Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՅ, ԵՍ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ, ԲԱՐԵՎ
ՀԵՅ, ԵՍ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ, ԲԱՐԵՎ

Ծնվում ու ծնվելու են հերոսներ, որոնք հայրենիքի սահմանները անառիկ են պահելու։ Ծնվում ու ծնվելու են հանճարներ, որոնք հայի անունը փառավորելու են աշխարհով մեկ։ Ի հեճուկս բոլոր սխալների ու օրինաչափությունների։

Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՀՀ ժողովրդական դերասան

 

ՀԵՅ, ԵՍ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ, ԲԱՐԵՎ-Պարոն Սանթրոսյան, Ձեր ծննդյան 70-ամյա տարեդարձի շեմին լրանում է նաև Ձեր բեմական գործունեության 50-ամյակը. 50 տարի դուք պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում եք և 150 կերպար եք կերտել։

-150 կերպար… Չգիտեմ՝ դա քիչ է, թե շատ մեկ կյանքի համար, բայց մի բան հաստատ է՝ ես խորապես ապրել եմ այդ 150 ճակատագիրը, արյուն ու շունչ եմ տվել, որ նրանք կենդանանան, խոսեն մարդկանց սրտի հետ։

-Իսկ ո՞ր կերպարն է հուզել Ձեզ ամենից շատ, ո՞րն է ավելի մոտ եղել Ձեր սրտին:

-Վալերկան՝ Գենադի Մամլինի «Հեյ, ես քեզ հետ եմ, բարև» պիեսում։ Պիեսում ընդամենը երկու կերպար կար, երկուսի պատմությունն էր։ Միլիոնավոր մարդիկ երջանկություն են որոնում հարստության, փառքի, վայելքի մեջ ու… չեն գտնում, մնում են մենակ, չհասկացված, անսեր ու դժբախտ։ Մինչդեռ իրական երջանկությունը դեպի կողքիդ մարդը տանող ճանապարհին է, որ գնաս ու ասես՝ հեյ, ես քեզ հետ եմ, բարև։

-Դա այն է, ինչ անում էր Վալերկա՞ն։

-Այո՛։ Այսօր մարդը մարդուն չի սիրում, և մեր բոլոր ողբերգություններն սկսվում են դրանից։

-Հիշեցի Վիլյամ Սարոյանի հայտնի պիեսը՝ «Հեյ, ո՞վ կա, գոնե մեկն ու մեկը»։ Սրտակից մեկին գտնելու մարդու հավերժական կանչը այսօր էլ անպատասխան է մնում։

-Մեկին, որ կգա ու կասի՝ հեյ, ես քեզ հետ եմ, բարև… Ոչինչ ինձ այնքան չի հուզում, որքան արտագաղթը։ Ես սարսափում եմ այն մտքից, որ հայ մարդը հեռանում է իր հայրենակիցներից ու գերադասում է ապրել օտարների հետ։ Օտարների հետ իրեն ավելի պաշտպանված է զգում, որովհետև յուրայիններն իրեն քիչ են սիրել, կամ չեն սիրել առհասարակ։ Իսկ Հայրենիքի գաղափա՞րը։ Ո՞ւր մնաց Հայրենիքը։

-Ես ուրիշ բանից եմ վախենում՝ տգիտության, միջակության հաղթարշավից, որ տիրականորեն գրավում է մեր կյանքը, լցվում բոլոր ծակուծուկերը՝ գաղջ, ինքնանպատակ, մարտնչող… Դուք ժողովրդական դերասան Պարույր Սանթրոսյանի որդին եք, ավարտել եք գեղարվեստաթատերական ինստիտուտը և կարող էիք առանց որևէ արգելքի ճանապարհ հարթել Ձեզ համար, բայց որոշեցիք սովորել նաև պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, որ ավելի լավ մասնագետ դառնաք։ Ո՞վ է փոխարինելու Ձեզ, ո՞վ է լինելու վաղվա Հայաստանի մտավորականը, ովքե՞ր են մարմնավորելու վաղվա Հայաստանի իդեալները, ովքե՞ր են գաղափարներ հուշելու հասարակությանը, ովքե՞ր են մաքրելու բարոյական դաշտը։

-Այսօր դերասան դառնալ ցանկացող երիտասարդի երազանքը սերիալում խաղալն է, որպեսզի փող վաստակի և հանրահռչակ դառնա։ Իսկ սերիալներում կարելի է նկարվել նույնիսկ առանց մասնագիտական կրթության. էլ ինչո՞ւ գիրք կարդան, դաս սովորեն՝ զվարճանքներն ու էժան հաճույքները թողած։

