Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԻՉԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ...
ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԻՉԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ…

ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԻՉԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ...Վերջերս Երևանում լույս տեսավ  հայտնի  թուրք պատմաբան, ցեղասպանագետ, դոկտոր, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» վերնագրով գիրքը, որը 2014 թվականին թուրքերենով հրատարակվել էր Ստամբուլում: Այժմ գիրքը հասանելի է նաև հայ  ընթերցողին` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցների ջանքերի շնորհիվ և «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ: Գրքի թարգմանիչն է թուրքագետ, պ.գ.թ. Մելինե Անումյանը, իսկ խմբագիրը` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բ.գ. թ. Հայկազուն Ալվրցյանը: Մելինե Անումյանի հետ զրուցեցինք գրքում բարձրացված հարցադրումների և խնդիրների մասին:

 

– Թաներ Աքչամի գիրքը վերնագրված է «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում»:  Հեղինակն այն վերնագրել է ըստ գրքի երեք գլուխների բովանդակության: Խնդրում եմ, ընդհանուր գծերով ներկայացրեք դրանցում ամրագրված կարևոր մտքերը:

-Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ Թաներ Աքչամն այս մենագրության մեջ անդրադառնում է ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության ազդեցությանը թուրք հասարակության և, հատկապես, վերջինիս` իրեն առաջադեմ համարող հատվածի վրա: Առաջին գլխում խոսում է այն մեծ դժվարությունների մասին, որոնց հետ, հատկապես Հրանտ Դինքի սպանությանը նախորդող ժամանակաշրջանում, Թուրքիայում բախվում էր Հայոց ցեղասպանության հարցի անաչառ ուսումնասիրությամբ զբաղվել փորձող յուրաքանչյուր մտավորական: «Մի միայնության պատմություն կամ բորոտի պես շրջել սեփական երկրում». այսպես է նա բնորոշել իր վիճակը իր իսկ երկրում ցեղասպանության հարցով զբաղվել սկսելուց հետո: Նա փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ թուրք մտավորականները չէին ցանկանում անդրադառնալ Հայկական հարցին, և ընդգծում, որ «լռություն պահպանելու մասին լուռ պայմանագրի» այդ ժամանակաշրջանում Մեծ եղեռնի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները ենթարկվում էին ոչ միայն ազգայնամոլների և պետության սպառնալիքներին, այլև` իրենց առաջադեմ և ժողովրդավար համարող զանգվածի բացասական և անգամ՝ թշնամական վերաբերմունքին: Աքչամը գրքում շեշտում է, որ «Հրանտ Դինքին սպանողները պատճառ դարձան, որ հազարավոր լռություններ ճիչի վերածվեն…»:

Գրքի երկրորդ մասում, որպես առաջին գլխի տրամաբանական շարունակություն, Թաներ Աքչամը ներկայացնում է այն քննարկումները, որ մի քանի տարի առաջ ընթացան Թուրքիայում, երբ այստեղ տպագրվեցին օսմանյան բանակում ծառայած հայ կապիտան Սարգիս Թորոսյանի հուշերը: Վերջինիս գոյության փաստը բնականաբար չէր կարող ընդունելի լինել թուրք հասարակության համար, քանի որ պաշտոնական պատմագրությունը օսմանահպատակ հայերին միշտ ներկայացրել է որպես «դավաճանների, որոնք պատերազմի բովում հարվածել են թիկունքից»: Այնինչ Սարգիս Թորոսյանի օրինակից երևում է, որ հայերը ոչ միայն  ծառայել են օսմանյան բանակում, այլև սխրագործություններ են կատարել և արժանացել պատվոգրերի: Այսուհանդերձ, Թորոսյանի ընտանիքը ևս աքսորվել և սպանվել է, թեև, ըստ օրենքի, բանակում ծառայող հայ զինվորականների ընտանիքները ենթակա չէին տեղահանության: Ինչպես շեշտում է Աքչամը, Սարգիս Թորոսյանի վերաբերյալ Թուրքիայում ծավալված քննարկումների ամբողջ ընթացքում ոչ միայն ժխտվում էր հայ կապիտանի գոյության փաստն ընդհանրապես, այլ նաև անտեսվում էր նրա ապրած ողբերգությունը:

Ամենածավալուն՝ երրորդ գլխում, հեղինակը, հիմնվելով գրեթե բացառապես օսմանյան աղբյուրների և հատկապես կառավարության կողմից շրջաններ հղված հեռագրերի վրա, անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը հանդիսացող կրոնափոխ հայության հիմնահարցին:

ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԻՉԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ...-Գրքում նշվում է, որ ՄԱԿ-ի` Ցեղասպանության մասին կոնվենցիայի քննարկումների առաջին փուլում Լեմկինը պնդել էր, որ «մշակութային ցեղասպանություն» տերմինն ամրագրվի կոնվենցիայում, սակայն վերջնական տարբերակում այս եզրույթը հանվել է:

