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի մզկիթներում, որոնք պարունակում էին գործողությունների մանրամասն ծրագիր «անհավատների» սպանության և բնաջնջման համար, բացառությամբ Գերմանիայի՝ պատերազմի ժամանակ կայսրության դաշնակցի քաղաքացիների: Մահվան ջոկատները և դրանց ղեկավարները «ոգևորված էին ջիհադի գաղափարախոսությամբ և եվրոպական ազգայնականության ազդեցությունը կրող պանթուրքիզմով»: Չնայած ջիհադի գործնական ազդեցությունը զանգվածների վրա սահմանափակ էր, «այն ավելի ուշ հեշտացրեց հայ ժողովրդի դեմ կառավարության իրականացրած ցեղասպանության ծրագիրը»:

Կրոնի փոխարեն, հայերի ոչնչացման առաջնային դրդապատճառ եղել է նրանց վերացումը որպես թուրքացման արգելակ և խոչընդոտ՝ մինչև Կենտրոնական Ասիա հասնող պանթուրանական կայսրության հաստատման թուրք ղեկավարների մեծ ծրագրի: Չնայած մահմեդական լինելուն՝ նաև բազմաթիվ քրդեր են սպանվել միայն այն պարզ պատճառով, որ նրանք թուրք չէին:

Քրիստոնյա հայերը երբեք խնդիր չեն ունեցել բարեպաշտ մահմեդականների և նրանց դավանանքի հետ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածներ ապաստան են գտել մահմեդականների մոտ՝ Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում: Հայերը լավ են հիշում Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիին, որը 1917 թ. հրաման արձակեց՝ պարտավորեցնելով մահմեդականներին պաշտպանել ցեղասպանության հայ վերապրածներին այնպես, ինչպես կպաշտպանեն իրենց սեփական ընտանիքները:

Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը…

Թարգմանությունը՝

Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