-Ո՞րն է ելքը։ Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում։

-Բուհի ուսանող պետք է դառնան մարդիկ, ովքեր ցանկություն և համապատասխան մտավոր ունակություններ ունեն սովորելու։ Ուսումնառությունից հետո ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի՝ դերասանը պիտի խաղա, պարուհին պարի, լրագրողը գրի, ոչ թե՝ ով որտեղ ծանոթ ունի, այնտեղ խցկվի։ Ես դասավանդում եմ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Ուսանողներ կան, որոնք ընդհանրապես չեն սովորում, ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ են բուհ ընդունվել, հետո ի՞նչ են անելու։ Երբ ես ընդունելության քննություններ էի հանձնում գեղարվեստաթատերական ինստիտուտում, դասախոսներից մեկը, կարդալով ազգանունս, հետաքրքրվեց, թե ով է հայրս, ու երբ իմացավ, որ Պարույր Սանթրոսյանի որդին եմ, հարցրեց՝ ինչո՞ւ չէիր ասում, թե ում տղան ես։ Ի՞նչ կապ ունի՝ ում տղան եմ, վաղը հո հայրս իմ փոխարեն բեմ չի՞ բարձրանալու՝ զարմացա ես։

Երբեմն մեր հեռուստասերիալները նայելիս, ապշում եմ. լավ, ի՞նչ հաճույք եք ստանում էդքան աղբ, չարություն, ցավ, դաժանություն, կեղտ հրապարակ հանելուց։ Բա մեր երկրում մի լավ բան չկա, որ ձեզ ոգևորի։ Էս ժողովուրդը մեղք չէ՞։

-Վերջերս մի պարսկական ֆիլմ նայեցի՝ Քիոռոստամի «Որտեղ է ընկերոջ տունը»։ Ոչ ոք չէր կրակում, չէր դավաճանում, չէր բռնաբարում։ Ֆիլմը փոքրիկ տղայի մասին էր, որը դասի ժամանակ պատահմամբ վերցրել էր ընկերոջ տետրը, հետո բազում դժվարություններ հաղթահարելով որոնում էր ընկերոջ տունը մինչև ուշ գիշեր, որպեսզի վերադարձնի տետրը, որ ընկերը հաջորդ օրը ցածր գնահատական չստանա։ Այդպես էլ ընկերոջը չգտնելով՝ տղան ամբողջ գիշեր իր դասերը սովորելուց հետո կատարում էր նաև ընկերոջ տնային առաջադրանքները ու փրկում նրան ուսուցչի բարկությունից։ Սա էր սյուժեն։ Մի շնչով նայեցի։ Այնքան բարձրարվեստ գործ էր, հուզիչ, տպավորիչ, գեղեցիկ…

-Մշակութային քաղաքականությունը պիտի առաջնահերթություններ հուշի։ Ես կարծում եմ՝ մշակույթի նախարարը (կամ համապատասխան վարչության պետը) պիտի հրավիրի հայտնի դրամատուրգներին՝ լավագույններին, ու պատվիրի պիեսներ՝ հասարակությանը անհրաժեշտ թեմաներով։ Նույնը պետք է արվի արվեստի բոլոր ոլորտներում։ Այլապես որտե՞ղ պիտի իրացվի ազգային գաղափարախոսությունը, ինչպե՞ս պիտի ուղղորդվեն հասարակության մտածելակերպն ու բարոյականությունը, եթե ամեն ինչ թողնված է շուկայական հարաբերությունների տրամաբանությանը։

-Մանավանդ՝ մենք սիրում ենք ամենաբարձր ամբիոններից կրկնել, թե մեր ամենաուժեղ զենքը մարդկային ռեսուրսն է։ Իսկ այդ զենքը զորացնել չենք ուզում։

-Ու սուտ է, թե բարձր արվեստի պահանջարկը ցածր է մեր հասարակության մեջ։ Ես հիշում եմ, թե հանդիսատեսը ինչ մեծ խանդավառությամբ ընդունեց «Հրադադար» վերնագրով Արցախյան պատերազմի մասին բեմադրությունը։ Մենք՝  ես, Վիգեն Ստեփանյանը, մյուսները, փորձում ենք բացը լրացնել՝ պիեսների վերածելով հայ դասականների գործերը, որոնք, մեր կարծիքով, բարերար ազդեցություն կունենան պատանի հանդիսատեսի մտածելակերպի ու հուզաշխարհի վրա, կարթնացնեն բարի հույզեր, կհուշեն վեհ գաղափարներ, կմղեն ազնիվ արարքների։ Մեր հանդիսատեսը վաղվա զինվորն է, սպան, նախարարը, վարորդն ու բանվորը։ Վաղվա հայը։ Եվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, և թատրոնի ամբողջ կոլեկտիվը գիտակցում ենք մեր թատրոնի առաքելության կարևորությունը։

-Իսկ չկա՞ պետպատվեր։ Շատ լավ է, որ և՛ Հակոբ Ղազանչյանը, և բոլորդ մտահոգ եք պատանի հանդիսատեսի ներաշխարհն ու  գեղագիտական ընկալումները դաստիարակելու համար, բայց ես չեմ ուզում, որ մենք ապավինենք Ձեր անհատական հատկանիշներին, ես ուզում եմ, որ խնդիրը լուծվի պետականորեն, որ թատրոնները պարտավորված լինեն խաղացանկում ընդգրկելու ազգային գաղափարախոսության, ազգային արժեհամակարգի ամրապնդմանը միտված գործեր։ Վաղը Հակոբ Ղազանչյանի փոխարեն կգա մեկ ուրիշը, և միգուցե այլ նախասիրություններ կունենա։ Ի՞նչ է լինելու այդ ժամանակ:

-Ճիշտ եք ասում։ Բայց խաղացանկի կազմավորմանը մասնակցելու և, ասենք, ռազմահայրենասիրական թեմայով բեմադրություններ պատվիրելու համար մշակույթի նախարարությունը պետք է նաև հուշի, թե որտեղ պիտի գտնենք պիեսները։ Այսինքն՝ նախապես պիտի համապատասխան թեմայով պիեսներ պատվիրի դրամատուրգներին։ Այնքան բան կա, որ պետք է փոխել մեր երկրում։

-Հատկապես ի՞նչը Դուք կփոխեիք, եթե հնարավորություն տրվեր։

-Անորոշությունը՝ առաջին հերթին։ Ես կխոսեի մարդկանց հետ, կասեի՝ պետք է 5-10-20 տարի գոտին ձգել, դիմանալ զրկանքներին, բայց դրանից հետո ահա այսպիսի երկիր ենք ունենալու։ Սա մարդկանց ուժ կտար, հավատ ապագայի հանդեպ։

-Կիմաստավորեր զրկանքները՝ նպատակի տեսլականով։

-Հետո ես կփոխեի վերաբերմունքը մարդու հանդեպ։ Կողքինի արժանապատվությունը հարգելու, նրա ցավին հաղորդակցվելու, մարդուն արժևորելու ավանդույթը կձևավորեի։ Ես կհասկացնեի հատկապես երիտասարդներին, որ փողը, շքեղ կյանքը, լավ կրթությունը ոչ թե կողքինին ոտնահարելու իրավունք են, այլ առավել մարդասեր, զգաստ ու հարգալից լինելու պարտավորություն։

Եթե այս հարցազրույցը տեղի ունենար քառօրյա պատերազմից առաջ, գուցե ես ավելի մեղմ խոսեի մեր թերությունների մասին, բայց ապրիլյան դեպքերից հետո ես հավատում եմ մեր ահռելի բարոյական ներուժին, ավելի անզիջում եմ մեր  ձախողումների հանդեպ և վստահ եմ, որ պարտավոր ենք ավելի մեծ քայլերով առաջ գնալ։ Հայ ազգի ֆենոմենը հավերժորեն կենսունակ է։ Ծնվում ու ծնվելու են հերոսներ, որոնք հայրենիքի սահմանները անառիկ են պահելու։ Ծնվում ու ծնվելու են հանճարներ, որոնք հայի անունը փառավորելու են աշխարհով մեկ։ Ի հեճուկս բոլոր սխալների ու օրինաչափությունների։

-Պարոն Սանթրոսյան, շնորհակալություն զրույցի համար։ Մաղթում եմ, որ Ձեր 150 դերերին ավելանան շատուշատ նոր կերպարներ։ Ու թող երկար, շատ երկար մեր հոգիներում ալիքվի Ձեր հերոսի սրտառուչ կանչը. «Հեյ, ես քեզ հետ եմ, բարև»։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