Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՊԵԿԻՆԻ ՄԻՋԵՎ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՊԵԿԻՆԻ ՄԻՋԵՎ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՊԵԿԻՆԻ ՄԻՋԵՎ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄՍեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարների գագաթնաժողովն ազդարարեց աշխարհաքաղաքական իրավիճակի նոր փոփոխությունների մասին և ամրագրեց ուժային բևեռների վերափոխումը: Երկու տարվա ընդմիջումից հետո իր դիրքերն է վերականգնում Ռուսաստանը, Չինաստանը դառնում է աշխարհի լիարժեք առաջնորդներից մեկը, պակասել է եվրոպական երկրների հեղինակությունն ու միջազգային կշիռը:

Հօդս ցնդեցին պնդումները, թե Մոսկվան հայտնվել է աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ. երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ իր երկրի համար արդյունավետ հանդիպումներ ունենալ ոչ միայն մասնակից 19 երկրների ղեկավարներից 11-ի հետ, այլ նաև հրավիրված դիտորդների: Պարզ դարձավ, որ զարգացած երկրների «Մեծ յոթնյակ» ակումբն արդեն սպառել է իրեն, և համաշխարհային հարթակում «Մեծ քսանյակի» անդամ հանդիսացող ԲՌԻԿՍ-ի երկրները (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) դարձել են աշխարհի կարևորագույն կենտրոնները` իրենց տնտեսական զարգացման տեմպերով հետ գցելով եվրոպական երկրներին: ԲՌԻԿՍ- ին հակազդող միակ կենտրոնը շարունակում է մնալ միայն Միացյալ Նահանգները: Թեև գագաթնաժողովն իր բովանդակությամբ տնտեսական է, բայց կրկին մատնանշեց աշխարհի տնտեսապես զարգացած 20 երկրների միջև առկա աշխարհաքաղաքական և ռազմավարական տարաձայնություններն ու վերաձևումները:

Գագաթնաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ Վաշինգտոնն ունի նոր լուրջ մրցակից՝ ի դեմս Պեկինի: Միջոցառման ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը հանդես եկավ ոչ միայն իր երկրի շահերը ներկայացնող, այլեւ որպես համախշարհային առաջնորդ: Չինաստանը ստանձնել է այդ նոր դերակատարությունը Ռուսաստանի հետ բարիդրացիական և նույնիսկ` բարձր մակարդակի գործընկերային հարաբերությունների շրջանակներում, և Սի Ցզինպինն հասկացրել է գագաթնաժողովի մասնակիցներին, որ Պեկինը գնալու է աշխարհաքաղաքական նոր ձևաչափերի` համագործակցելով Մոսկվայի հետ: Նա մատնանշել է, որ «Հզոր Ռուսաստանի կողքին» պատրաստվում է պաշտպանել նաև իր պետականության ինքնիշխանությունը «ցանկացած արտաքին միջամտությունից»: Թեև Սի Ցզինպինը չի մատնանշել որևէ վտանգ, բայց պարզ է, որ Չինաստանի առաջնորդը նկատի ունի արևմտյան երկրների, և առաջին հերթին` ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը իր երկրի ներքին գործերին: Ակնհայտ է դառնում, որ Պեկինի համար ավելի նախընտրելի է Մոսկվայի ռազմական «անձրևանոցը», քան Վաշինգտոնի «պարտատոմսերը»: Միաժամանակ, Պեկինի կողմից փայփայվող «Չինական մետաքսե ճանապարհը» կարող է ունենալ նաև ռուսական ռազմական ներկայացվածություն: Այդ սերտ համագործակցությունն արդեն իսկ իրեն զգացնել է տալիս Սիրիայի հարցում, և թեև Չինաստանն անմիջապես չի մասնակցում այդ հիմնախնդրի լուծմանը, սակայն նրա կողմից աջակցությունը Մոսկվայի ջանքերին ակնհայտ է:

Թեև Միացյալ Նահանգները ընկղմված են նախընտրական եռուզեռի մեջ,  բայց սպասելի է, որ Վաշինգտոնում չեն հանդուրժի նոր մրցակցի և աշխարհաքաղաքական նոր կենտրոնի ուժեղացումը, մանավանդ, որ Չինաստանը վերջին տարիների ընթացքում բավական հաջող «զավթում» է ոչ միայն Աֆրիկայի, այլ նաև Հարավային Ամերիկայի շուկաները:

Չինաստանի աճող միջազգային դերակատարությանը զուգահեռ` պարզ է դառնում, որ կշարունակվի Եվրամիության հեղինակության անկումը: Կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Գերմանիան և Ֆրանսիան մեծ ջանքերի գործադրմամբ փորձում են պահպանել այն որպես համաեվրոպական իրականություն` հակազդելով ԵՄ նորեկ անդամներին: Վերջինների հակառուսական ընդգծված դիրքորոշումն արդեն իսկ լրջագույն ներեվրոպական խնդիր է դառնում: Որքան Բեռլինն ու Փարիզը փորձում են ստեղծել ԵՄ սեփական զինված ուժերն ու կենտրոնացված իշխանական համակարգը, այնքան նորեկ անդամները, մասնավորապես` Լեհաստանը և Ռումինիան, ռազմաքաղաքական նկատառումներով փորձում են Եվրամիությունը դարձնել ՆԱՏՕ-ի կամ Միացյալ Նահանգների ռազմավարական կցորդը: Եվ դա ազդում է նաև ԵՄ միջազգային վարկանիշի վրա:

Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ մյուս անդամներին` Հնդկաստանին և Բրազիլիային, ապա վերջիններս կշարունակեն տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ, բայց զգույշ կմնան որևէ լուրջ ռազմաքաղաքական գործընթացի մասնակցությունից, մանավանդ Բրազիլիան, որտեղ անցած ամիս պետական հեղաշրջման փորձ կատարվեց:

Այսպիսով, Հանչժոու քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը ազդարարեց աշխարհի ռազմաքաղաքական նոր իրավիճակ, որտեղ մի կողմում հայտնվեցին Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները, մյուս կողմում՝ Ռուսաստանն ու Չինաստանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ.լեյտենանտ