-Ինչպես Թ. Աքչամն է նշում, այնպիսի թյուր պատկերացում կա, թե իբր ցեղասպանությունն իրականացվում է զուտ ֆիզիկական ոչնչացմամբ: Այնինչ իրականում, ինչպես դա շեշտել է նաև գենոցիդ  (ցեղասպանություն) եզրույթը շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինը, ցեղասպանությունը մի որևէ էթնիկ կամ այլ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացումն է: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ բնաջնջումն իրականացվի միայն ֆիզիկապես: Ըստ Լեմկինի` ցեղասպանություն նշանակում է մի խմբի բնաջնջմանն ուղղված ֆիզիկական, կենսաբանական և մշակութային ոչնչացման տեխնիկաների կիրառում: Մշակութային ցեղասպանությունը կարող է նախաքայլ համարվել ֆիզիկական բնաջնջումից առաջ: Ինչպես նշում է Աքչամը, Լեմկինի այս առաջարկը հանվել էր Ցեղասպանության մասին կոնվենցիայի վերջնական տարբերակից, քանի որ մեծ տերությունները մտավախություն են ունեցել, թե կարող է մշակութային ցեղասպանություն համարվել նաև գաղութներում իրենց վարած քաղաքականությունը:

-Գրքում շեշտվում է նաև «բռնի ուծացում» և «բնական ուծացում» տերմինների տարբերակման կարևորությունը: Ինչի՞ն է հատկապես, ըստ Ձեզ, ընթերցողի ուշադրությունը ուզում ուղղել թուրք պատմաբանը:

-Բռնի ուծացումը մշակութային ցեղասպանության մի մասն է, քանի որ վերջինս ընդգրկում է նաև տվյալ խմբի հոգեմտավոր արժեքների` կրոնական ու կրթական հաստատությունների, և ամբողջ մշակութային ժառանգության ոչնչացումը: Աքչամն ընդգծում է, որ պետք է տարբերակում դնել նաև բնական ուծացման և բռնի ուծացման միջև, քանի որ բնական ասիմիլյացիան կարող է լինել երկարատև գործընթացի բնական հետևանք, իսկ բռնի ուծացումը կատարվում է կարճ ժամանակահատվածում և միտումնավոր կերպով:

Գրքի երրորդ գլխում հեղինակը շեշտում է, որ մինչ այժմ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրած գիտնականներն առավելապես կենտրոնացել են ֆիզիկական բնաջնջման վրա, քանի որ ընդհանրապես ցեղասպանագիտության մեջ ընդունված է որպես ցեղասպանության դասական օրինակ համարել Հոլոքոստը, որի ժամանակ բռնի ուծացում գրեթե չի կիրառվել: Այնինչ, ինչպես նշում է ցեղասպանագետը, անգամ Լեմկինը շեշտել է ցեղասպանության գլխավոր տարրերից մեկի` բռնի ասիմիլյացիայի մասին: Այսպիսով, Աքչամը հայերի կրոնափոխությունը և ուծացումը դիտում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարր` միաժամանակ ընդգծելով, որ Մեծ եղեռնն իրագործվել է նաև մեծամասշտաբ ֆիզիկական բնաջնջմամբ:

– Ինչպիսի՞ արժեք և նշանակություն կարող է ունենալ Թաներ Աքչամի այս գիրքը` Հայ դատի հետապնդման տեսանկյունից: Այսինքն` գրքում ներկայացված փաստերն ինչպե՞ս կարող են նպաստել հայկական հարցի արդարացի լուծմանը:

-Այս գիրքը կազմված է գրեթե բացառապես օսմանյան աղբյուրների, հատկապես այն հեռագրերի հիման վրա, որ Ցեղասպանության ամբողջ ընթացքում կենտրոնական կառավարությունը հղել էր Օսմանյան կայսրության շրջաններ և ստացել  պատասխանները: Այս առումով, մենագրությունը խիստ արժեքավոր փաստաթղթեր է պարունակում, որոնք բացահայտում են Հայոց ցեղասպանության և հայերի բռնի ուծացման համակարգված բնույթը: Ինչպես նշում է Աքչամը, մասնագիտական գրականության մեջ կարծիք է եղել, թե կրոնափոխությունը չի խրախուսվել և չի վերահսկվել կենտրոնական իշխանությունների կողմից, այլ միայն կատարվել է տվյալ շրջանի կառավարչի քմահաճույքով կամ նրա «բարեհաճությամբ»: Այնինչ, սույն հեռագրերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ երիտթուրք իշխանավորները և հատկապես Թալեաթը լիովին վերահսկել են կրոնափոխության ամբողջ գործընթացը` ժամանակ առ ժամանակ թույլ չտալով, որ կրոնափոխ հայերը մնան իրենց բնակավայրերում, քանի որ իթթիհադականների նպատակը եղել է հայերի որպես ժողովուրդ իսպառ ոչնչացումը: Աքչամն առանձին ենթագլխում անդրադառնում է նաև հայ երեխաների և կանանց բռնի ուծացման քաղաքականությանը` ընդգծելով, որ երիտթուրքերը հեռագրերում նշել են, որ այդ մանուկները ծնողազուրկ են դառնալու, և հարկ է նրանց ցրել որբանոցներում կամ մահմեդականների տներում` դաստիարակելով ըստ իսլամաթուրքական մշակույթի: Հեղինակը շեշտում է այս հարցում առկա և ցեղասպանագիտության համար խիստ էական դիտավորության փաստը, այսինքն` երիտթուրքերը փաստորեն  շատ լավ գիտեին, որ հայերին ստույգ մահվան են ուղարկում: Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը բռնի ուծացումը և կրոնափոխության դեպքերը համարում է Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրերից մեկը և իսլամացումը բացարձակապես չի դիտում որպես «փրկություն»: Նա նաև ընդգծում է, որ բռնի ուծացման ենթարկված հայ կանայք ու երեխաները ևս ոչնչացվել են` որպես էթնոս, և եթե փրկվել էլ են, ապա` զուտ ֆիզիկապես…

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր